Armenian ARMSCII Armenian
Կ-5421-31.03.2020-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐ ԵՎ ՉՎՆԱՍԱԶԵՐԾՎԱԾ ՏԱՐԱՆԵՐ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» 2012 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-30-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածում`

1) վերնագրի եւ 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարություն» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «տրանսպորտի բնագավառում քաղաքականությունը մշակող մարմին» բառերով.

2) 1-ին մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին հոդվածով.

«Հոդված  8.1. Վերահսկողությունը վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում

1. Վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում վերահսկողությունն իրականացնում է տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին):

2. Տեսչական մարմնի իրավասություններն են`

1) վտանգավոր բեռների փոխադրումների պայմանների, այդ թվում` վտանգավոր բեռների փոխադրումներին վերաբերող աշխատանքների եւ ծառայությունների չափանիշների, ստանդարտների, նորմերի, կանոնների, պահանջների նկատմամբ պետական վերահսկողության ապահովումը.

2) իր լիազորությունների սահմաններում վտանգավոր բեռների փոխադրումների բնագավառում փոխադրման եւ անհրաժեշտ փաստաթղթերի համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

3) օրենքով սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված  3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: