Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ԱՄՆԻՍՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.10.1992
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձի առթիվ, առաջնորդվելով մարդասիրության սկզբունքներով եւ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 26-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հոդված 1. Պատժից ազատել՝

ա) այն անձանց, ովքեր դատապարտվել են մինչեւ երեք տարի ժամանակով ազատազրկման կամ ազատազրկման հետ չկապված պատիժների կամ ազատազրկման վայրերից ազատվել են պայմանականորեն՝ պարտադիր կարգով ածխատանքի ներգրավումով.

բ) մինչեւ հինգ տարի ժամանակով դատապարտված այն անձանց, ովքեր՝

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են.

- մինչեւ 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանայք են.

- 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցելիս կամ այդ գործողությունների ընթացում հարազատներից որեւէ մեկի (ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր) զոհվելու հետեւանքով դարձել են ընտանիքի միակ կերակրողը.

- հանցագործությունը կատարել են մինչեւ 18 տարեկան դառնալը եւ ազատազրկման վայրերում նախկինում պատիժ չեն կրել:

Հոդված 2. Կարճել այն անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության, նախաքննության մարմինների եւ դատարանների վարույթներում գտնվող գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ, ինչպես նաեւ սույն օրենքի 1 հոդվածի «բ» կոտում թվարկված անձանց կողմից կատարած հանցագործությունների վերաբերյալ գործերը, որոնց համար օրենքով սահմանվում է ազատազրկում մինչեւ 5 տարի ժամանակով կամ ազատազրկման հետ կապ չունեցող պատիժներ:

Հոդված 3. Նշանակված պատժաչափը կիսով չափ կրճատել հինգ տարուց ավելի ժամանակով դատապարտված՝

- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

- մինչեւ 16 տարեկան երեխա ունեցող կամ հղի կանանց.

- հանցագործություն կատարման պահին18 տարին չլրացած եւ նախկինում ազատազրկման ձեւով պատիժ չկրած անձանց:

Հոդված 4. Սահմանված պատժաչափը կրճատել կիսով չափ՝

- 55 տարեկան լրացած կանանց եւ 60 տարին լրացած տղամարդկանց.

- անզգույշ հանցագործության համար դատապարտված անձանց, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 173 հոդվածի 3-րդ մասով դատապարտված, եթե նրանց վրա չի տարածվում սույն օրենքի 1 հոդվածը:

Հոդված 5 . Կրճատել պատժաչափի չկրած մասը՝

ա) կիսով չափ այն անձանց նկատմամբ, ովքեր կրել են պատժաչափի կեսը.

բ) մեկ քառորդով այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կրել պատժաչափի կեսը, եթե նրանց վրա չեն տարածվում սույն օրենքի 1, 3 եւ 4 հոդվածները:

Հոդված 6. Ամնիստիան չկիրառել՝

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 49.1 հոդվածում նախատեսված հանցագործությունների համար դատապարտված եւ այդ հոդվածում թվարկված անձանց նկատմամբ.

բ) այն անձանց նկատմամբ, ովքեր նախկինում պատժից ազատվել են 1990 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման առթիվ ամնիստիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ կատարել են դիտավորյալ հանցագործություն.

գ) ազատազրկման վայրերից փախուստ կատարած եւ մինչեւ սույն օրենքը ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող դատապարտյալների նկատմամբ:

Հոդված 7. Սույն օրենքը չի ազատում դատարանների դատավճիռներով եւ որոշումներով նշանակված լրացուցիչ պատիժներից, բացառությամբ աքսորի եւ արտաքսման:

Հոդված 8 . Այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկման վայրերում ենթարկվում են հարկադիր բուժման ալկոհոլիզմից, թմրամոլությունից կամ վեներական հիվանդություններից, ամնիստիան կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո:

Հոդված 9. Ամնիստիան կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցագործություն են կատարել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու նախորդ օրը ներառյալ:

Հոդված 10. Սույն օրենքը ուչի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա է կատարման մինչեւ 1993 թվականի հունվարի 1-ը:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
5 հոկտեմբերի 1992 թ.
Հ. Ն.-0696-1-ՀՕ-40