ՕՐԵՆՔԸ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ Գլուխ 2. Առեւտուր Գլուխ 3. Հանրային սննդի ծառայություն Գլուխ 4. Կենցաղային ծառայություն Գլուխ 5. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները Գլուխ 6. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար Գլուխ 7. Անցումային դրույթներ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի նպատակը եւ կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների (այսուհետ` առեւտրի եւ ծառայությունների) ոլորտի պետական կառավարման հիմքերը, այդ ոլորտում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները եւ ուղղված է առեւտրի եւ ծառայությունների ոլորտում իրականացվող գործունեության կանոնակարգմանը, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության ապահովմանը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող առեւտրի եւ ծառայությունների գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաեւ իրավական այլ ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ԱՌԵՎՏՈՒՐ
Հոդված 2. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով առեւտրի հիմնական հասկացություններն են՝
վաճառող` առուվաճառքի պայմանագրով սպառողներին ապրանք իրացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող` վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող` անմիջականորեն վաճառք իրականացնող ֆիզիկական անձ.
առեւտրի օբյեկտ` գույքային համալիր (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար.
սպառողական ապրանքների շուկա՝ առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների առուվաճառք.
ոչ պարենային ապրանքներ` բնակչության նյութական եւ կուլտուր-կենցաղային պահանջների բավարարման նպատակով վաճառքի համար նախատեսված կուլտուր- կենցաղային եւ տնտեսական նշանակության, թեթեւ արդյունաբերության եւ այլ արտադրանք.
արտադրատեխնիկական նշանակության ապրանքներ` տնտեսավարող սուբյեկտների կողմից օգտագործման նպատակով նախատեսված ապրանքներ, որոնք հիմնականում ներկայացվում են տեխնոլոգիական սարքավորումների, մեքենաների, վառելիքահումքային ապրանքների տեսքով.
գյուղատնտեսական արտադրանքի շուկա՝ առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանական ծագում ունեցող մթերքի, բույսերի, բուսական արտադրանքի (այսուհետ` գյուղատնտեսական արտադրանք) եւ սննդամթերքի առուվաճառք.
կենդանիների շուկա` առեւտրի իրականացման վայր, որտեղ իրականացվում է կենդանի կենդանիների առուվաճառք.
շրջիկ առեւտրի կետեր՝ ապրանքների պահման եւ մանրածախ առեւտրի համար համապատասխան սարքավորումներով ապահովված ավտոկրպակներ, մոտոկրպակներ, ավտոսայլակներ, մոտոսայլակներ, ավտոցիստեռններ եւ այլն.
հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի եւ սեղմված բնական գազի մանրածախ առեւտրի կետ՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի հաշվիչներ, կաշեփողեր, լցավորման ատրճանակներ, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների համար տեղադրված տարողություններ, օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներ, կշռաքարեր եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներ ունեցող լցավորման կետեր.
առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչ՝ առեւտրի իրականացման վայրի աշխատանքը կազմակերպող, սույն օրենքով սահմանված պարտավորություններ կամ իրավունքներ ունեցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
առեւտրի կենտրոն՝ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող եւ կառավարվող առեւտրի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաեւ հանրային սննդի, զվարճանքի, կենցաղային ծառայությունների համար առանձնացված մասեր.
ցուցահանդես-վաճառք` իրավաբանական անձի եւ (կամ) անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրենց սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալված տարածքում կամ իրավասու մարմնի կողմից սահմանված վայրում առուվաճառքի պայմանագրերի կնքման եւ տարածաշրջանային, միջտարածաշրջանային եւ միջպետական տնտեսական կապերի ձեւավորման նպատակով կազմակերպվող միջոցառում.
տոնավաճառ (վերնիսաժ)` հատկացված վայրում շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին կազմակերպվող շուկայական միջոցառում, որտեղ առուվաճառքնիրականացնում են իրավաբանական եւ ֆիզիկական անձինք:
Հոդված 3. Առեւտրի օբյեկտների եւ առեւտրի իրականացման վայրի տեսակները
1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են՝ խանութները, կրպակները, տաղավարները, շրջիկ առեւտրի կետերը եւ հեղուկ վառելիքի, հեղուկ գազի, սեղմված բնական գազի եւ տեխնիկական հեղուկների մանրածախ առեւտրի կետերը:
2. Առեւտրի իրականացման վայրի տեսակներն են՝ առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:
Հոդված 4. Առեւտրի օբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Առեւտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
2. Առեւտրի օբյեկտներում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:
3. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից՝ առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան` ընդունման, պահման եւ վաճառքիպայմաններնապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:
4. Առեւտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
5. Առեւտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առեւտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առեւտրի օբյեկտների ցուցափեղկերը եւ մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն:
Հոդված 5. Առեւտրի իրականացման վայրերին ներկայացվող պահանջները
1. Առեւտրի իրականացման վայրերում առուվաճառքն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում եւ տոնավաճառներում (վերնիսաժներում):
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց արգելվում է իրականացնել վաճառք սույն օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ մասերի, 14-րդ մասի «ա» եւ «բ» ենթակետերով նշված ապրանքների, ինչպես նաեւ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի:
3. Առեւտրի իրականացման վայրերում սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի տարանջատված մեկուսամասերում:
4. Առեւտրի կենտրոնները, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաները պետք է ապահովված լինեն՝
ա) ձեռքի սայլակներով եւ մինչեւ ավտոկանգառ դրանց տեղաշարժն ապահովող ուղիներով.
բ) իրենց հատկացված հողատարածքի սահմաններում գործող ավտոկանգառով.
գ) կենցաղային հարմարություններով եւ սանիտարական հանգույցով:
5. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է ոչ պարենային ապրանքների վաճառքը (բացառությամբ վաճառքի համար անհրաժեշտ փաթեթավորման եւ տարայավորման ապրանքների):
Գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում արգելվում է կենդանի կենդանիների վաճառքը:
6. Գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գործող առեւտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 5-րդ մասի պահանջները:
Նշված առեւտրի օբյեկտներում արգելվում է վաճառել սույն օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասում նշված ապրանքները:
7. Սպառողական ապրանքների շուկաներում արգելվում է գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը:
8. Սպառողական ապրանքների շուկաների տարածքում գործող առեւտրի օբյեկտների գործունեության վրա չեն տարածվում սույն հոդվածի 7-րդ մասի պահանջները:
9. Առեւտրի իրականացման վայրը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
Հոդված 6. Վաճառողին ներկայացվող պահանջները
1. Վաճառողը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, ինչպես նաեւ 5-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) յուրաքանչյուր աշխատողին` իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը.
գ) սպառողի (գնորդի) հետ դրամական հաշվարկները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով իրականացնելու դեպքում վաճառված ապրանքի հետ սպառողին (գնորդին) դրամարկղային չեկի, իսկ առանց հսկիչ-դրամարկղային մեքենաների իրականացնելու դեպքում` ապրանքի գնի վճարումը հաստատող, վաճառողի կողմից հաստատված ձեւի, փաստաթղթի տրամադրումը.
դ) ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների.
ե) սննդամթերքի վաճառքով զբաղվող առեւտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը:
2. Մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առեւտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել՝
ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.
բ) օրենքով սահմանված դեպքերում վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:
3. Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման տվյալ վայրում վաճառողի (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առեւտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա պետք է զետեղվի համապատասխան տեղեկատվություն:
Հոդված 7. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին ներկայացվող պահանջները
1. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը պարտավոր է ապահովել՝
ա) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը.
բ) վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի օբյեկտների) եւ իր աշխատողներին, օրենսդրությանը համապատասխան, առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեությունն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով:
2. Գյուղատնտեսական արտադրանքի շուկայի կազմակերպիչը վաճառքի ընդունվող՝ փորձաքննություն պահանջող գյուղատնտեսական արտադրանքի որակի ստուգման նպատակով ապահովում է գյուղատնտեսական արտադրանքի շուկայում համապատասխան սարքավորումներով հագեցված լաբորատորիա:
3. Առեւտրի իրականացման վայրի կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է վաճառողներին՝ նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված, ինչպես նաեւ անմիջապես կազմակերպչի կողմից վաճառքն իրականացնելու դեպքերի:
Գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում ու տոնավաճառներում (վերնիսաժներում) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց վաճառատեղերը տրամադրվում են նրանց անձնագրի հիման վրա:
Առանց պայմանագրերի կնքման, առեւտրի իրականացման վայրերում, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսված դեպքերի, առուվաճառք իրականացնելն արգելվում է:
Հոդված 8. Աշխատողին ներկայացվող պահանջները
1. Աշխատողը պարտավոր է՝
ա) վաճառքի հանելուց առաջ ստուգել ապրանքի որակն ըստ արտաքին հատկանիշների, դրանց պիտակների եւ գնապիտակների առկայությունը եւ գնորդին վաճառել օգտագործման նշանակությանը համապատասխանող ապրանք.
բ) իրազեկ լինել վաճառքում առկա ապրանքները բնութագրող հիմնական հատկություններին եւ անհրաժեշտության դեպքում սպառողին (գնորդին) տալ ստույգ եւ հավաստի տեղեկատվություն:
Հոդված 9. Առեւտրի կազմակերպման կանոնները
1. Առեւտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացվում է օրենքով սահմանվածտեսակներով:
2. Մանրածախ առեւտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի եւ սեղմված բնական գազի առեւտրի կետերում, առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում, շրջիկ առեւտրի կետերի միջոցով ու ավտոմատներով, ինչպես նաեւ էլեկտրոնային կապի միջոցով:
3. Վաճառքի ցուցադրված յուրաքանչյուր ապրանքանմուշ պետք է ունենա պիտակ, իսկ ապրանքատեսակը` նաեւ գնապիտակ:
4. Սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում) եւ ցուցահանդես-վաճառքի կազմակերպման վայրերում վաճառվող կամ վաճառքի ցուցադրվող ապրանքների համար գնապիտակի առկայությունը պարտադիր չէ (բացառությամբ նշված վայրերում գործող առեւտրի օբյեկտների) :
5. Գնված պատշաճ եւ ոչ պատշաճ որակի ապրանքների փոխարինումը կամ դրանց համար վճարված գումարի վերադարձումը եւ վերահաշվարկն իրականացվում են օրենքով սահմանված կարգով:
6. Շրջիկ առեւտրի կետերով վաճառք կատարելիս պետք է ստեղծվեն պայմաններ` ապահովելու վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակը:
Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջապես գետնին, մայթին, սալահատակին:
Տեղում սպառելու համար (այդ թվում՝ միանգամյա օգտագործման տարաներով) սննդամթերք վաճառելիս շրջիկ առեւտրի կետերը պետք է ունենան տարաները, անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):
7. Վաճառողի կողմից սննդամթերքի կշռափաթեթավորում կատարելիս, ելնելով տվյալ ապրանքատեսակի առանձնահատկությունից, փաթեթավորման համար օգտագործվում են հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության կողմից թույլատրված նյութերից պատրաստված փաթեթավորման միջոցներ: Փաթեթավորվող սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա նշվում են ապրանքի անվանումը, տեսակը, քաշը (նետտո), մեկ կիլոգրամի եւ կշռափաթեթավորված քաշի վաճառքի գինը, փաթեթավորման օրը, նաեւ պիտանիության ժամկետը:
8. Ցուցահանդես-վաճառքները կազմակերպվում եւ անցկացվում են իրավաբանական անձանց եւ (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից:
Ցուցահանդես-վաճառքներում ապրանքների առուվաճառքն իրականացվում է նաեւ նմուշներով, կատալոգներով, ուրվանկարներով, տեղեկագրերով եւ էլեկտրոնային տեղեկատվության միջոցներով:
9. Տոնավաճառները (վերնիսաժները) կազմակերպում են տեղական ինքնակառավարման մարմինները, օրենսդրությամբ սահմանված կարգով, միայն շաբաթ, կիրակի եւ օրենքով սահմանված տոնական օրերին:
10. Ապրանքների վաճառքը սպառողների (գնորդների) պատվերներով կարող է իրականացվել առեւտրի օբյեկտներից:
Վաճառողը պարտավոր է սպառողներին (գնորդներին) ապահովել մատուցվող ծառայությունների ցանկի, պատվերների ընդունման եւ ապրանքների հանձնման ժամկետի, վաճառվող ապրանքների տեսականու եւ գների վերաբերյալ մատչելի եւ ստույգ տեղեկատվությամբ:
Պատվերների ընդունման եւ ապրանքների հանձնման ժամկետները սահմանում է վաճառողը:
Պատվերի ընդունման եւ մատուցվող ծառայության գինը հաշվարկվում է վաճառողի եւ վճարվում գնորդի կողմից՝ ապրանքի հաշվի վճարման հետ միաժամանակ:
11. Դեղերի վաճառքն իրականացվում է դեղատների միջոցով:
Գնորդին (սպառողին) վաճառված պատշաճ որակի դեղերը ենթակա չեն փոխարինման եւ (կամ) վերադարձման:
12. Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների վաճառքն իրականացվում է միայն առանձնացված առեւտրի օբյեկտներում:
Զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի եւ անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
13. Կրպակներում վաճառքի են թույլատրվում միայն արտադրական կշռափաթեթավորում ունեցող եւ հատային ապրանքները:
14. Կրպակներում արգելվում է վաճառել՝
ա) պարտադիր ջերմային ռեժիմով տեղափոխում եւ պահում պահանջող սննդամթերքը, բացառությամբ պաղպաղակի, զովացուցիչ ջրերի եւ գարեջրի, որոնց տեղափոխումը եւ պահումը պետք է կատարվի դրանց տեղափոխման եւ պահման համար նախատեսված հատուկ սառնարաններում.
բ) չափափորձարկում պահանջող ապրանքները:
15. Հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտրի առանձնա- հատկություններն են`
ա) հացի եւ հացաբուլկեղենի մանրածախ առեւտուրն իրականացվում է հացի եւ հացաբուլկեղենի մասնագիտացված խանութներում, առանձնացված տաղավարներում եւ կրպակներում, սննդամթերքի մասնագիտացված խանութների առանձնացված բաժիններում, սպառողական ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի շուկաների տարածքում գտնվող առանձնացված առեւտրի օբյեկտներում, իսկ մանր կշռափաթեթավորված հատային ապրանքները` նաեւ շրջիկ առեւտրի կետերի միջոցով.
բ) առաքվող ապրանքներն ուղեկցող հաշվարկային փաստաթղթում պարտադիր պետք է նշված լինեն վառարանից արտադրանքի հանման ժամը եւ քաշը:
16. Արգելվում է ալկոհոլային խմիչքների վաճառքն ուսումնական հաստատություններում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առեւտրի օբյեկտներում:
17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրը կազմակերպվում է մշտակա (ստացիոնար) կայանների միջոցով` օրենքով սահմանված կարգով այդ նպատակի համար հատկացված վայրերում:
18. Շրջիկ առեւտրի միջոցներով հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկ գազի, սեղմված բնական գազի մանրածախ առեւտուրն արգելվում է:
19. Կենդանի կենդանիների վաճառքն իրականացվում է միայն կենդանիների շուկաներում եւ առանձնացված առեւտրի օբյեկտներում:
Առեւտրի օբյեկտներում արգելվում է վաճառել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0101-0105 ծածկագրերին դասվող կենդանի կենդանիներ (ձիեր, ավանակներ, ջորիներ, խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, ոչխարներ, այծեր, տնային հավեր, բադեր, սագեր, հնդկահավեր եւ խայտահավեր):
20. Արտադրատեխնիկական նշանակության ապրանքների վաճառքն արտադրողները եւ (կամ) մատակարարները իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:
21. Հայաստանի Հանրապետությունում գործող օտարերկրյա դիվանագիտական անձնակազմի սպասարկումը կարող է իրականացվել առանձնացված խանութներում:
Այդ խանութներում վաճառքի եւ սպասարկման առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 10. Հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքի իմաստով հանրային սննդի ծառայության հիմնական հասկացություններն են`
հանրային սնունդ` խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման եւ (կամ) սպառման կազմակերպում.
հանրային սննդի ծառայություն` սպառողների սննդի եւ հանգստի անցկացման պահանջների բավարարմանն ուղղված, վաճառողի միջոցով մատուցվող ծառայությունների համալիր.
խոհարարական արտադրանք՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների եւ կիսապատրաստվածքների համախումբ.
ճաշացուցակ՝ կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի, գնովի ապրանքների ցուցակ, որը վաճառողն առաջարկում է սպառողին` զանգվածի գնի նշումով.
հանրային սննդի օբյեկտներ՝ հանրային սննդի ծառայությանիրականացմանհամար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ այլ վայր.
վաճառող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն աշխատանքներ է կատարում խոհարարական արտադրանքի պատրաստման, իրացման եւ (կամ) սպառման կազմակերպման ուղղությամբ.
աշխատող ` վարձատրության դիմաց վաճառողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող` անմիջականորեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձ:
Հոդված 11. Հանրային սննդի օբյեկտների դասակարգումը եւ դրանց ներկայացվող պահանջները
1. Հանրային սննդի օբյեկտները դասակարգվում են հետեւյալ տեսակների` ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ եւ խոհարարական արտադրանքի պատրաստման եւ իրացման այլ օբյեկտներ:
2. Հանրային սննդի ծառայություններն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով, այդ թվում՝ օրենքով սահմանված կարգով ստուգաչափված կշեռքներով, կշռաքարերով եւ չափման այլ համապատասխան թույլատրելի միջոցներով, ինչպես նաեւ տվյալ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:
4. Բոլոր տեսակի հանրային սննդի օբյեկտները պետք է ունենան դեպի օբյեկտի մուտք տանող մատուցային եւ հետիոտնային ճանապարհներ, անհրաժեշտ տեղեկատվական ցուցանակներ, սանհանգույցներ:
5. Հանրային սննդի օբյեկտներում թույլատրվում է ալկոհոլային խմիչքների լցնովի վաճառքը:
6. Ուսումնական հաստատություններում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող հանրային սննդի օբյեկտներում արգելվում է ալկոհոլային խմիչքների իրացումը:
7. Հ անրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
Հոդված 12. Հանրային սննդի օբյեկտի վաճառողին եւ աշխատողին ներկայացվող
պահանջները
1. Վաճառողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Վաճառողն ինքնուրույն է որոշում սպառողներին սպասարկելու ձեւերը եւ մեթոդները:
3. Վաճառողը պետք է ունենա ճաշացուցակ, որը ներկայացվում է սպառողին (գնորդին) :
Ճաշացուցակում նշվում է խոհարարական արտադրանքի զանգվածը եւ վերջինիս այն գինը, որը ենթակա է սպառողի կողմից վերջնական վճարման:
4. Վաճառողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ ազգային ստանդարտին համապատասխան պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող վաճառողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
5. Վաճառողն ապահովում է հանրային սննդի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստ կրելը:
6. Աշխատողներից՝ սրահի վարիչը, բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ:
7. Մատուցողի ներկայացրած հաշվում (որի երկրորդ օրինակը սահմանված կարգով մնում է վաճառողի մոտ) նշվում են նրա ազգանունը, սպասարկման օրը, կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի, գնովի ապրանքների անվանումները, քանակը, զանգվածը եւ վճարման ենթակա վերջնական գինը:
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 13. Հիմնական հասկացությունները
Սույն օրենքի իմաստով կենցաղային ծառայության հիմնական հասկացություններն են`
կենցաղային ծառայություն ` սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար՝ նրանց պատվերով կատարողի կողմից մատուցվող ծառայություն:
Կենցաղային ծառայությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
կենցաղային ծառայության օբյեկտներ ՝ կենցաղային ծառայությունների համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված շենք, շինություն կամ տարածք.
կատարող` սպառողների համար պայմանագրով աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.
աշխատող` վարձատրության դիմաց կատարողի հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատող` անմիջականորեն ծառայություն մատուցող ֆիզիկական անձ:
Հոդված 14. Կենցաղային ծառայության օբյեկտներին ներկայացվող պահանջները
1. Կենցաղային ծառայության օբյեկտներում գործունեությունն իրականացնում են իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում՝ սպառողներին տեսանելի տեղում, փակցվում է մատուցվող ծառայությունների գնացուցակը:
3. Կենցաղային ծառայության օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:
Հոդված 15. Կենցաղային ծառայության օբյեկտների կատարողին եւ աշխատողին
ներկայացվող պահանջները
1. Կատարողը պարտավոր է ապահովել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դրույթների պահանջների կատարումը:
2. Կենցաղային ծառայության օբյեկտներում ծառայությունների պատվերների ընդունման տեղը եւ ձեւը որոշում է կատարողը:
3. Օրենսդրությամբ սահմանված դեպքերում, առանձին կենցաղային ծառայությունների մասով, կենցաղային ծառայություններ մատուցող աշխատողը պարտավոր է ունենալ համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ կամ առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:
4. Կատարողը յուրաքանչյուր աշխատողին ապահովում է իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատված անվանաքարտով՝ աշխատողի լուսանկարով, անվան, ազգանվան եւ պաշտոնի նշմամբ:
Անհատ ձեռնարկատեր հանդիսացող կատարողը պարտավոր է կրել անվանաքարտ` իր լուսանկարով, անվան, ազգանվան եւ անհատ ձեռնարկատիրոջ վկայականի համարի նշմամբ:
Անվանաքարտ կրելու կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 16. Պետական կառավարման լիազոր մարմինը եւ նրա իրավասությունները
Առեւտրի եւ ծառայությունների ոլորտի պետական կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինը:
Հոդված 17. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահպանման նկատմամբ հսկողությունը, բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին մասի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» ենթակետերի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի, 12-րդ հոդվածի 4-րդ մասի, 14-րդ հոդվածի 1-ին մասի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, սույն հոդվածով նախատեսված գործառույթների կատարման մասով, հաշվետու են տարածքային կառավարման մարմիններին (Երեւանում` քաղաքապետին , մարզերում` մարզպետին) :
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջները խախտելու համար
Սույն օրենքի պահանջները խախտելու համար առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 19. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի համար` երկու տարվա ընթացքում, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:
3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ եւ բարձրլեռնային բնակավայրերի համար` երեք տարվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.12.2004
ՀՕ-134