Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.12.2003
  • Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպումը
  • Գլուխ 3 Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումը եւ վերահսկողությունը
  • Գլուխ 4. Սույն օրենքի խախտումները, դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները
  • Գլուխ 5. Եզրափակիչ դրույթներ
  • ԳԼՈՒԽ 1.

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

    1. Սույն օրենքը կարգավորում է շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման եւ կարգավորման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը:

    2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում հեռահաղորդակցության որեւէ կապի միջոցով շահումով խաղերի կազմակերպման գործունեության վրա:

    3. Շախմատ, շաշկի, նարդի, տիր, բիլիարդ եւ նմանատիպ սպորտային բնույթի խաղերը շահումով խաղ չեն հանդիսանում, բացառությամբ թղթախաղերի տեսակների։

    Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

    Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները՝

    շահումով խաղ՝ ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որեւէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն.

    մեքենայացված խաղ՝ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատի կամ նման այլ սարքավորման միջոցով իրականացվող խաղ, որին մասնակցում է միայն խաղացողը.

    կենդանի խաղ՝ ցանկացած խաղ, որին բացի խաղացողից մասնակցում է նաեւ խաղարկողը, կամ որին միաժամանակ մասնակցելու հնարավորություն է ընձեռված մի քանի խաղացողների՝ առանց խաղարկողի մասնակցության (բացառությամբ մեքենայացված խաղերի).

    խաղատների գործունեության կազմակերպում՝ խաղատանը շահումով խաղերի անցկացում.

    խաղատուն՝ այն խաղասրահը, որտեղ անց է կացվում կենդանի խաղ (խաղեր) եւ (կամ) շահագործվում է քսանից ավելի մեքենայացված խաղ.

    խաղասրահ՝ շինության ներսում այն տարածքը, որտեղ կազմակերպվում եւ անց են կացվում շահումով խաղեր.

    խաղարկող՝ խաղը անցկացնելու կամ դրա ելքը հավաստելու համար խաղացողի հետ կազմակերպչի անունից եւ նրա կողմից լիազորված խաղին փաստացի մասնակցող կամ դրա խաղարկությունն իրականացնող ֆիզիկական անձ.

    խաղացող՝ շահումով խաղին մասնակցող ֆիզիկական անձ կամ անձինք (բացի խաղարկողից).

    կազմակերպիչ՝ օրենքով սահմանված կարգով շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած եւ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպման գործունեություն իրականացնելու միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող կազմակերպություն.

    լիազոր մարմին՝ շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում եւ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմին:

    Հոդված 3. «Խաղատուն», «խաղասրահ» եւ «շահումով խաղեր» բառերի օգտագործումը

    1. Խաղատան կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղատուն», «խաղասրահ» եւ «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

    2. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ կարող են օգտագործել «խաղասրահ» եւ «շահումով խաղեր» բառերը, դրանց ածանցյալները կամ թարգմանությունները:

    3. Շահումով խաղի կազմակերպիչներն իրենց անվանման կամ ցուցանակների մեջ չեն կարող օգտագործել «խաղատուն» բառը, դրա ածանցյալները կամ թարգմանությունները:

    ԳԼՈՒԽ 2.

    ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

    Հոդված 4. Շահումով խաղերի, խաղատների գործունեություն կազմակերպողները

    Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի, խաղատների գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները՝ լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:

    Հոդված 5. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպման իրականացումը

    Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպումը` եկամուտ (շահույթ) ստանալու նպատակով սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահումով խաղի իրականացման համար սարքավորումների տեղադրումն ու շահագործումն է կամ շահումով խաղին խաղացողների մասնակցության համար այլ կերպ հնարավորության ստեղծումն է:

    Հոդված 6. Շահումով խաղերի, խաղատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջները

    1. Խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը կազմում է 86 տոկոս:

    2. Կազմակերպիչը՝

    ա) խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում).

    բ) ապահովում է խաղասրահի դրսից դեպի ներս անտեսանելիությունը.

    գ) ապահովում է խաղասրահի տարածքի պաշտպանությունը պահպանիչ եւ հակահրդեհային ազդարարման համակարգերով.

    դ) արգելում է քսանմեկ տարին չլրացած ֆիզիկական անձանց մուտքը խաղասրահ.

    ե) պատահականությամբ չպայմանավորված շահումներով խաղեր կազմակերպելիս նախօրոք տեղեկացնում եւ դրա մասին բացատրում է խաղացողներին.

    զ) խաղացողի առաջին իսկ պահանջի դեպքում տրամադրում է շահումը.

    է) ապահովում է խաղասրահում խաղանիշերի (ժետոնների) փոխանակումը միայն կանխիկ հայկական դրամով, բանկային քարտով կամ բանկային պրակտիկայում ընդունված այլ վճարային փաստաթղթերով.

    ը) յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը.

    թ) խաղասրահում կազմակերպվող խաղերի կանոնները փակցնում է խաղասրահում, տեսանելի տեղում (բացառությամբ այն խաղային ավտոմատների, որոնք իրենց վրա պարունակում են շահումների տարբերակներ).

    ժ) շահումով խաղերը կազմակերպում եւ անցկացնում է իր կողմից սահմանած եւ լիազոր մարմնի հետ համաձայնեցված կանոնակարգին համապատասխան:

    3. Խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս։

    Հոդված 7. Շահումով խաղերի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը

    1. Շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում պետք է նշվեն՝

    ա) հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը.

    բ) հայտատուի գտնվելու եւ գործունեության իրականացման վայրերը.

    գ) իրականացվող շահումով խաղերի տեսակները (մեքենայացված եւ/կամ կենդանի) եւ քանակը.

    դ) շահումով խաղի մեկ տոմսի եւ (կամ) խաղանիշի (ժետոնի) եւ (կամ) միավորի գինը.

    ե) խաղի անցկացման կարգը.

    զ) շահումի տարբերակները.

    է) շահումները վճարելու վայրը.

    ը) խաղացողների իրավունքներն ու պարտականությունները.

    թ) կազմակերպչի իրավունքներն ու պարտականությունները:

    2. Շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում տվյալ վայրում լիցենզիա ստանալու հայտի հետ միասին:

    3. Շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարվող փոփոխություններն ու լրացումները կազմակերպիչը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ` նախքան դրանց կիրառումը, փոփոխությունները ներկայացնելով լիազոր մարմին՝ երկու օրինակից:

    Լիազոր մարմինը 15-օրյա ժամկետում ընդունում է որոշում` կանոնակարգում առաջարկվող փոփոխություններին համաձայնություն տալու կամ դրանք մերժելու մասին: Որոշման պատճենը երեք օրվա ընթացքում տրամադրվում (փոստով առաքվում) է կազմակերպչին:

    Եթե լիազոր մարմինն ընդունել է կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու մասին որոշում, ապա կազմակերպիչը պարտավոր է այդ որոշումը ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել ուղղված փաստաթղթերը, որից հետո լիազոր մարմինը 5-օրյա ժամկետում հայտատուին տրամադրում է լիազոր մարմնի հետ համաձայնեցված շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգում կատարված փոփոխության մեկ օրինակը: Եթե կազմակերպիչը վերը նշված որոշումն ընդունելուց հետո` 10 օրվա ընթացքում, ուղղված փաստաթղթերը լիազոր մարմին չի ներկայացնում, ապա լիազոր մարմնի որոշումը` կանոնակարգի փոփոխություններին վերապահումով համաձայնություն տալու վերաբերյալ, համարվում է չեղյալ:

    4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված փոփոխություններին եւ լրացումներին լիազոր մարմինը չի տալիս իր համաձայնությունը, եթե դրանք`

    ա) հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին.

    բ) կվտանգեն խաղացողների շահերը.

    գ) հակասում են սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին:

    5. Նույն տեսակի կենդանի խաղերի համար Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված նույն կանոնները, ընդ որում, կազմակերպիչն ազատ է քայլերի մեծության ընտրության հարցում:

    ԳԼՈՒԽ 3.

    ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԽԱՂԱՏՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 8. Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումը

    1. Շահումով խաղերի, խաղատների գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգերով:

    2. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե՝

    ա) հայտին կից փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների եւ իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

    բ) լիցենզիայի հայտատուն ունի հարկային եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

    գ) շահումով խաղի կազմակերպման եւ անցկացման կանոնակարգը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ իրավական այլ ակտերին, կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վտանգել խաղացողների շահերը, կամ հակասում են 7-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին կամ 5-րդ մասի հիման վրա սահմանված կանոններին.

    դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

    3. Լիցենզիա ստանալու հայտը բավարարելու որոշումն ընդունելու դեպքում լիցենզիան հայտատուին է տրամադրվում օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում` վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո:

    4. Եթե վերապահումով լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո այդ որոշման մեջ նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում մեկամսյա ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը որպես լիցենզիան հանձնելու պայման հայտատուից հայտարարագիր է պահանջում առ այն, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու հայտին կից

    փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը՝ սույն օրենքի եւ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

    5. Եթե վերոհիշյալ հայտարարագիրը չի ներկայացվում, կամ հայտատուն հայտնում է, որ հայտին կից փաստաթղթերից որեւէ մեկը կորցրել է իրավական ուժը, եւ չի ներկայացվում այդ փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին:

    6. Շահումով խաղեր կազմակերպելու լիցենզիան իրավունք չի տալիս խաղատուն կազմակերպել: Խաղատան լիցենզիան իրավունք է տալիս նույն խաղասրահում սույն օրենքի պահանջների պահպանմամբ կազմակերպել ցանկացած շահումով խաղ:

    Հոդված 9. Շահումով խաղերի եւ խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունը

    1. Շահումով խաղերի եւ խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը՝ տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով եւ դրա արդյունքներով, սույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները:

    2. Շահումով խաղերի եւ խաղատների գործունեության ստուգումներն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

    3. Փաստաթղթային վերահսկողությունն իրականացվում է կազմակերպիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ լիազոր մարմնին սույն օրենքի 10-րդ հոդվածով
    սահմանված կարգով ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ուսումնասիրության միջոցով:

    Հոդված 10. Շահումով խաղի եւ խաղատան կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման կարգը

    1. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը լիազոր մարմին է ներկայացնում յուրաքանչյուր եռամսյակի համար մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը համապատասխան տարածքային հարկային մարմնի եւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին:

    2. Շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը եւ հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը լիազոր մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:

    ԳԼՈՒԽ 4.

    ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Հոդված 11. Սույն օրենքի խախտումների համար կիրառվող պատասխանատվության միջոցները

    Սույն օրենքի խախտման դեպքում լիազոր մարմինը կազմակերպչի նկատմամբ կիրառում է պատասխանատվության հետեւյալ միջոցները՝

    ա) նախազգուշացում եւ խախտումները վերացնելու հանձնարարական.

    բ) տուգանք.

    գ) լիցենզիայի գործողության կասեցում.

    դ) լիցենզիայի գործողության դադարեցման հայցով դիմում է դատարան:

    Հոդված 12. Նախազգուշացումը եւ խախտումները վերացնելու հանձնարարականը

    1. Տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով լիազոր մարմինն արձանագրում է թույլ տրված խախտումը եւ այդ մասին նախազգուշացնում է կազմակերպչին:

    2. Նախազգուշացումը նախատեսում է նաեւ թույլ տրված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում վերացնելու կամ ապագայում նման խախտումը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարական, որի կատարումը պարտադիր է:

    3. Նախազգուշացումը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝

    ա) թույլ է տվել սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունների (հաշվետվությունների) ներկայացման ու հրապարակման կարգի խախտում.

    բ) չի ապահովել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «գ», «է» կամ «թ» կետերում նշված պահանջներից որեւէ մեկը:

    Հոդված 13. Տուգանքը

    1. Տուգանքը կիրառվում եւ գանձվում է լիազոր մարմնի կողմից: Եթե կազմակերպիչը համաձայն չէ տուգանքի կիրառման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման հետ, ապա լիազոր մարմինը տուգանքը գանձելու հայցով դիմում է դատարան:

    2. Տուգանքը՝ որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը՝

    ա) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նվազագույն չափը՝ յուրաքանչյուր խաղային ավտոմատի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

    բ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով սահմանված պահանջը՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամի չափով.

    գ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով սահմանված պահանջը՝ երեք հարյուր հազար դրամի չափով.

    դ) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով սահմանված պահանջը՝ երկու հարյուր հազար դրամի չափով.

    ե) սույն օրենքի 12-րդ հոդվածին համապատասխան նախազգուշացում կիրառելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, կրկնել է նույն խախտումը՝ հարյուր հազար հայկական դրամի չափով.

    զ) խախտել է սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը՝ հինգ հարյուր հազար դրամի չափով.

    է) խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հինգ հարյուր հազար դրամ.

    ը) առանց լիազոր մարմնին տեղեկացնելու փոփոխել է լիցենզավորման կարգով սահմանված լիցենզիա ստանալու համար ներկայացված տվյալներից մեկը (բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջների), ինչը չէր կարող հիմք հանդիսանալ լիցենզիա ստանալու հայտի մերժմանը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու հարյուր հազար դրամ.

    թ) սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան թույլ տված խախտումը լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետում չի վերացրել եւ այդ մասին լիազոր մարմնին գրավոր չի տեղեկացրել՝ խախտման յուրաքանչյուր դեպքի համար` հարյուր հազար դրամ:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն տուգանքի կիրառումից հետո` երկու տարվա ընթացքում, տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտումը շարունակելու կամ այդպիսի նոր խախտում թույլ տալու դեպքում տուգանքի չափն ավելացվում է մեկ միլիոն դրամով:

    4. Տեղեկությունները (հաշվետվությունները) ուշ ներկայացնելու կամ դրանցում անարժանահավատ տվյալներ արտացոլելու համար լիազոր մարմինը կարող է կազմակերպչի ղեկավարների նկատմամբ տուգանք նշանակելու հայցով դիմել դատարան՝ հարյուր հազար դրամը չգերազանցող չափով:

    Հոդված 14. Լիցենզիայի գործողության կասեցումը

    1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

    ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կամ «ը» կետերով սահմանված պահանջները.

    բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

    գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

    2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչեւ խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 15. Լիցենզիայի գործողության դադարեցումը

    1. Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է`

    ա) եթե կազմակերպիչը սույն օրենքի 10-րդ հոդվածում նշված փաստաթղթերում ներկայացրել է կեղծ տվյալներ.

    բ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան տուգանք կիրառելուց հետո` երկու տարվա ընթացքում, երրորդ անգամ թույլ է տվել տուգանքի կիրառման համար հիմք հանդիսացող խախտում.

    գ) եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո՝ երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար.

    դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում.

    ե) կազմակերպչի դիմումի համաձայն:

    2. Լիցենզիայի գործողությունը դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

    ԳԼՈՒԽ 5.

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 16. Անցումային դրույթներ

    1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը սահմանված կարգով տրված լիցենզիաները` սույն օրենքի պահանջների պահպանմամբ, ուժի մեջ են մինչեւ դրանց գործողության ժամկետի ավարտը:

    2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

    3. Սույն օրենքով կազմակերպիչների պարտականությունների մեղմացում նախատեսող դրույթները հետադարձ ուժ չունեն։

    4. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-102 օրենքը։



    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    07.01.2004
    ՀՕ-1


    14.12.2004 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
    23.05.2006 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    25.12.2006 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    24.10.2007 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    26.05.2008 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    27.04.2010 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
    06.12.2012 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին
    23.12.2013 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    21.06.2014 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    28.09.2016 «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    17.11.2017 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
    07.02.2018 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
    07.02.2018 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
    23.03.2018 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    19.06.2019 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
    25.05.2022 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    09.06.2022 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն
    07.07.2022 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
    16.12.2022 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    25.10.2023 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
    20.03.2024 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    12.06.2024 «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին