ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-818-16.04.2024-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-818-16.04.2024-ԳԿ-011/0) (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում: 

Նախագիծը ենթարկվել է իրավական, ֆինանսատնտեսագիտական, սոցիալական փորձաքննության: 

Ստորեւ ներկայացվում է մասնագիտական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաեւ Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:





Իրավական փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ 22-րդ, 23-րդ եւ 24-րդ կետերով՝ Օրենքում լրացնելով այնպիսի նոր հասկացություններ, ինչպիսիք են՝ «Էլեկտրոնային գրադարան», «էլեկտրոնային հրատարակություն» եւ «մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն». նշենք, որ Նախագծում կամ Օրենքում նշված հասկացություններն ընդհանրապես չեն կիրառվում. արդյունքում ստացվում է՝ Նախագծով իրավական ակտում տրվում են նոր հասկացությունների սահմանումներ, որոնք չեն գործածվում տվյալ իրավական ակտում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 1-ին հոդվածում, որը վերաբերում Օրենքում կիրառվող հասկացություններին, նախատեսել այնպիսի հասկացություններ, որոնք կիրառվում են նույն Օրենքում՝ ապահովելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված հասկացությունների համապատասխանությունը Օրենքի 1-ին հոդվածի բովանդակությանը:

Բացի այդ նշենք նաեւ, որ Օրենքով եւ Նախագծով էլեկտրոնային գրադարնի վերաբերյալ կարգավորումների բացակայության պարագայում հասկանալի չէ, թե որքանով են գրադարաններին վերաբերող կարգավորումները (տեսակները, համակարգը, հավատարմագրումը եւ այլն) տարածելի նաեւ էլեկտրոնային գրադարանների վրա, ուստի առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները հստակեցնել՝ հիմք ընդունելով Օրենքով սահմանված կարգավորումները:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում լրացվում են նոր՝ 15-րդ եւ 16-րդ կետեր, որոնցով լիազորված պետական մարմինը՝ սահմանում է գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը եւ հաստատում է պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը: 

Նշենք, որ «գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիր» ձեւակերպումը միանշանակ չի ընկալվում, քանի որ Օրենքով դասակարգված չեն գրադարանային աշխատողների պաշտոնները, հետեւաբար Նախագծում եւ Օրենքում  գրադարանային աշխատողների պաշտոների դասակարգման վերաբերյալ դրույթների բացակայությունը կարող է հանգեցնել իրավական շփոթի: 

Բացի այդ նշենք նաեւ, որ օրենքով որեւէ իմպերատիվ պահանջ սահմանված չէ առ այն, որ գրադարանային աշխատողները ենթակա են պարտադիր ատեստավորման կամ սահմանված չեն ատեստավորման վերաբերյալ նվազագույն կարգավորումներ (ատեստավորման անցկացման պարբերականությունը, փուլերը եւ այլն): Օրենքի հստակությունն ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծով սահմանել նվազագույն կարգավորումներ պետական գրադարանային աշխատողների պաշտոնների եւ ատեստավորման վերաբերյալ, որպեսզի հասցեատեր սուբյեկտները կարողանան դրսեւորել համապատասխան վարքագիծ:

3. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվող  նոր 21.1-ին հոդվածի համարը վերնագրի տեքստից առաջարկում ենք բաժանել միջակետով՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, որի համաձայն՝ «Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով»: 

4. Նախագծի 4-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր 21.1-ին հոդված, որի 2-րդ մասի համաձայն՝ «Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում եւ վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում եւ այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո- ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում  գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում եւ այլն) թույլատրվում է  մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ՝ եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը»: Վերը նշված նորմից պարզ է դառնում, որ մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ գրադարանի տարածքում թույլատրվելու է իրականացնել սրճարանային գործունեություն, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը: Տվյալ դեպքում հարկ է նշել, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի համատեքստում սրճարանը հանդիսանում է հանրային սննդի օբյեկտ, որպիսի գործունեություն իրականացնելու համար ներկայացված են որոշակի պահանջներ, թույլտվություն ստանալու ընթացակարգ. տվյալ պարագայում հասկանալի չէ առաջնային ո՞ր թույլտվությունն անձը պետք է ձեռք բերի, ով է թույլատրելու գրադարանի տարածքում սրճարանային գործունեություն իրականացնելու համար.  բացի այդ հասկանալի չէ՝ սրճարանային գործունեությունը ինչպես կարող է համապատասխանել գրադարանի հիմնական գործունեության, այն է տեղեկատվական, մշակութային, գիտական եւ կրթական գործունեության հետ: Առաջարկում ենք վերը նշված կարգավորումը լրացուցիչ հիմնավորել եւ հստակեցնել:

5. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջը, այն է՝ «Օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի»:

Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի ուժի մտնելուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները կարող են խնդրահարույց լինել իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: 

Միաժամանակ, ներկայացված առաջարկությունների հիման վրա, անհրաժեշտ է ապահովել  Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին: 
 


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.04.2024թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ 

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԶԵՄՖԻՐԱ  ՀՈՎԱՍԱՓՅԱՆ 

Կատարող՝ Լ. Պետրոսյան (հեռ.` 011-513-248)

23.04.2024թ.






Ֆինանսատնտեսագիտական փորձաքննության արդյունքները

Նախագծով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն (լոֆթ) հասկացությունները, օրենքով ամրագրել արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, հաստակեցնել գրադարանների օգտագործման նպատակները, ինչպես նաեւ պետության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համար սահմանել լիազորող նորմ:

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան: 


Եզրահանգում

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների տեսանկյունից լրամշակման կարիք չունի:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                           ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ 

Կատարող՝ Գ.  Սաֆարյան  (հեռ.` 011 513-343) 

22.04.2024թ.





Սոցիալական փորձաքննության արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել լրացումներ եւ փոփոխություններ: 

Նախագծով առաջարկվում է՝ 

  • սահմանել «էլեկտրոնային գրադարան», «էլեկտրոնային  հրատարակություն» եւ  «մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն» հասկացությունները,
  • հստակեցնել գրադարանների օգտագործման նպատակները (գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային եւ հանգստի կազմակերպման նպատակով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ),
  • տնտեսական նպատակներով գրադարանի տարածքի օգտագործումը թույլատրել մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ, եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը,
  • Կառավարության լիազորած պետական մարմնին լիազորել ապահովելու արտերկրի գրադարաններում հայագիտական ֆոնդի համալրումը, հաստատելու պետական գրադարանային աշխատողների ատեստավորման կարգը, սահմանելու գրադարանային աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը եւ այլն:

2. Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 4-րդ հոդվածով  առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 21.1-ին հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն. «2. Գրադարանի տարածքի օգտագործումը տնտեսական նպատակներով (հուշանվերների պատրաստում եւ վաճառք, կրթական ծրագրերի իրականացում, գրքերի, պարբերական հրատարակությունների հրատարակում եւ այլ հրատարակչական գործունեություն, գրասենյակային թղթե պիտույքների պատրաստում ու իրացում, կինո- ու տեսաֆիլմերի, հեռուստատեսային ծրագրերի իրականացում, առեւտրային ցուցահանդեսների կազմակերպում, սրճարանային գործունեություն, թայմ-շեր ծառայությունների (որոշակի ժամանակահատվածում  գրադարանի գույքից օգտվելու իրավունքի ձեռքբերում), սպորտային, զվարճալի, մշակութային միջոցառումների համար տեղերի ապահովում եւ այլն) թույլատրվում է  մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ՝ եթե այն չի հակասում գրադարանի հիմնական գործունեությանը:»: Այսինքն, Նախագծով առաջարկվում է մշակույթի բնագավառում լիազոր պետական մարմնի համաձայնությամբ գրադարանի տարածքը օգտագործել տնտեսական նպատակներով, սակայն, Նախագծից պարզ չէ, թե գրադարանի տարածքը տնտեսական նպատակներով օգտագործելու արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներն ինչի համար են նախատեսվելու:

Գրադարանային միությունների եւ հաստատությունների միջազգային դաշինքի (IFLA) կողմից հրատարակված «Հանրային գրադարանների ծառայությունների զարգացման ուղեցույց»-ի համաձայն՝ գրադարանների շենքերը կարեւոր դեր են խաղում գրադարանային ծառայությունների մատուցման գործում: Դրանք պետք է նախագծված լինեն այնպես, որպեսզի հնարավոր լինի ապահովել վերջիններիս գործունեությունը, գրադարանների կողմից մատուցվող ծառայությունները պետք է հասանելի լինել բոլորին: Հանրային գրադարանները, հնարավորության դեպքում, պետք է օգտագործեն նոր տեխնոլոգիաներ՝ ծառայությունները բարելավելու եւ նոր ծառայություններ մատուցելու համար: Գրադարանների աշխատողները պետք է տիրապետեն մի շարք կարողությունների եւ հմտությունների: Գրադարանավարները պետք է մշտապես բարելավեն իրենց մանագիտական գիտելիքներն ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ կրթական համակարգերում: Անձնակազմի վերապատրաստումը հանրային գրադարանի կենսական տարրերից մեկն է: Աշխատակիցների համար անհրաժեշտ է նախատեսել շարունակական վերապատրաստման ծրագրեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Օրենքում ամրագրել, որ գրադարանի տարածքը տնտեսական նպատակներով օգտագործելու արդյունքում գոյացած ֆինանսական միջոցներն օգտագործվելու են գրադարանների աշխատանքային պայմանների բարելավման, գրադարանների հավաքածուների համալրման, ինչպես նաեւ գրադարանային կադրերի վերապատրաստման, գրադարանային ծառայությունների մատուցման եւ սպասարկման զարգացման համար:


Եզրահանգում

Նախագիծը, մեր կարծիքով, լրամշակման կարիք ունի՝ վերը նշված նկատառումից ելնելով:
 



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ, ԿՐԹԱԿԱՆ,

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ  ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ԲԱԺՆԻ ՊԵՏ՝                                                ԼԻԼԻԹ ՄԱՐԿՈՍՅԱՆ 

Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

23.04.2024թ.