ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

0010 ք. Երևան, Կառավարական տուն 1

 02/05.2/15212-2024

 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-769-30.01.2024-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

                   
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ 

        
1. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը: Նույն առաջարկությունը վերաբարելի է նաև Նախագծի 1-ին հոդվածում Օրենքի լրիվ անվանման մեջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին, ինչպես նաև Նախագծի ողջ տեքստում «օրենք» բառի հոլովումներից առաջ «Հայաստանի Հանրապետության» բառերին:

      
2. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասի «ճանապարհային հիմնանորոգում» հասկացության մեջ առաջարկում ենք «և (կամ)» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի դրույթները: 

    
3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասում «ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարում» հասկացությունը հստակեցնելու նպատակով՝ առաջարկում ենք լրամշակել այն՝ «ճանապարհներից օգտվողների» բառերը փոխարինելով «երթևեկության խոցելի խմբերի» բառերով, «նպատակային» բառից հետո լրացնել «և պարբերական» բառերը, իսկ «աուդիտորների վերապատրաստումը և որակավորումը» բառերը փոխարինել «աուդիտի իրականացումը» բառերով։     

  
4. Առաջարկում ենք Նախագծի «ճանապարհների անվտանգության աուդիտ» հասկացությունը խմբագրել՝ այն համապատասխանեցնելով ԵՄ 2008/96/ԵՀ «Ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարում» դիրեկտիվով  սահմանված «ճանապարհների անվտանգության աուդիտ» հասկացության բովանդակությանը, որի արդյունքում վերոնշյալ հասկացության մեջ «նպատակով անցկացվող աուդիտ կամ աուդիտորական դիտարկում» բառերը առաջարկում ենք փոխարինել «գործընթաց, որը նախատեսված է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգությունն ու գործառնությունը (ֆունկցիոնալությունը) բարձրացնելու համար» բառերով։  


5. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվող «ճանապարհների երթևեկության մասնակիցների խոցելի խումբ» հասկացության սահմանման մեջ նշված «ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության մասնակիցների խոցելի խումբ» բառերն առաջարկում ենք հանել։

        
6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «շրջանցները» բառից հետո լրացնել «,» կետադրական նշանը և հանել «և «,» կետադրական նշանը» բառերը՝ ինկորպորացման հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով:


7. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 4-րդ հոդվածի «գ» կետում պետական ճանապարհային մարմնի կողմից համաձայնության եղանակը հստակցնելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի «գ» կետը  խմբագրել՝ հղում տալով Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասին, որի համաձայն ՀՀ կառավարության կողմից հաստատված ճանապարհային կահավորանքի կիրառման և տեղակայման կանոններում (ՀՀ կառավարության 26․10․2006թ․ թիվ 1699-Ն որոշում) կսահմանվի նաև ճանապարհի առանձին տեղամասերում ճանապարհային կահավորանքի տեղադրման կանոնները։
Ըստ այդմ նախագծի 4-րդ հոդվածի «գ» կետում «սահմաններում» բառերից հետո լրացվել է «, սույն օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասով կահավորանքին ներկայացվող պահանջներին համապատասխան,» բառերը։   


8. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում «իդ» համարակալումը առաջակում ենք փոխարինել «իե» համարակալմամբ՝ հաշվի առնելով, որ նախագիծը լրացվել է նոր «իե» կետով։

9. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված են«Ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն»և «Ճանապարհային անվտանգության պարբերական հետազոտություն» հասկացությունները, մինչդեռ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող «ժը» կետով նախատեսված է, որ «Պետական ճանապարհային մարմինը իրականացնում է ճանապարհային ցանցի անվտանգության նպատակային և պարբերական հետազոտություններ և զննություն, և Հայաստանի Հանրապետության կառավարությանն է ներկայացնում ճանապարհային ցանցի անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ առաջարկություններ:»: Հետագա տարընկալումներից խուսափելու նպատակով՝ առաջարկում ենք կիրառել միօրինակ ձևակերպումներ:

Ըստ այդմ Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող «ժը» կետից առաջարկում ենք հանել «ցանցի» բառը:

10. Նախագծի 4-րդ հոդվածով լրացվող Օրենքի 4-րդ հոդվածի «ժը» կետը առաջարկում ենք հստակեցնել՝  «ընթացիկ մշտադիտարկում» բառերը փոխարինելով «նպատակային և պարբերական հետազոտություններ» բառերով։

      
11. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 4-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել նոր կետ՝ սահմանելով, որ  պետական ճանապարհային մարմինը սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները սահմանելու իրավասությունը:      


12. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «ճանապարհների կառուցման» բառերից հետո լրացնել «, վերակառուցման» բառը։ Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածով «, վերակառուցման» բառը լրացնել նաև Օրենքի 5-րդ հոդվածի վերնագրում ևս:    
Ըստ այդմ նախագծով առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածում «1-ին մասում» բառերից առաջ առաջարկում ենք լրացնել «վերնագրում և» բառերը։    


13. Նախագծի 9-րդ հոդվածով 3-րդ մասով օրենքի 7-րդ հոդվածում լրացվող նոր  8-րդ մասը առաջակում ենք լրամշակել՝ հստակեցնելով, որ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորման ենթակա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման դեպքում՝ ծրագրերի մշակման և նախապատրաստման փուլերում, Կառավարությունն ենթակառուցվածքային ծրագրերը ֆինանսավորող միջազգային կազմակերպությունների սոցիալական երաշխիքների քաղաքականություն կիրառելու դեպքում դրա պահանջներին համապատասխան սահմանի նաև տարաբնակեցման և փոխհատուցման սկզբունքները և շրջանակը։  
Ըստ այդմ նախագծում  «իրավասու է» բառերից հետո առաջարկում ենք հանել «սահմանել և» բառերը, «քաղաքականությունը և» բառերից հետո լրացնել «դրա պահանջներին համապատասխան» բառերը, իսկ «տարաբնակեցման» բառից հետո լրացնել «և փոխհատուցման» բառերը։       


14. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետում «կողնակների» բառից առաջ լրացնել «երթևեկելի մասի, բաժանիչ գոտու և» բառերը: Հարկ է նշել, որ Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետում նշված արգելքը հանդիսանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 150.6-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության նյութական հիմքը: Հետևաբար  Օրենսգրքի 150.6-րդ հոդվածում անհրաժեշտ է կատարել համապատասխան լրացում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասում, բաժանիչ գոտում ապրանքներ վաճառելու համար սահմանելով պատասխանատվություն:  
Ըստ այդմ Օրենսգրքի համապատասխան հոդվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակով ներկայումս մշակվում է համապատասխան նախագիծ, որն առաջիկայում Օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթը ՀՀ կառավարության սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։  

 
15. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «ը» կետում «նախագծումը» բառից հետո «, կառուցումը, շինարարությունը  և շահագործումը» բառերը լրացնելու կապակցությամբ նշենք, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 1-ին հոդվածի նոր խմբագրությամբ շարադրված 1-ին մասում առկա է «շինարարության (կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, միջին նորոգման (նորոգման)» ձևակերպումը, ինչից ակնհայտ է, որ «կառուցում» հասկացությունը կլանվում է «շինարարություն» հասկացության մեջ, հետևաբար քննարկվող նորմում այս երկու հասկացությունները որպես իրարից անկախ հասկացութուններ կիրառելը կարող է առաջացնել իրավական շփոթ և ունի շտկման կարիք:         
Ըստ այդմ նախագծով առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կառուցումը,» բառը։     

 
16. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով Օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի «ը» կետում «նախագծումը» բառից հետո «, շինարարությունը  և շահագործումը» բառերը լրացնելու արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համապատասխան լրացում կատարել նաև Օրենսգրքի 150.7-րդ հոդվածում։   
Ըստ այդմ Օրենսգրքի 150.7-րդ հոդվածում լրացում կատարելու նպատակով ներկայումս մշակվում է համապատասխան նախագիծ, որն առաջիկայում Օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթը ՀՀ կառավարության սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։      

  
17. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ռոգման» բառն առաջարկում ենք փոխարինել «ոռոգման» բառով։
Ըստ այդմ նախագծով առաջակում ենք բառը ուղղել։  

      
18. Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասը նոր խմբագրությամբ շարադրելու արդյունքում հակասություն է առաջանում Օրենսգրքի հետ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 150.10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվության նյութական հիմքը Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասն է: Ուստի նշված փոփոխությունների արդյունքում առաջարկվում ենք համապատասխան լրացում կատարել Օրենսգրքի 150.10-րդ հոդվածի 3-րդ մասում:
Ըստ այդմ Օրենսգրքի 150. 10-րդ հոդվածում լրացում կատարելու նպատակով ներկայումս մշակվում է համապատասխան նախագիծ, որն առաջիկայում Օրենսգրքի փոփոխությունների նախագծի փաթեթը ՀՀ կառավարության սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։        


19. Առաջարկում ենք նախագծի 12-րդ հոդվածում լրացնել 4-րդ մաս հետևյալ բովանդակությամբ՝ «4․ 7-րդ մասում «կառուցվածքները» բառից հետո լրացնել «՝ գործող շինարարական նորմերի պահանջներին համապատասխան» բառերը․»։ Նշված առաջարկությունը պայմանավորված է նրանով, որ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսվող  կարգավորումների համաձայն՝ ճանապարհների օտարման շերտի սահմաններում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավորանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները։ Սակայն հաճախ վերջիններս չեն պահպանում գործող շինարարական նորմերի պահանջները։   
Ըստ այդմ առաջարկում ենք վերանայել նաև 12-րդ հոդվածի համարակալումը։ 

       
20.Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող բոլոր հոդվածների հերթական համարից հետո առաջարկում ենք լրացնել միջակետ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, այն է. «Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով»:     
Ըստ այդմ նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19․1-ին, 19․2-րդ և 19․3-րդ հոդվածների հերթական համարից հետո առաջարկում ենք միջակետ դնել։   

 
21. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 2-րդ հոդվածում լրացվում են «ճանապարհային անվտանգության վարկանիշ», «ճանապարհային անվտանգության նպատակային հետազոտություն», «ճանապարհի վթարավտանգ հատվածներ» հասկացությունները: Առաջարկում ենք Նախագիծը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին (այսինքն՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:):        
Ըստ այդմ նախագծի նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր 19․1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք լրացնել նոր նախադասություն, իսկ 4-րդ մասում «գնահատման» բառից հետո առաջարկում ենք լրացնել «և ճանապարհային անվտանգության վարկանիշավորման» բառերը, որտեղ օգտագործվում են հիշյալ հասկացությունները։        


22. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով և նույն միտքն արտահայլտելիս կիրառել միևնույն բառերը: Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 5-րդ մասում շարադրված է «ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային համակարգ» ձևակերպումը, որը նպատակ ունի ապահովել ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման համակարգին պետական ճանապարհային մարմնին (ՏԿԵՆ) հասանելության տրամադրումը: Այս կապակցությամբ Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով լրացվող «ճանապահային անվտանգության տվյալների կառավարման համակարգ» հասկացության հետ «ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային համակարգ» ձևակերպումը չնույնականցնելու համար նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 5-րդ մասում առաջարկում ենք լրացնել  «երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի» բառերը։
Ըստ այդմ նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.1-ին հոդվածի 5-րդ մասում «պետք է հասանելիություն ունենա» բառերից հետո առաջարկում ենք լրացնել  «երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազոր մարմնի» բառերը։


23. Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պետական ճանապարհային մարմինը՝ քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ, սահմանում է թունելների անվտանգության նվազագույն պահանջները:       
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լրամշակվող նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասով Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող «իե» կետի համաձայն՝ պետական ճանապարհային մարմինը սահմանում է  թունելների անվտանգության նվազագույն պահանջները, ուստի առաջարկում ենք նախագծի 14-րդ հոդվածով Օրենքում լրացվող 19․3-րդ հոդվածում «սահմանում» բառը փոխարինել «մշակել» բառով, որի համաձայն պատական կառավարման մարմինը քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ կմշակի թունելների անվտանգության նվազագույն պահանջները, որը  Օրենքի 4-րդ հոդվածում լրացվող «իե» կետի համաձայն կսահմանվի պետական ճանապարհային մարմնի կողմից։  


24. Առաջարկում ենք Նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածը լրացվող 4-րդ մասով  Աուդիտի իրականացման ժամկետները փոփոխել՝ պայմանավորված  Նախագծի 14-րդ հոդվածով Օրենքի նոր 19.2 հոդվածով նախատեսվող Ճանապարհային անվտանգության աուդիտի կարգի մշակման ժամանակատարությունից։      
Ըստ այդմ նախագծի 15-րդ հոդվածով Օրենքի 21-րդ հոդվածը լրացվող 4-րդ մասում առաջարկում ենք «2025» թիվը փոխարինել է «2026» թվով, «հուլիսի» բառը՝ «հունվարի» բառով, «2026» թիվը՝ «2027» թվով, իսկ «2027» թիվը՝ «2028» թվով։  

     
25. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Սույն օրենքի 4-րդ հոդվածի «ժ» կետերով» ձևակերպման մեջ հղումն, ինչպես նաև  հղումների անհամապատասխանությունները առաջարկում ենք շտկել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը:     
Ըստ այդմ նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «4-րդ հոդվածի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «4-րդ մասով լրացվող» բառերը, «իբ» բառից հետո ստորակետ դնել և հանել “և” շաղկապը, և «իդ» բառից հետո լրացնել «և «իե»» բառերով։ 


«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չկան:

 

 

          Հարգանքով՝               ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ