ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի (Կ-765-22.01.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

Առաջարկում ենք հետևյալը՝

1.«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հոդվածի համարից առաջ գրվում է «Հոդված» բառը:»: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծում օգտագործել «Հոդված» ձևակերպումը:

2.Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) լրիվ անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասին:

3.Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Օրենգրքի 98-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնումը, տնօրինումը եւ տվյալների հրապարակումը»: Գտնում ենք, որ նախատեսվող վերնագիրը լրամշակման կարիք ունի, քանզի Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսվող կարգավորումները վերաբերում են ոչ թե պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման ընթացակարգին, այլ այդ ընթացակարգի իրականացման համար վճարվող դրամական միջոցների վճարման, կառավարման, տվյալների հրապարակման ընթացակարգերին: 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջով՝ առաջարկում ենք լրամշակել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով նախատեսվող Օրենսգրքի 98-րդ հոդվածի վերնագիրը. «Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնումը, տնօրինումը եւ տվյալների հրապարակումը» ձևակերպումը փոխարինել «Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի՝ քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը և տվյալների հրապարակումը» ձևակերպմամբ:

 

Հարգանքով՝                                                 /ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ/