Օրենքը չի գործում:
Գործում է «Քրեակատարողական օրենսգիրք» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Ընդունվել է 24.12.2004
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ
  • ԲԱԺԻՆ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  • Գլուխ 1.Ընդհանուր դրույթներ
  • Գլուխ 2.Դատապարտյալի իրավական վիճակը
  • Գլուխ 3.Դատապարտյալի ուղղումը
  • Գլուխ 4.Վերահսկողությունը եւ հսկողությունը պատիժները կատարելու նկատմամբ: Պատասխանատվությունը դատարանի դատավճիռը չկատարելու համար
  • ՀԱՏՈՒԿ ՄԱՍ
  • ԲԱԺԻՆ 2. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
  • ԲԱԺԻՆ 3. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ
  • Գլուխ 11.Կարգապահական գումարտակում պահելը կատարելը
  • Գլուխ 12.Կալանքը կատարելը
  • Գլուխ 13.Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարման ընդհանու դրույթներ
  • Գլուխ 14.Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում եւ այն ապահովելու միջոցները
  • Գլուխ 15.Պատժի կրման պայմանները ուղղիչ հիմնարկներում
  • Գլուխ 16.Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի աշխատանքը, կրթությունը, ինչպես նաեւ կազմակերպվող մշակութային, լուսավորչական, կրոնական եւ մարզական միջոցառումները
  • Գլուխ 17.Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի եւ տույժի միջոցները
  • Գլուխ 18.Ազատազրկման կատարումն ուղղիչ հիմնարկներում
  • ԲԱԺԻՆ 4. ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ
  • Գլուխ 19. Պատժից ազատելը
  • Գլուխ 20.Պատժից ազատվող դատապարտյալին ցուցաբերվող օգնությունը
  • Գլուխ 21.Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ
  • Գլուխ 22.Վերահսկողությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում
  • ԲԱԺԻՆ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
  • Հավելված. Ցանկ դատարանի դատավճռով բռնագրավման ոչ ենթակա գույքի
     

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍ

    ԲԱԺԻՆ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    ԳԼՈՒԽ 1

    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը

    1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը բաղկացած է սույն օրենսգրքից եւ իրավական այլ ակտերից։

    2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքը հիմնվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի վրա։

    Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի խնդիրները

    1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի խնդիրներն են՝ սահմանել քրեական պատիժներ (այսուհետ՝ պատիժներ) կատարելու եւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու եւ կրելու կարգն ու պայմանները, ապահովել դատապարտյալի ուղղման համար անհրաժեշտ պայմաններ, պաշտպանել նրա իրավունքները եւ ազատությունները:

    2. Սույն օրենսգրքի խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրքն ամրագրում է պատժի կատարման հիմքը, քրեակատարողական օրենսդրության սկզբունքները, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները եւ ազատություններն ապահովելու երաշխիքները, պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու, առանձին պատժատեսակներ կատարելու, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջան նշանակելու եւ փորձաշրջանի ընթացքում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ պատժից ազատելու կարգը։

    Հոդված 3. Քրեակատարողական օրենսդրության գործողությունը ժամանակի ընթացքում եւ տարածության մեջ

    1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը կիրառվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

    2. Պատիժների կատարումը կարգավորվում է կատարելու պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ: Պատիժները կատարելու եւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու եւ կրելու կարգն ու պայմանները խստացնելուն ուղղված կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքներն ու իրավական այլ ակտեր հետադարձ ուժ չունեն:

    Հոդված 4. Պատիժը կատարելու եւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու հիմքը

    Պատիժը կատարելու, ինչպես նաեւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու հիմքը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ որոշումն է, ինչպես նաեւ համաներման կամ ներման ակտը:

    Հոդված 5. Քրեակատարողական օրենսդրության սկզբունքները

    Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությունը հիմնվում է մարդասիրության, օրինականության, օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության, պատիժների կատարումը տարբերակելու եւ անհատականացնելու, պատիժների եւ ուղղման միջոցների զուգակցման սկզբունքների վրա։

    Հոդված 6. Մարդասիրության սկզբունքը

    1. Պատժի կատարումը, ինչպես նաեւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը չպետք է զուգակցվեն անձի նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես նաեւ այնպիսի գործողություններով, որոնք կարող են հանգեցնել անձի սոցիալ-հոգեբանական զարգացման հետընթացի:

    2. Դատավճռի հիման վրա ազատությունից զրկված ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար:

    Հոդված 7. Օրինականության սկզբունքը

    Պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն օրենքով իրենց վերապահված գործողություններ: Պաշտոնատար անձանց գործողությունների կատարումը կարող է բողոքարկվել դատարան կամ օրենքով նախատեսված այլ մարմին։

    Հոդված 8. Օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության սկզբունքը

    Պատիժը կատարելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր դատապարտյալների վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:

    Հոդված 9. Պատժի կատարումը տարբերակելու եւ անհատականացնելու սկզբունքը

    Պատիժը կատարելու տարբերակումն ու անհատականացումը հարկադրանքի միջոցների, դատապարտյալի ուղղման եւ նրա օրինապահ վարքագիծը խթանելու եղանակների նպատակահարմար կիրառումն է, որն իրականացվում է դատապարտյալի անձը տարբերակելու եւ անհատականացնելու միջոցով:

    Հոդված 10. Պատժի եւ ուղղման միջոցների զուգակցման սկզբունքը

    Դատապարտյալի ուղղման եւ սոցիալական վերականգնման, ինչպես նաեւ նրանում օրինապահ վարքագիծ ձեւավորելու նպատակով պատիժը կարող է զուգակցվել օրենքով նախատեսված ուղղման միջոցների հետ:

    ԳԼՈՒԽ 2

    ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

    Հոդված 11. Դատապարտյալի իրավական վիճակը

    1. Հայաստանի Հանրապետությունը պաշտպանում է դատապարտյալի իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պատիժը կատարելու ընթացքում, ապահովում է դատապարտյալի նկատմամբ կիրառվող հարկադրանքի միջոցների օրինականությունը։

    2. Պատիժը կատարելու ընթացքում դատապարտյալի իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել դատարանի դատավճռով, սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:

    3. Դատապարտյալը քաղաքացիական պարտականությունների կատարումից կարող է ազատվել միայն օրենքով նախատեսված դեպքերում։

    4. Դատապարտյալի իրավունքները, ազատությունները եւ պարտականություններն իրականացնելու կարգը սահմանվում է սույն օրենսգրքով, ինչպես նաեւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։ Դատապարտյալը իր իրավունքները, ազատությունները եւ պարտականություններն իրականացնելիս չպետք է խախտի պատիժը կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաեւ ոտնահարի այլ անձանց իրավունքները կամ օրինական շահերը։

    5. Օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալի իրավունքները եւ պարտականությունները սահմանվում են սույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

    Հոդված 12. Դատապարտյալի հիմնական իրավունքները

    1. Դատապարտյալն իրավունք ունի՝

    1) մայրենի կամ իրեն հասկանալի այլ լեզվով տեղեկություններ ստանալու իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների, դատարանի նշանակած պատժի կատարման կարգի եւ պայմանների, դրանց փոփոխությունների, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների, ինչպես նաեւ միջազգային համապատասխան փաստաթղթերի մասին.

    2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.

    3) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմ, նրանց վերադաս մարմիններ, դատարան, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակական միավորումներ եւ կուսակցություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններ կամ կազմակերպություններ.

    4) առողջության պահպանման, այդ թվում՝ բավարար սնունդ, բժշկական օգնություն ստանալու.

    5) սոցիալական ապահովության.

    6) իրավաբանական օգնություն ստանալու.

    7) անձնական անվտանգության ապահովման.

    8) մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.

    9) արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու, այդ թվում՝ վարելու նամակագրություն, ունենալու տեսակցություններ, օգտվելու հեռախոսակապից, գրականությունից եւ հնարավոր լրատվական միջոցներից.

    10) հանգստի, ներառյալ՝ բացօթյա զբոսանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշերային քնի իրավունքը.

    11) իր անվամբ կամ ազգանվամբ կոչվելու.

    12) անձնական ընդունելության խնդրանքով դիմելու պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարին, այդ մարմնի կամ հիմնարկի գործունեության նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններ.

    13) քաղաքացիաիրավական գործարքների մասնակցելու.

    14) հնարավոր եւ օրենքով նախատեսված կրթություն ստանալու, ստեղծագործ աշխատանքով զբաղվելու.

    15) պատիժը կատարող հիմնարկի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերելու լրացուցիչ սնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ.

    16) դրամական փոխանցումներ, հանձնուքներ եւ ծանրոցներ ստանալու եւ ուղարկելու:

    2. Դատապարտյալին կարող են վերապահվել օրենքով սահմանված այլ իրավունքներ:

    3. Օտարերկրյա քաղաքացի դատապարտյալն իրավունք ունի կապեր հաստատելու եւ պահպանելու Հայաստանի Հանրապետությունում իր պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ: Այն դատապարտյալը, ով Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հաստատություն չունեցող երկրի քաղաքացի է, ինչպես նաեւ փախստականը կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունեն կապեր հաստատելու եւ պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հաստատության հետ, որը ստանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:

    Հոդված 13. Դատապարտյալի պարտականությունները

    1. Դատապարտյալը պարտավոր է՝

    1) դրսեւորել օրինապահ վարքագիծ, կատարել եւ պահպանել պատիժը կամ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կրելու կարգը եւ պայմանները սահմանող իրավական ակտերի պահանջները.

    2) բարեկիրթ վերաբերմունք դրսեւորել պատիժները կատարող մարմինների կամ հիմնարկների ծառայողների եւ աշխատողների, այդ մարմիններ կամ հիմնարկներ այցելող անձանց եւ մյուս դատապարտյալների նկատմամբ.

    3) պահպանել անձնական եւ ընդհանուր հիգիենայի կանոնները.

    4) խնամքով վերաբերվել պատիժները կատարող հիմնարկների գույքին.

    5) կատարել պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի օրինական պահանջները:

    2. Դատապարտյալն իր պարտականությունները, ինչպես նաեւ պատիժները կատարող մարմինների եւ հիմնարկների վարչակազմի օրինական պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է օրենքով սահմանված պատասխանատվության:

    Հոդված 14. Դատապարտյալի իրավունքների եւ պարտականությունների տարբերակումը

    Դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարբերակվում են՝ հիմք ընդունելով դատավճռով նշանակված պատժի, առանձին դեպքերում՝ նաեւ ուղղիչ հիմնարկի տեսակը եւ դրանում սահմանված ներքին կանոնակարգը:

    Հոդված 15. Դատապարտյալի առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգը

    1. Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։ Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում, ուղարկվում են հասցեատերերին:

    2. Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները գրաքննության ենթակա չեն:

    3. Պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ դատապարտյալի ներկայացրած առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կասեցնում այդ որոշումների եւ գործողությունների կատարումը։

    4. Դատապարտյալի առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկող մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում եւ ընդունված որոշումների մասին տեղյակ պահել դատապարտյալին։

    5. Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը դատապարտյալի նկատմամբ իր իրավունքների եւ օրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում: Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

    ԳԼՈՒԽ 3

    ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՈՒՂՂՈՒՄԸ

    Հոդված 16. Դատապարտյալի ուղղումը

    Դատապարտյալի ուղղումը մարդու, հասարակության, համակեցության կանոնների եւ ավանդույթների նկատմամբ դատապարտյալի հարգալից վերաբերմունքի ձեւավորումն է, ինչպես նաեւ վերջիններիս օրինապահ վարքագծի խթանումը՝ դատապարտյալի մոտ առողջ կենսակերպի ամրապնդման եւ զարգացման նպատակով:

    Հոդված 17. Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցները

    1. Դատապարտյալի ուղղման հիմնական միջոցներն են պատիժները կատարելու եւ կրելու սահմանված կարգն ու պայմանները, դատապարտյալի հետ տարվող սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքները, դատապարտյալի աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական եւ նման այլ զբաղվածությունը, ինչպես նաեւ հասարակական ներգործությունը: Ուղղման միջոցների առանձին տեսակներ անչափահասների համար կրում են պարտադիր բնույթ:

    2. Ուղղման միջոցները կիրառվում են՝ հաշվի առնելով պատժի տեսակը, դատապարտյալի անձը եւ պատժի կրման ընթացքում նրա դրսեւորած վարքագիծը, կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դատապարտյալի վերաբերմունքն իր կատարած հանցագործությանը, պատժի ժամկետը, ուղղիչ հիմնարկի տեսակը, ինչպես նաեւ պատժի կատարումը տարբերակելու ու անհատականացնելու սկզբունքով պայմանավորված այլ հանգամանքներ:

    3. Սոցիալական, հոգեբանական, իրավական եւ դաստիարակչական աշխատանքներին դատապարտյալի մասնակցությունը հաշվի է առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս, ինչպես նաեւ նրա նկատմամբ սահմանված կարգով խրախուսանքի եւ տույժի միջոցներ կիրառելիս:

    ԳԼՈՒԽ 4

    ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ: ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Հոդված 18. Դատական վերահսկողությունը

    1. Պատիժներ կատարող մարմնի եւ հիմնարկի վարչակազմը դատարանին հայտնում է պատիժը կատարելու մասին:

    2. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով դատարանը քննարկում է դատապարտյալի բողոքները՝ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ։

    Հոդված 19. Գերատեսչական վերահսկողությունը

    Պատիժներ կատարող մարմինների եւ հիմնարկների գործունեության նկատմամբ վերադաս մարմինները եւ դրանց պաշտոնատար անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են գերատեսչական վերահսկողություն։

    Հոդված 20. Պատիժները կատարելու եւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու նկատմամբ դատախազական հսկողությունը

    Պատիժները կատարելու եւ պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցները կիրառելու նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացվում է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

    Հոդված 21. Հասարակական հսկողությունը

    1. Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կազմավորած հասարակական դիտորդների խմբի միջոցով:

    2. Հասարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քսանմեկը: Հասարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունների ժամկետը երեք տարի է:

    3. Պատիժները կատարելու նկատմամբ հասարակական հսկողության իրականացման կարգը, ինչպես նաեւ հասարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավասությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

    Հոդված 22. Անարգել մուտքն ու ելքը պատիժը կատարելու վայրեր

    1. Առանց հատուկ թույլտվության պատիժը կատարելու վայրեր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն՝

    1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.

    2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաեւ այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.

    3) պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.

    4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.

    5) մարդու իրավունքների պաշտպանը.

    6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են պատիժը կատարելու հետ կապված հարցերը, դատապարտյալի իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպես նաեւ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի գործողությունների դեմ ներկայացված բողոքները.

    7) պատիժները կատարելու նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները:

    2. Պատիժը կատարող հիմնարկ մուտքի եւ ելքի կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

    Հոդված 23. Պատասխանատվությունը դատարանի դատավճիռը չկատարելու համար

    Դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ դատական այլ ակտը չկատարող կամ դրա կատարմանը խոչընդոտող իշխանության ներկայացուցիչը, պետական ծառայողը, տեղական ինքնակառավարման մարմնի, պետական, առեւտրային կամ այլ կազմակերպության պաշտոնատար անձը, ինչպես նաեւ դատավճռի պահանջները խախտող դատապարտյալը պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

    ՀԱՏՈՒԿ ՄԱՍ

    ԲԱԺԻՆ 2. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

    ԳԼՈՒԽ 5

    ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

    Հոդված 24. Տուգանքի կատարումը

    1. Տուգանքի, որպես հիմնական պատժի, կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի քրեակատարողական ծառայության տվյալ տարածքային մարմինը՝ քրեակատարողական տեսչությունը (այսուհետ` քրեակատարողական տեսչություն):

    2. Տուգանքի, որպես լրացուցիչ պատժի, կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող հիմնարկը:

    3. Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ եւ ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը՝ վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին կամ հիմնարկ:

    4. Դատապարտյալի կողմից դատավճռով որպես տուգանք նշանակված գումարն անհապաղ եւ ամբողջությամբ չվճարելու դեպքում տուգանքը կատարվում է հարկադիր կարգով:

    5. Պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պատժի կատարումը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որն անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ դա կատարելու անհնարինության մասին:

    Հոդված 25. Տուգանքի հարկադիր կատարման կարգը

    Տուգանքը հարկադիր կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի պահանջները:

    Հոդված 26. Տուգանքը վճարելու անհնարինությունը եւ դրա հետեւանքները

    1. Դատարանը դատապարտյալի կամ քրեակատարողական տեսչության միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում: Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում:

    2. Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:

    3. Տուգանքը վճարելու անհնարինության դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով:

    4. Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատավճիռը կայացնող դատարան:

    5. Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:
     


    ԳԼՈՒԽ 6

    ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 27. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու կատարումը

    1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` հիմնական պատժի կատարումն ապահովում է քրեակատարողական տեսչությունը:

    2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու` լրացուցիչ պատժի կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը, իսկ հիմնական պատիժը կրելուց հետո՝ քրեակատարողական տեսչությունը:

    3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դատապարտված անձի (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) կողմից զինվորական ծառայության կամ այլընտրանքային ծառայության անցնելու դեպքում քրեակատարողական տեսչությունը զինվորական կոմիսարիատ կամ դատապարտյալի ծառայության վայր է ուղարկում դատավճռի պատճենը` ծառայության ընթացքում տվյալ պատժի կրումը շարունակելու նպատակով:

    Հոդված 28. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

    1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջները պարտադիր են դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի համար:

    2. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմը՝

    1) ապահովում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին օրինական ուժի մեջ մտած դատավճռի պահանջների կատարումը՝ դատավճռի պատճենը եւ քրեակատարողական մարմնի ծանուցումը ստանալու պահից հինգ օրվա ընթացքում, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկում դատավճռով` դատապարտյալին արգելված պաշտոնները զբաղեցնելու կամ արգելված գործունեությամբ զբաղվելու հետ կապված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից զրկելու ուղղությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով քրեակատարողական համապատասխան մարմնին կամ հիմնարկին.

    2) քրեակատարողական տեսչության պահանջով ներկայացնում է պատիժը կատարելու հետ կապված փաստաթղթեր.

    3) դատապարտյալի հետ աշխատանքային պայմանագիրը փոխելու կամ դադարեցնելու դեպքում հնգօրյա ժամկետում այդ մասին հաղորդում է քրեակատարողական տեսչությանը.

    4) պատիժը չկրած դատապարտյալին պետական եւ այլ հիմնարկներում կամ կազմակերպություններում զբաղեցրած որոշակի պաշտոնից ազատելու դեպքում նրա աշխատանքային գրքույկում գրանցում է կատարում այն մասին, թե ինչ հիմքով, ինչ ժամկետով եւ ինչ պաշտոն զբաղեցնելու իրավունքից է նա զրկված:

    Հոդված 29. Որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու իրավասություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների պարտականությունները

    1. Դատապարտյալին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին դատարանի դատավճռի պահանջները պարտադիր են այն մարմինների կամ կազմակերպությունների համար, որոնք իրավասու են նման գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու կամ այն վերացնելու:

    2. Իրավասու մարմինները կամ կազմակերպությունները դատարանի դատավճռի պատճենը եւ քրեակատարողական տեսչության ծանուցումը ստանալուց հետո` ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, պարտավոր են վերացնել դատապարտյալին արգելված գործունեությամբ զբաղվելու իրավունքի թույլտվությունը կամ համապատասխան ժամկետով կասեցնել այդ թույլտվության գործողությունը՝ նրան զրկելով համապատասխան փաստաթղթից, որը նրան իրավունք է վերապահում զբաղվելու տվյալ գործունեությամբ՝ այդ մասին պաշտոնապես տեղյակ պահելով քրեակատարողական տեսչությանը:

    3. Եթե արգելված գործունեությամբ զբաղվելու նախկին թույլտվությունը հավաստված է դատավճռով սահմանվածից տարբեր այնպիսի փաստաթղթով, որը տրված է ավելի երկար ժամկետով կամ պարունակում է այլ գործունեության տեսակով զբաղվելու իրավունք, ապա համապատասխան մարմինը թույլտվությունը հավաստող փաստաթղթում նշում է կատարում համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին՝ հղում կատարելով դատավճռին եւ նշելով զրկման ժամկետը, իսկ նշում կատարելու անհնարինության դեպքում թույլտվությունը հավաստող փաստաթուղթն անվճար փոխարինում է մեկ այլ ժամանակավոր փաստաթղթով:

    Հոդված 30. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետի հաշվարկումը

    1. Որպես հիմնական կամ որպես լրացուցիչ պատիժ նշանակված որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետը հաշվարկվում է դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

    2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարգապահական գումարտակում պահելու, կալանքի կամ որոշակի ժամկետով ազատազրկման հետ որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս տարածվում է հիմնական պատիժը կրելու ամբողջ ժամանակի վրա, ընդ որում, լրացուցիչ պատժի ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը կրելուց հետո:

    3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետի մեջ չի հաշվարկվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը զբաղեցրել է իրեն արգելված պաշտոններ կամ զբաղվել է իրեն արգելված գործունեությամբ:

    Հոդված 31. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված դատապարտյալի պարտականությունները

    Դատապարտյալը պարտավոր է՝

    1) կատարել դատավճռի պահանջները.

    2) կատարել քրեակատարողական տեսչության ծառայողների օրինական պահանջները, ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապված են պատիժը կրելու հետ.

    3) հնգօրյա ժամկետում քրեակատարողական տեսչությանը տեղեկացնել աշխատանքի, այն փոխելու կամ աշխատանքից ազատվելու մասին:

    ԳԼՈՒԽ 7

    ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 32. Հանրային աշխատանքներ կատարելը

    1. Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է քրեակատարողական տեսչությունը` իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի որոշած վայրերում:

    2. Հանրային աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հանրային աշխատանքներին ներգրավվում է քրեակատարողական տեսչություն ներկայանալու պահից տասնհինգ օրվա ընթացքում:

    3. Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաեւ պատիժը կրելու կարգը եւ պայմանները նրան բացատրում է քրեակատարողական տեսչությունը:

    Հոդված 33. Հանրային աշխատանքներ կատարելու կարգը

    1. Դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսեւորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաեւ բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել քրեակատարողական տեսչությանը:

    2. Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձեւով պատժի կատարումը:

    3. Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաեւ հղիության դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:

    4. Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Հոդված 34. Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ

    1. Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով քրեակատարողական տեսչությունը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում եւ կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

    2. Դատապարտյալը պարտավոր է քրեակատարողական տեսչությանը տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին: Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին քրեակատարողական տեսչությանը կարող է տեղեկացնել նաեւ տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:

    3. Հանրային աշխատաժամերի հաշվառման քարտի ձեւը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

    Հոդված 35. Դատապարտյալի պատասխանատվությունը

    1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում քրեակատարողական տեսչությունը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

    2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների սահմաններում:

    3. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`

    1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հիսուն ժամից պակաս հանրային աշխատանքներ՝ առանց հարգելի պատճառի.

    2) մեկ ամսվա ընթացքում երկուսից ավելի անգամ խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները:

    ԳԼՈՒԽ 8

    ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԻՑ, ԿԱՐԳԻՑ, ԱՍՏԻՃԱՆԻՑ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԻՑ ԶՐԿԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 36. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելը

    1. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելն ապահովում է հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը:

    2. Հիմնական պատիժը կատարող մարմինը կամ հիմնարկը հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու մասին դատավճռի պատճենը ստանալուց եւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դատավճռի պատճենն ուղարկում է այդ կոչումը, կարգը, աստիճանը կամ որակավորման դասը շնորհած մարմին կամ պաշտոնատար անձին՝ համապատասխան գործողություններ կատարելու նպատակով։

    Հոդված 37. Հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը կատարելու կարգը

    Հատուկ կամ զինվորական կոչում, կարգ, աստիճան կամ որակավորման դաս շնորհած մարմինը կամ պաշտոնատար անձը դատավճռի պատճենը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, կատարում է համապատասխան գործողություններ՝ հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու դատապարտված անձին (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու նպատակով, ինչպես նաեւ միջոցներ ձեռնարկում այդ կոչման, կարգի, աստիճանի կամ որակավորման դասի հետ կապված բոլոր իրավունքներից եւ արտոնություններից նրան զրկելու ուղղությամբ՝ այդ մասին մեկամսյա ժամկետում պաշտոնապես տեղյակ պահելով համապատասխան քրեակատարողական մարմնին կամ հիմնարկին:

    ԳԼՈՒԽ 9

    ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 38. Գույքի բռնագրավումը կատարելը

    1. Գույքի բռնագրավման կատարումն ապահովում է հիմնական պատիժը կատարող քրեակատարողական հիմնարկը:

    2. Քրեակատարողական հիմնարկը գույքի բռնագրավման մասին դատավճիռը ստանալուց հետո պատիժը կատարելը վերապահում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, որը տրամադրում է համապատասխան տեղեկատվություն՝ պատիժը կատարելու կամ այն կատարելու անհնարինության մասին:

    Հոդված 39. Գույքի բռնագրավումը կատարելու կարգը

    Գույքի բռնագրավումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջները:

    Հոդված 40. Բռնագրավման ենթակա գույքը

    Բռնագրավման ենթակա գույքը ներառում է գույքի բռնագրավման դատապարտված անձին սեփականության իրավունքով պատկանող գույքը, բացառությամբ սույն օրենսգրքին կից հավելվածով նախատեսված գույքի:

    ԳԼՈՒԽ 10

    ՈՒՂՂԻՉ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 41. Ուղղիչ աշխատանքները կատարելը

    1. Ուղղիչ աշխատանքների կատարումն ապահովում է քրեակատարողական տեսչությունը:

    2. Ուղղիչ աշխատանքների դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատիժը կրում է իր հիմնական աշխատանքի վայրում կամ քրեակատարողական տեսչության նշանակմամբ՝ դատապարտյալի բնակության շրջանի այլ վայրերում:

    3. Դատապարտյալի հաշվառումը, դատապարտյալի կողմից պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաեւ պատիժը կրելու կարգը եւ պայմանները նրան բացատրում է քրեակատարողական տեսչությունը:

    Հոդված 42. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու պայմանները

    1. Դատապարտյալը պարտավոր է պահպանել պատիժը կրելու կարգն ու պայմանները, բարեխիղճ վերաբերմունք դրսեւորել աշխատանքին, կատարել իր պարտականությունները, ըստ անհրաժեշտության ներկայանալ քրեակատարողական տեսչություն՝ վերջինիս կանչով:

    2. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու ընթացքում դատապարտյալին արգելվում է առանց քրեակատարողական տեսչության գրավոր թույլտվության, սեփական դիմումի համաձայն, ազատվել աշխատանքից: Թույլտվությունը կարող է տրամադրվել ազատման հիմնավորվածությունը պարզելուց հետո: Թույլտվություն տրամադրելու մերժումը պետք է պատճառաբանված լինի: Մերժման որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

    3. Աշխատանք չունեցող դատապարտյալն իրավունք չունի հրաժարվելու զբաղվածության պետական ծառայության կամ քրեակատարողական տեսչության առաջարկած աշխատանքից, իսկ առաջարկ չլինելու դեպքում նա պարտավոր է ինքնուրույն տեղավորվել աշխատանքի:

    4. Աշխատանքը կամ բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալը պարտավոր է տասն օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել քրեակատարողական տեսչությանը:

    5. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու ընթացքում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

    Հոդված 43. Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկելը

    1. Ուղղիչ աշխատանքների ժամկետը հաշվարկվում է ըստ ամիսների եւ տարիների, որոնց ընթացքում դատապարտյալն աշխատել է, եւ նրա աշխատավարձից կատարվել են պահումներ՝ դատավճռով սահմանված չափով:

    2. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու ժամկետի սկիզբ է համարվում դատապարտյալի աշխատանքի վայրի վարչակազմի կողմից քրեակատարողական տեսչությունից դատավճռի կամ որոշման պատճենը եւ այլ փաստաթղթեր ստանալու օրը:

    3. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու ժամկետին հաշվակցվում է այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալը չի աշխատել հարգելի պատճառներով, եւ նրա աշխատավարձը պահպանվել է: Պատժի ժամկետին չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում դատապարտյալն անհարգելի բացակայելու հետեւանքով չի ստացել սահմանված աշխատավարձը կամ ստացել է մասնակիորեն:

    4. Դատապարտյալի՝ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաեւ հղիության դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ նրան պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:

    Հոդված 44. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմի պարտականությունները

    1. Դատապարտյալի աշխատավայրի վարչակազմն ապահովում է դատապարտյալի աշխատավարձից ճիշտ եւ ժամանակին պահումներ կատարելը եւ դրանք սահմանված կարգով փոխանցելը, քրեակատարողական տեսչությանը տեղեկացնում է դատապարտյալի նկատմամբ կիրառված խրախուսանքի եւ տույժի միջոցների, դատապարտյալի` պատիժը կրելուց խուսափելու մասին, ինչպես նաեւ նախապես տեղեկացնում է դատապարտյալին այլ պաշտոնի փոխադրելու կամ աշխատանքից ազատելու մասին:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունները չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

    Հոդված 45. Դատապարտյալի աշխատավարձից պահումներ կատարելու կարգը

    1. Աշխատած յուրաքանչյուր ամսվա հաշվարկով պահումները կատարվում են դատապարտյալի աշխատավարձից աշխատավարձը վճարելիս՝ անկախ կատարողական փաստաթղթերով դրանց նկատմամբ հավակնություններից:

    2. Դատապարտյալի աշխատավարձից կատարված պահումները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

    3. Արդարացվելու դեպքում դատապարտյալի աշխատավարձից պահված գումարներն ամբողջությամբ վերադարձվում են ողջամիտ ժամկետում:

    Հոդված 46. Պատասխանատվությունն ուղղիչ աշխատանքների ձեւով պատժի կարգն ու պայմանները խախտելու համար

    1. Դատապարտյալի` ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելու կարգի ու պայմանների խախտում են համարվում՝

    1) քրեակատարողական տեսչությունում հաշվառվելուց հետո առանց հարգելի պատճառների տասն օր աշխատանքի չներկայանալը կամ միեւնույն ժամկետում զբաղվածության պետական ծառայությունում հաշվառվելուց խուսափելը.

    2) առանց հարգելի պատճառի քրեակատարողական տեսչություն չներկայանալը.

    3) սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելը:

    2. Դատապարտյալի` պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում քրեակատարողական տեսչությունը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է ուղղիչ աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելու հնարավորության մասին:

    3. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով թույլ է տվել պատիժը կրելու կարգի ու պայմանների կրկնակի խախտում՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումներից որեւէ մեկի համար գրավոր նախազգուշացում ստանալուց հետո, ինչպես նաեւ բնակության վայրից թաքնված այն դատապարտյալը, որի գտնվելու վայրը հայտնի չէ:

    4. Ուղղիչ աշխատանքների ձեւով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով ուղղիչ աշխատանքներն այլ պատժատեսակով փոխարինելու նպատակով:

    ԲԱԺԻՆ 3. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    ԳԼՈՒԽ 11

    ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԳՈՒՄԱՐՏԱԿՈՒՄ ՊԱՀԵԼԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 47. Կարգապահական գումարտակում պահելը կատարելը

    1. Կարգապահական գումարտակում պահելու կատարումն ապահովում է այդ նպատակով պաշտպանության բնագավառի կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող կարգապահական գումարտակը:

    2. Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողներին (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) ուղեկցորդելը, փոխադրելը եւ կարգապահական գումարտակ ընդունելը կատարվում են որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց համար սահմանված կարգով:

    Հոդված 48. Կարգապահական գումարտակում պահելու կարգը եւ պայմանները

    1. Կարգապահական գումարտակում սահմանվում է պատիժը կատարելու եւ կրելու որոշակի կարգ, որն ապահովում է դատապարտյալի ուղղումը, պարտականությունների ու զինվորական ծառայության պահանջների կատարումը, իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, դատապարտյալի նկատմամբ հսկողությունը, զինծառայողի եւ կարգապահական գումարտակի անձնակազմի անձնական անվտանգությունը:

    2. Դատապարտյալը պարտավոր է պահպանել կարգապահական գումարտակի՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ներքին կանոնակարգի պահանջները:

    3. Կարգապահական գումարտակի հրամանատարությունը պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հատուկ ծրագրով դատապարտյալի հետ անցկացնում է ֆիզիկական եւ մարտական պատրաստականության դասընթացներ:

    4. Դատապարտյալի նկատմամբ, ուղղման հիմնական միջոցներից բացի, կարող են կիրառվել նաեւ զինվորական ծառայությամբ պայմանավորված ուղղման այլ միջոցներ:

    Հոդված 49. Կարգապահական գումարտակում պահելու կարգի եւ պայմանների առանձնահատկությունները

    1. Դատապարտյալը, անկախ զինվորական կոչումից եւ նախկինում զբաղեցրած պաշտոնից, պատիժը կրելու ընթացքում գտնվում է շարքային կազմի զինծառայողի կարգավիճակում, կրում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված նմուշի՝ առանց տարբերանշանների համազգեստ:

    2. Դատապարտյալը կարող է ներգրավվել չվարձատրվող հասարակական աշխատանքների, բայց օրվա ընթացքում երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

    3. Կարգապահական գումարտակում դատապարտյալին արգելվում է ունենալ կանխիկ դրամ, այդ թվում՝ արտարժույթ, արժեթղթեր, ինչպես նաեւ կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով արգելված առարկաներ եւ իրեր: Հայտնաբերված կանխիկ դրամը, այդ թվում՝ արտարժույթը, արժեթղթերը եւ այլ արժեքավոր իրերը, կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված կարգին համապատասխան` առգրավվում եւ պահվում են մինչեւ պատժից ազատվելը: Դատապարտյալից առգրավված առարկաները եւ իրերը կարգապահական գումարտակի հրամանատարի հրամանով հանձնվում են պահպանության կամ ոչնչացվում են՝ կազմելով համապատասխան արձանագրություն:

    4. Սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության առարկաների ցանկն ու քանակը, որոնք դատապարտյալին թույլատրվում է ունենալ, ձեռք բերել անկանխիկ հաշվարկով կամ ստանալ ծանրոցներով, հանձնուքներով եւ փաթեթներով, սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով: Սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու նպատակով դատապարտյալն իրավունք ունի իր անձնական հաշվից ծախսելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի (այսուհետ` սահմանված նվազագույն աշխատավարձ) մինչեւ երեսնապատիկի չափով գումար:

    Հոդված 50. Դատապարտյալի կապն արտաքին աշխարհի հետ

    1. Կարգապահական գումարտակում ստեղծվում են համապատասխան պայմաններ՝ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու համար: Այդ նպատակով կարգապահական գումարտակում ստեղծվում են կարճատեւ տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

    2. Դատապարտյալն իրավունք ունի ամսական առնվազն երկու կարճատեւ տեսակցության: Տեսակցությունները տրամադրվում են մերձավոր ազգականների հետ, իսկ կարգապահական գումարտակի հրամանատարի թույլտվությամբ` նաեւ այլ անձանց հետ: Դատապարտյալին տրամադրվում են տեսակցություններ պաշտպանի հետ՝ առանց քանակի եւ տեւողության սահմանափակման: Պաշտպանի հետ դատապարտյալի տեսակցությունները տեղի են ունենում մեկուսի, իսկ վերջիններիս ցանկությամբ տեսակցությանը կարող են ներկա գտնվել կարգապահական գումարտակի ներկայացուցիչը կամ ներկայացուցիչները:

    3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ եւ իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել եւ ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաեւ իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու եւ ընդունելու, ինչպես նաեւ դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:

    4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը եւ քանակը սահմանվում են կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով:

    5. Նամակագրությունն իրականացվում է կարգապահական գումարտակի հրամանատարության միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, այն ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի անունով՝ տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

    6. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում կարգապահական գումարտակի սահմաններից դուրս՝ մինչեւ յոթ օր տեւողությամբ, չհաշված մեկնելու եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կարգապահական գումարտակի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվարկվում է պատժի կրման ժամկետի մեջ: Դատապարտյալին զինծառայողների համար նախատեսված արձակուրդներ չեն տրամադրվում: Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ոչ ավելի, քան տարվա ընթացքում երկու անգամ:

    Հոդված 51. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

    1. Օրինապահ վարքագիծ դրսեւորելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ միջոցները.

    1) լրացուցիչ կարճատեւ տեսակցության տրամադրում.

    2) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:

    2. Դատապարտյալին խրախուսանքի կարգով կարգապահական գումարտակի հրամանատարի որոշմամբ կարող է տրամադրվել տարեկան լրացուցիչ մինչեւ երկու կարճատեւ տեսակցություն։

    3. Սույն հոդվածով սահմանված խրախուսանքի միջոցներից բացի, կարող են կիրառվել զինվորական կանոնակարգերով սահմանված խրախուսանքի այլ միջոցներ:

    Հոդված 52. Դատապարտյալների նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

    1. Կարգապահական գումարտակի ներքին կանոնակարգով սահմանված պատժի կրման կարգը եւ պայմանները խախտելու համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.

    1) նկատողություն.

    2) խիստ նկատողություն.

    3) կարգապահական կալանք՝ մինչեւ տասնհինգ օր ժամկետով:

    2. Կարգապահական կալանքը դատապարտյալը կրում է կարգապահական գումարտակի կալանատան մենախցերում:

    3. Կարգապահական կալանք կրելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը եւ ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից եւ զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։

    4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով:

    Հոդված 53. Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի եւ տույժի միջոցներ կիրառելու կարգը

    Դատապարտյալի նկատմամբ կարգապահական գումարտակի հրամանատարի կողմից տույժի եւ խրախուսանքի միջոցներ կիրառելու եւ հաշվառելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը՝ զինվորական կանոնագրքերին համապատասխան:

    Հոդված 54. Դատապարտյալի նյութակենցաղային եւ բուժսանիտարական ապահովումը

    1. Դատապարտյալի նյութակենցաղային եւ բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով։

    2. Դատապարտյալն ապահովվում է առողջության պահպանման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պայմաններով՝ զինծառայողների համար սահմանված չափանիշներով:

    3. Հիվանդանոցային պայմաններում բուժման կարիք ունեցող դատապարտյալները պահախմբի հսկողությամբ փոխադրվում են զինծառայողների համար նախատեսված առողջապահական հիմնարկներ եւ պահվում են հատուկ հիվանդասենյակներում: Դատապարտյալների պահպանությունն ապահովում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի կայազորի պետը:

    ԳԼՈՒԽ 12

    ԿԱԼԱՆՔԸ ԿԱՏԱՐԵԼԸ

    Հոդված 55. Կալանքը կատարելը

    1. Կալանքի կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:

    2. Զինծառայողի նկատմամբ նշանակված կալանքի կատարումն ապահովում է զինվորական կալանատունը:

    3. Կալանքի դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատժի ողջ ժամկետը, որպես կանոն, կրում է պատիժը կրելու նույն վայրում: Դատապարտյալը պատիժը կրելու մեկ վայրից մյուսը կարող է փոխադրվել իր հիվանդության դեպքում կամ անձնական անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ այլ բացառիկ հանգամանքներում, որոնք խոչընդոտում են տվյալ վայրում դատապարտյալի պատիժը կրելուն:

    Հոդված 56. Կալանքը կրելու կարգը եւ պայմանները

    1. Դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:

    2. Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների: Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության եւ սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված դեպքերի: Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք եւ փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների եւ սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:

    3. Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչեւ չորս ժամ տեւողությամբ կարճատեւ տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:

    4. Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տեւողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:

    5. Սույն օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչեւ չորս ժամ տեւողությամբ կարճատեւ տեսակցություն:

    Հոդված 57. Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելը

    Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է սույն օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով:

    Հոդված 58. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

    Դատապարտյալի նկատմամբ պատիժը կատարող հիմնարկի պետը սահմանված կարգով կարող է կիրառել խրախուսանքի հետեւյալ միջոցները.

    1) զբոսանքի ժամանակի մեկ ժամով ավելացում՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով.

    2) հեռախոսակապից մեկանգամյա կամ մինչեւ մեկ ամիս ժամկետով օգտվելու թույլտվություն.

    3) ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

    Հոդված 59. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

    1. Ներքին կանոնակարգով սահմանված պատիժը կրելու կարգի եւ պայմանների խախտման համար դատապարտյալի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.

    1) նկատողություն.

    2) տեղափոխում պատժախուց՝ մինչեւ տասն օր ժամկետով:

    2. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են դրամական փոխանցումները, գրականությունից եւ զանգվածային լրատվությունից օգտվելը եւ աշխատելը։

    3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով:

    Հոդված 60. Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի եւ տույժի միջոցներ կիրառելու կարգը

    Դատապարտյալի նկատմամբ խրախուսանքի եւ տույժի միջոցները կիրառվում են սույն օրենսգրքի 94-րդ եւ 97-րդ հոդվածներով սահմանված կարգով:

    Հոդված 61. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը եւ բուժսանիտարական սպասարկումը

    1. Դատապարտյալի նյութակենցաղային ապահովումը եւ բուժսանիտարական սպասարկումն իրականացվում են ազատազրկման դատապարտված անձի համար սույն օրենսգրքի 74-րդ, 75-րդ, 76-րդ եւ 83-րդ հոդվածներով սահմանված չափանիշներով:

    2. Կալանքի դատապարտված զինծառայողների նյութակենցաղային եւ բուժսանիտարական ապահովումն իրականացվում է զինվորական կանոնագրքերով սահմանված չափանիշներով:
     


    ԳԼՈՒԽ 13

    ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 62. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարումը

    Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման կատարումն ապահովում է ուղղիչ հիմնարկը:

    Հոդված 63. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին ուղղիչ հիմնարկ ուղարկելը

    1. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը (սույն գլխում այսուհետ` դատապարտյալ) պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու եւ այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատեւ տեսակցություն:

    2. Դատապարտյալը պատիժը կրելու է ուղարկվում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 64. Դատապարտյալի փոխադրումը

    1. Դատապարտյալը փոխադրվում է պահախմբով, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական հսկողությամբ, բավարար լուսավորություն եւ օդափոխություն ունեցող, նրան ավելորդ ֆիզիկական անհարմարություն պատճառելը բացառող փոխադրամիջոցով: Փոխադրման ընթացքում դատապարտյալը պետք է ապահովված լինի համապատասխան նյութակենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմաններով, ինչպես նաեւ հնարավորինս պաշտպանված լինի վիրավորանքից եւ հասարակական հետաքրքրասիրությունից:

    2. Դատապարտյալի փոխադրումը կատարվում է պետության հաշվին:

    3. Դատապարտյալը փոխադրվում է անջատ պահելու՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:

    Հոդված 65. Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելը

    1. Դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը՝ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով։

    2. Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը բժշկական զննություն անցնելու եւ ուղղիչ հիմնարկի պայմաններին հարմարվելու նպատակով մինչեւ յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալը գտնվում է պատիժը կրելու առնվազն նույն պայմաններում։ Կարանտինային բաժանմունքում դատապարտյալի գտնվելու առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    3. Ուղղիչ հիմնարկ փոխադրված դատապարտյալը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր հիմնական իրավունքներին եւ պարտականություններին, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին, ինչի մասին տեղեկանքը կցվում է դատապարտյալի անձնական գործին:

    Հոդված 66. Դատապարտյալի գրանցումը

    1. Դատապարտյալը ուղղիչ հիմնարկ փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված մատյաններում եւ անհատական քարտերում:

    2. Յուրաքանչյուր դատապարտյալի համար վարվում է անձնական գործ: Անձնական գործը պետք է ներառի նրա անձին եւ պատիժը կատարելուն վերաբերող պարբերաբար թարմացվող տեղեկություններ, այդ թվում՝ դատապարտյալի նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցի մասին, ուղղիչ հիմնարկ ընդունելու եւ պատժից ազատելու ամսաթվերը: Անձնական գործին կարող են ծանոթանալ դատապարտյալը եւ միայն նման լիազորություն ունեցող անձը:

    3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը երաշխավորում է դատապարտյալի անձնական տվյալների պաշտպանվածությունը հասարակական հետաքրքրասիրությունից:

    Հոդված 67. Պատիժը կրելու վայրի մասին հայտնելը

    1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է դատապարտյալի՝ ուղղիչ հիմնարկ ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուսը փոխադրվելու մասին անհապաղ տեղյակ պահել դատապարտյալի մերձավոր ազգականներին կամ դատապարտյալի նշած անձանց։

    2. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն իրավունք չունի դատապարտյալի գտնվելու վայրի մասին հայտնելու սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց, եթե դատապարտյալը գրավոր դիմում է ներկայացրել այդ մասին, բացառությամբ անչափահասների:

    Հոդված 68. Ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելը

    1. Ուղղիչ հիմնարկում անջատ են պահվում՝

    1) տղամարդիկ՝ կանանցից.

    2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.

    3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձեւով պատիժ կրած դատապարտյալներից.

    4) դատարանների, իրավապահ, մաքսային եւ հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, ինչպես նաեւ ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.

    5) տարափոխիկ հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից.

    6) դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ.

    7) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից.

    8) ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից:

    2. Բուժական ուղղիչ հիմնարկում, ուղղիչ հիմնարկների բուժական ստորաբաժանումներում, ինչպես նաեւ այն ուղղիչ հիմնարկում, որին առընթեր կա մանկատուն, դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կիրառվում են հնարավորինս:

    3. Դատապարտյալներին անջատ պահելու` սույն հոդվածով սահմանված պահանջները կարող են չպահպանվել, եթե նրանք մասնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպած սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների, աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական եւ նման այլ միջոցառումների, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

    Հոդված 69. Պատժի ամբողջ ժամկետը մեկ ուղղիչ հիմնարկում կրելը

    1. Դատապարտյալը պատժի ամբողջ ժամկետը, որպես կանոն, կրում է մեկ ուղղիչ հիմնարկում։

    2. Պատժի հետագա կրելը շարունակելու համար դատապարտյալին մեկ հիմնարկից նույն տեսակի մեկ այլ հիմնարկ տեղափոխել թույլատրվում է նրա հիվանդության, ուղղիչ հիմնարկի վերակազմակերպման կամ լուծարման, դատապարտյալի անձնական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաեւ տվյալ ուղղիչ հիմնարկում դատապարտյալի հետագա գտնվելուն խոչընդոտող այլ բացառիկ հանգամանքների դեպքերում:

    ԳԼՈՒԽ 14

    ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Հոդված 70. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում եւ դրա հիմնական պահանջները

    1. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկում օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կատարելու ու կրելու կարգի եւ պայմանների ամբողջությունն է:

    2. Ուղղիչ հիմնարկներում սահմանված կանոնակարգի նպատակն է՝

    1) ապահովել ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու՝ մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ.

    2) հնարավորինս նվազեցնել ազատազրկման եւ ազատության մեջ գտնվելու միջեւ եղած հոգեբանական տարբերությունները.

    3) ապահովել կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ.

    4) աջակցել դատապարտյալին՝ նրանում ձեւավորելու եւ զարգացնելու այնպիսի հմտություններ եւ ունակություններ, որոնք կօգնեն նրան պատժից ազատվելուց հետո կազմակերպելու հետագա կյանքը:

    3. Ուղղիչ հիմնարկի կանոնակարգի հիմնական պահանջներն են դատապարտյալի պարտադիր տարբերակված մեկուսացումը հասարակությունից եւ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում՝ այլ դատապարտյալներից, ինչպես նաեւ դատապարտյալի կողմից իր պարտականությունների պատշաճ կատարման ապահովումը, դատապարտյալին պահելու տարբեր պայմանների նախատեսումը՝ ելնելով դատապարտյալի անձից եւ նրա վարքագծից, կատարված հանցագործության բնույթից ու հասարակական վտանգավորության աստիճանից, ինչպես նաեւ նրա նկատմամբ մշտական հսկողություն սահմանելը՝ նրա կողմից նոր հանցագործություններ կամ այլ հակաօրինական արարքներ կատարելու հնարավորությունը բացառելու նպատակով:

    Հոդված 71. Կանոնակարգն ուղղիչ հիմնարկներում արտակարգ իրավիճակների դեպքում

    1. Տարերային աղետների, ուղղիչ հիմնարկի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպես նաեւ դատապարտյալների զանգվածային անհնազանդության, ուղղիչ հիմնարկի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ուղղիչ հիմնարկում կարող է սահմանվել արտակարգ իրավիճակի կանոնակարգ։

    2. Արտակարգ իրավիճակի կանոնակարգը սահմանում եւ դադարեցնում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը՝ մինչեւ երեսուն օր ժամկետով: Բացառիկ դեպքերում արտակարգ իրավիճակի կանոնակարգի ժամկետը կարող է երկարաձգվել եւս մինչեւ երեսուն օրով, իսկ հակահամաճարակային նպատակներով՝ մինչեւ դրա անհրաժեշտությունը վերանալը։

    3. Արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում կարող է կասեցվել դատապարտյալի՝ սույն օրենսգրքով սահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության եւ հսկողության ուժեղացված միջոցառումների սահմանման, ծանրոցի եւ հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեսակցությունների դադարեցման, ինչպես նաեւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձեւով: Ուղղիչ հիմնարկում արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում ուղղիչ հիմնարկի գործունեության առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    4. Դատապարտյալի, ուղղիչ հիմնարկի վարչակազմի եւ այլ անձանց կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ուղղիչ հիմնարկի պետը կարող է իրավիճակին համապատասխան միջոցներ կիրառել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված միջոցառումների սահմաններում՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին եւ պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին:

    5. Արտակարգ իրավիճակի կանոնակարգ սահմանելու դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է դատապարտյալներին:

    Հոդված 72. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը

    1. Ուղղիչ հիմնարկներում սահմանվում է ներքին կանոնակարգ, որը նախատեսում է դատապարտյալին ուղղիչ հիմնարկ ընդունելու կարգը, դատապարտյալի վարքագծի կանոնները, դատապարտյալին արգելված առարկաների եւ իրերի ցանկն ու քանակը, արգելված առարկաներն առգրավելու, դատապարտյալի եւ ուղղիչ հիմնարկում նրա կացարանի խուզարկություն, ինչպես նաեւ նրա իրերի զննություն կատարելու, տեսակցության, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները դատապարտյալին հանձնելու, հեռախոսակապից օգտվելու կարգը, օրվա կարգացուցակը եւ սույն օրենսգրքից ու իրավական այլ ակտերից բխող այլ հարցեր։

    2. Դատապարտյալին հնարավորություն է տրվում իր ցանկությամբ լրացուցիչ տեղեկություն ստանալու ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի մասին։ Ներքին կանոնակարգն ամբողջությամբ կամ քաղվածքներով փակցվում է ուղղիչ հիմնարկի՝ բոլորի համար տեսանելի վայրերում:

    3. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

    ԳԼՈՒԽ 15

    ՊԱՏԺԻ ԿՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

    Հոդված 73. Ազատազրկման դատապարտված անձի բնակելի տարածքը

    Ուղղիչ հիմնարկում դատապարտյալին հատկացված բնակելի տարածքը պետք է համապատասխանի ընդհանուր բնակելի տարածքների համար սահմանված շինարարական եւ սանիտարահիգիենիկ չափանիշներին, ինչպես նաեւ ապահովի նրա առողջության պահպանումը: Ուղղիչ հիմնարկում մեկ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության չափը չի կարող պակաս լինել չորս քառակուսի մետրից։

    Հոդված 74. Դատապարտյալի անձնական հիգիենան

    1. Դատապարտյալը պետք է ապահովված լինի իր հիգիենայի պահանջները բավարարելու համար մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններով:

    2. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման պայմանները եւ կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով եւ իրավական այլ ակտերով:

    3. Դատապարտյալի անձնական հիգիենայի պահպանման համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 75. Դատապարտյալի հանդերձանքն ու անկողնային պարագաները

    1. Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով: Դատապարտյալն իր հագուստի վրա կրում է անվանական կրծքանշան:

    2. Դատապարտյալի հանդերձանքը չպետք է որեւէ ձեւով ճնշող կամ նվաստացնող լինի: Դատապարտյալի հագուստի ձեւը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    3. Դատապարտյալին տրամադրվում են քնելու անհատական տեղ եւ անկողնային պարագաներ։

    4. Դատապարտյալին տրամադրվող հանդերձանքի եւ անկողնային պարագաների չափաբաժիններն ու դրանց օգտագործման ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Հոդված 76. Դատապարտյալի սնունդը

    1. Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում ապահովվում է օրգանիզմի կանոնավոր կենսագործունեության համար անհրաժեշտ սննդով, որի օրական միջին չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Սննդի որակը եւ սննդարարությունը սահմանված չափաբաժիններից որեւէ կերպ պակասեցնելը, այդ թվում՝ որպես տույժի միջոց, արգելվում է:

    3. Հղի, կերակրող մայր, անչափահաս կամ հիվանդ դատապարտյալն ապահովվում է հավելյալ սննդով, որի չափաբաժինները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    4. Դատապարտյալը պետք է ապահովված լինի խմելու ջրով:

    Հոդված 77. Դատապարտյալի` սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը

    1. Դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով սնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր եւ այլ գրականություն:

    2. Սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը, ինչպես նաեւ այն առարկաների ցանկը, որոնք արգելված է վաճառել դատապարտյալին, սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։

    Հոդված 78. Դատապարտյալի զբոսանքը

    1. Դատապարտյալի զբոսանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին՝ դրա համար նախատեսված բացօթյա տարածքում:

    2. Դատապարտյալի զբոսանքի տեւողությունը սահմանվում է սույն օրենսգրքով՝ հաշվի առնելով ուղղիչ հիմնարկի տեսակը:

    3. Դատապարտյալի զբոսանքի տեւողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:

    Հոդված 79. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու կարգը եւ պայմանները

    1. Ուղղիչ հիմնարկում պատիժ կրող, կալանավորվածներին պահելու վայրում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով թողնված դատապարտյալին, ելնելով կատարվող աշխատանքի բնույթից, կարող է թույլատրվել առանց պահախմբի կամ ուղեկցորդման տեղաշարժվել ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս:

    2. Դատապարտյալին առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն տրամադրվում կամ այն վերացվում է ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

    3. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն կարող է տրամադրվել միայն օրինապահ վարքագիծ դրսեւորող դատապարտյալին՝ պատժի ժամկետի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո:

    4. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս բերվել չի թույլատրվում առանձնապես վտանգավոր կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում, շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակիչ եւ մակաբուծային հիվանդության դեպքում, այդ թվում՝ բացիլազատ պալարախտով հիվանդ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ամբողջ կուրսը չանցած կամ մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաեւ ցմահ ազատազրկման դատապարտված անձին:

    5. Առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի սահմաններից դուրս գտնվելու թույլտվություն ստացած դատապարտյալի վարքագծի կանոնները սահմանվում են ուղղիչ հիմնարկների կամ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով։

    Հոդված 80. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելը

    1. Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաեւ սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:

    2. Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչեւ յոթ օր տեւողությամբ` չհաշված մեկնելու եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչեւ մեկ ամիս տեւողությամբ` չհաշված մեկնելու եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Կիսաբաց, կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է տարվա ընթացքում երկու անգամից ոչ ավելի:

    3. Մեղսունակությունը չբացառող հոգեկան հիվանդությամբ տառապող կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, որը առողջության պատճառով անընդհատ խնամքի կարիք ունի, ինչպես նաեւ անչափահաս դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ազգականի կամ այլ անձի ուղեկցությամբ։

    4. Բացիլազատ պալարախտով հիվանդ, ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից եւ սեռական ճանապարհով փոխանցվող եւ շրջապատի համար վտանգ ներկայացնող այլ վարակիչ ու մակաբուծային հիվանդություններից բուժման ամբողջ կուրսը չանցած, մարդու իմունային անբավարարության վարակով վարակակիր դատապարտյալին, ինչպես նաեւ ուղղիչ հիմնարկում հակահամաճարակային միջոցառում անցկացնելու ընթացքում կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել, եթե բժշկի, հոգեբույժի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ նա հասարակության կամ իր համար վտանգ չի ներկայացնում, կամ նման վտանգը վերացվում է նրան ուղեկցելու միջոցով, ինչը պետք է փոխհատուցի դատապարտյալը:

    5. Բացասական բնութագրվող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրվում է միայն ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցչի կամ ներկայացուցիչների ուղեկցությամբ:

    6. Կարճաժամկետ մեկնում տրամադրվելու դեպքում դատապարտյալը կարող է կրել իր առօրյա կամ այլ հագուստ:

    Հոդված 81. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու կարգը

    1. Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը եւ նրա դրսեւորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաեւ պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ:

    2. Անձնական բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ սոցիալական վերականգնման նպատակով՝ եռօրյա ժամկետում։

    3. Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ։

    4. Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին:

    5. Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության։

    6. Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 82. Հղի, կերակրող մայր եւ երեխա ունեցող դատապարտյալի պատժի կրման առանձնահատկությունները

    1. Ուղղիչ հիմնարկում անհրաժեշտության դեպքում կարող է ստեղծվել մանկատուն՝ երեխաների բնակության եւ զարգացման պատշաճ պայմաններով։ Դատապարտյալն ուղղիչ հիմնարկի մանկատանը կարող է տեղավորել իր՝ մինչեւ երեք տարեկան երեխային եւ աշխատանքից ազատ ժամերին, առանց սահմանափակման, շփվել նրա հետ։ Դատապարտյալին կարող է թույլատրվել երեխայի հետ համատեղ բնակություն։

    2. Դատապարտյալի համաձայնությամբ նրա` մինչեւ երեք տարեկան երեխան կարող է հանձնվել ազգականի, ինչպես նաեւ հոգաբարձության եւ խնամակալության մարմնի որոշմամբ՝ այլ անձանց խնամքին, իսկ երեք տարին լրանալուց հետո՝ դատապարտյալի ընտրությամբ ուղարկվել մանկատուն կամ համապատասխան այլ հաստատություն:

    3. Ուղղիչ հիմնարկին կից մանկատանը պահվող երեխայի երեք տարին լրանալուց հետո ուղղիչ հիմնարկի պետը կարող է մանկատանը երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչեւ ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատիժը կրելուն մնացել է երկու տարուց ոչ ավելի ժամանակ։

    Հոդված 83. Դատապարտյալի բուժսանիտարական օգնությունը

    1. Դատապարտյալի բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Դատապարտյալի բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը: Առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    2. Դատապարտյալին բուժսանիտարական եւ բուժկանխարգելիչ օգնություն արդյունավետ ապահովելու նպատակով կազմակերպվում է բուժական ուղղիչ հիմնարկ:

    3. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ապահովում է դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կատարումը։

    4. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն է կրում դատապարտյալի առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

    Հոդված 84. Դատապարտյալի նյութական պատասխանատվությունը

    1. Դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

    2. Դատապարտյալը հատուցում է ուղղիչ հիմնարկին պատճառած վնասը, ինչպես նաեւ այլ լրացուցիչ ծախսերը, որոնք կապված են դատապարտյալի փախուստի կամ իր առողջությանն իր կողմից դիտավորությամբ հասցված վնասը վերականգնելու հետ։

    3. Պատճառված նյութական վնասի դիմաց սխալ կերպով բռնագանձված գումարը վերադարձվում է դատապարտյալին եւ հաշվեգրվում նրա անձնական հաշվին։

    ԳԼՈՒԽ 16

    ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ, ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

    Հոդված 85. Աշխատանքն ուղղիչ հիմնարկում

    1. Դատապարտյալը հնարավորության դեպքում ապահովվում է աշխատանքով կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն իրեն ապահովելու աշխատանքով, որի կարգը եւ պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով: Դատապարտյալին աշխատանքի ներգրավելիս ուղղիչ հիմնարկի վարչակազմը պարտավոր է հաշվի առնել նրա սեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինս՝ մասնագիտությունը։ Դատապարտյալի աշխատանքային գործունեությունը չպետք է խոչընդոտի ուղղիչ հիմնարկի առջեւ դրված խնդիրներն իրականացնելուն:

    2. Աշխատանքով ապահովելիս առաջնությունը տրվում է այն դատապարտյալին, ով ունի գույքային պարտավորություններ կամ գտնվում է նյութական ծանր վիճակում:

    3. Դատապարտյալի աշխատանքն ուղղիչ հիմնարկի համար եկամուտ ստանալու նպատակ չի հետապնդում:

    Հոդված 86. Դատապարտյալի աշխատանքի պայմանները

    1. Դատապարտյալի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

    2. Դատապարտյալին արգելված աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

    Հոդված 87. Դատապարտյալի աշխատանքի վարձատրությունը

    1. Դատապարտյալը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, ունի աշխատանքի վարձատրության իրավունք։

    2. Դատապարտյալի աշխատանքի ամսական վարձատրությունը չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն աշխատավարձից։

    Հոդված 88. Դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելը

    1. Ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ դատապարտյալն առանց վարձատրության կարող է ներգրավվել ուղղիչ հիմնարկի կամ դրան հարող տարածքների բարեկարգման աշխատանքներին։

    2. Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքների ներգրավվում է հերթականությամբ՝ ոչ հանգստյան ժամերին՝ օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

    3. Առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ, հղի, կենսաթոշակային տարիքի հասած դատապարտյալին չվարձատրվող աշխատանքների ներգրավելն արգելվում է։

    Հոդված 89. Դատապարտյալի կրթությունը

    1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը միջոցներ է ձեռնարկում դատապարտյալի հիմնական եւ հեռակա բարձրագույն, հետբուհական մասնագիտական կրթությունը կազմակերպելու համար: Դատապարտյալի կրթությունը կազմակերպվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով:

    2. Ուսանող դատապարտյալը քննություններ հանձնելու կապակցությամբ աշխատանքից ազատվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով։

    Հոդված 90. Դատապարտյալի մասնագիտական կրթությունը

    1. Ուղղիչ հիմնարկում կարող է կազմակերպվել դատապարտյալի նախնական մասնագիտական` արհեստագործական կրթություն: Մասնագիտական կրթությունը հնարավորինս պետք է լինի այնպիսին, որպեսզի աշխատանքի կատարման ընթացքում պահպանվեն կամ բարելավվեն դատապարտյալի` պատժից ազատվելուց հետո ապրուստի միջոց վաստակելու ունակությունները։

    2. Նախնական մասնագիտական կրթությունն անչափահաս դատապարտյալի համար իրականացվում է աշխատանքային օրվա տեւողության սահմաններում։

    Հոդված 91. Մշակութային, կրոնական, լուսավորչական եւ մարզական միջոցառումներն ուղղիչ հիմնարկում

    1. Դատապարտյալները կարող են ստեղծել մշակութային, լուսավորչական եւ մարզական ինքնագործ միավորումներ, որոնք գործում են ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ։ Այդ միավորումները կարող են համագործակցել համապատասխան միությունների եւ կազմակերպությունների հետ: Դատապարտյալի մասնակցությունն ինքնագործ միավորումների աշխատանքներին խրախուսվում է եւ հաշվի առնվում նրա ուղղման աստիճանը որոշելիս։ Ինքնագործ միավորումների անդամ դատապարտյալը լրացուցիչ արտոնություններից չի օգտվում։

    2. Դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրներն են՝ զարգացնել դատապարտյալի մտավոր, մասնագիտական, ֆիզիկական կարողությունները, դրական ազդեցություն ունենալ դատապարտյալի ուղղման գործում, մասնակցել դատապարտյալի աշխատանքը, կենցաղը եւ հանգիստը կազմակերպելուն, սոցիալական օգնություն ցուցաբերել դատապարտյալին եւ նրա ընտանիքին։ Դատապարտյալների ինքնագործ միավորումների առջեւ կարող են դրվել նաեւ պատիժը կատարելու նպատակներին, կարգին եւ պայմաններին չհակասող այլ խնդիրներ։

    3. Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։

    4. Ուղղիչ հիմնարկներում ստեղծվում են պայմաններ՝ դատապարտյալի ազատ ժամանակը արդյունավետ տնօրինելու համար: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են գրադարան, ընթերցարան, մարզասրահ կամ ժամանցի այլ վայրեր:

    5. Ուղղիչ հիմնարկ կարող է հրավիրվել հոգեւորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից եւ կրոնական գրականությունից։ Ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ նպատակով առանձնացնում է համապատասխան տարածք:

    6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կազմակերպում է կրթական, մշակութային, լուսավորչական, կրոնական եւ մարզական միջոցառումներ:

    Հոդված 92. Դատապարտյալի կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ

    1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:

    2. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատեւ տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ չորս ժամ տեւողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով եւ միայն մերձավոր ազգականների հետ երկարատեւ տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչեւ երեք օր տեւողությամբ: Դատապարտյալի խնդրանքով երկարատեւ տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատեւ տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատեւ եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    3. Դատապարտյալին թույլատրվում է ստանալ եւ իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել եւ ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաեւ իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու եւ ընդունելու, ինչպես նաեւ դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    4. Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը եւ քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    5. Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:

    6. Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից եւ այլ գրականությունից օգտվելու համար:

    7. Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաեւ տեսանկարահանումը եւ հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթ։

    ԳԼՈՒԽ 17

    ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏՈՎ ԿԱՄ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒՍԱՆՔԻ ԵՎ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

    Հոդված 93. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները

    1. Օրինապահ վարքագծի, աշխատանքի եւ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին եւ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաեւ դրական վարքագծի դրսեւորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ միջոցները.

    1) լրացուցիչ կարճատեւ կամ երկարատեւ տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատեւ կամ երկու երկարատեւ տեսակցությունից ոչ ավելի.

    2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տեւողության ավելացում մինչեւ երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.

    3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:

    2. Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:

    Հոդված 94. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ խրախուսանքի միջոց կիրառելու կարգը

    Խրախուսանքի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։

    Հոդված 95. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ կիրառվող տույժի միջոցները

    1. Պատիժը կրելու սահմանված կարգը խախտելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.

    1) նկատողություն.

    2) խիստ նկատողություն.

    3) պատժախուց տեղափոխելը մինչեւ տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչեւ տասն օր ժամկետով:

    2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տույժի միջոցները կիրառվում են ներքին կանոնակարգով նախատեսված դեպքերում եւ կարգով:

    Հոդված 96. Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումները

    1. Ազատազրկման դատապարտված անձի կողմից պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումներ են համարվում զանցանքը, ուղղիչ հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, անհնազանդությունը կամ անհարգալից վերաբերմունքը կամ այլ խմբային անհնազանդություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը, ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում պատժի կրման սահմանված կարգի երկու կամ ավելի խախտումները, եթե դրանցից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի։

    2. Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:

    Հոդված 97. Ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը

    1. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը եւ նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը։ Կիրառվող տույժը պետք է համապատասխանի կատարած խախտման ծանրությանը եւ բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, եւ, որպես կանոն, կատարվում է անհապաղ։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։

    2. Տույժի բոլոր միջոցները կիրառվում են գրավոր՝ ուղղիչ հիմնարկի պետի կամ նրա պարտականությունները կատարող անձի որոշմամբ։

    3. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այդ վայրում պահելու ժամկետը։

    4. Ուղղիչ հիմնարկի մանկատանը երեխա ունեցող, կերակրող մայր, հղի, նախածննդյան կամ հետծննդյան ժամանակահատվածում գտնվող դատապարտյալը պատժախուց չի տեղափոխվում։

    5. Պատժախցից բուժական ուղղիչ հիմնարկ փոխադրելու դեպքում բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամանակի մեջ։

    6. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։

    7. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժները կատարելու նկատմամբ հսկողություն եւ վերահսկողություն իրականացնող մարմիններին:

    Հոդված 98. Դատապարտյալին պատժախցում պահելու պայմանները

    1. Պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում դատապարտյալին արգելվում են տեսակցությունները, հեռախոսակապից օգտվելը, դրամական փոխանցումներ, հանձնուքներ ու ծանրոցներ ստանալը եւ ուղարկելը, նամակագրություն վարելը, գրականությունից եւ զանգվածային լրատվությունից օգտվելը, աշխատելը, քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելը։

    2. Որպես տույժ` պատժախուց տեղափոխված դատապարտյալն իրավունք ունի՝

    1) սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշվից ամսական ծախսելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով գումար.

    2) օգտվելու մեկ ժամ տեւողությամբ ամենօրյա զբոսանքից։

    3. Պատժախցում պահվող դատապարտյալի նյութակենցաղային ապահովման պայմանները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով։

    4. Պատժախցում պահվող դատապարտյալը գտնվում է բժշկական հսկողության ներքո:

    5. Պատժախցում պահվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող տույժի միջոցը կարող է վաղաժամկետ դադարեցվել բժշկի եզրակացության հիման վրա:

    ԳԼՈՒԽ 18

    ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ

    Հոդված 99. Ուղղիչ հիմնարկների տեսակները

    Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետեւյալն են.

    1) բաց ուղղիչ հիմնարկ.

    2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.

    3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.

    4) փակ ուղղիչ հիմնարկ.

    5) բուժական ուղղիչ հիմնարկ:

    Հոդված 100. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշելը

    1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին) այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով եւ հաշվի առնելով սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները:

    2. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը որոշվում է հետեւյալ առանձնահատկություններով.

    1) անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ.

    2) դիտավորյալ ոչ մեծ, միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ կիսաբաց ուղղիչ հիմնարկ.

    3) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց պակաս ժամկետով առաջին անգամ դատապարտվելու կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկ.

    4) առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտվելու, ինչպես նաեւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում՝ փակ ուղղիչ հիմնարկ.

    5) որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու եւ բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ համապատասխան օգնություն կազմակերպելու անհրաժեշտության դեպքում՝ բուժական ուղղիչ հիմնարկ:

    Հոդված 101. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելը

    Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը եւ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի պահանջները:

    Հոդված 102. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը

    1. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած դրական վարքագիծը, մասնավորապես՝

    1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

    ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,

    բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,

    գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչեւ տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում եւ կիսաբաց կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,

    դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո.

    2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

    ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,

    բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչեւ տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված եւ կիսափակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,

    գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ կիսափակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,

    դ) ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսափակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո.

    3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝

    ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ փակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,

    բ) ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ կամ բուժական ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

    2. Պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի պատիժը կատարելու ցանկացած ժամանակ՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսեւորած բացասական վարքագիծը կամ վերջինիս գրավոր դիմումը: Անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չի կարող փոխվել կիսափակ կամ փակ ուղղիչ հիմնարկի: Արգելվում է փոխել անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահաս անձի նկատմամբ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը դեպի մեկուսացվածության առավել բարձր աստիճանի:

    Հոդված 103. Բաց ուղղիչ հիմնարկը

    1. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:

    2. Ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգին համապատասխան` բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել գիշերային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում, իսկ ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի տարածքի սահմաններում, եւ ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։

    3. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված սկզբունքները չեն գործում, եւ դատապարտյալները պահվում են հասարակական համակեցության կանոններին համապատասխան:

    4. Բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 104. Կիսաբաց ուղղիչ հիմնարկը

    1. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ վեց մարդու համար նախատեսված բնակելի կացարանում:

    2. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

    3. Կիսաբաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 105. Կիսափակ ուղղիչ հիմնարկը

    1. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ վեց մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։

    2. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը կարող է տեղաշարժվել առնվազն երեք ժամ տեւողությամբ ցերեկային որոշակի ժամերին՝ ուղղիչ հիմնարկի` այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։

    3. Կիսափակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 106. Փակ ուղղիչ հիմնարկը

    1. Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչեւ չորս մարդու համար նախատեսված մեկուսացված խցում։ Հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ դատապարտյալը կարող է խցում պահվել միայնակ։

    2. Փակ ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 107. Բուժական ուղղիչ հիմնարկը

    1. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար նախատեսված պայմաններում, բացառությամբ սույն օրենսգրքով եւ իրավական այլ ակտերով բուժական ուղղիչ հիմնարկի համար նախատեսված առանձնահատկությունների: Բուժական ուղղիչ հիմնարկում կարող է ստեղծվել առանձնացված ստորաբաժանում կամ կացարան կամ խուց՝ դատապարտյալներին տարբեր մեկուսացվածության աստիճաններով պահելու նպատակով:

    2. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է դատապարտյալներին անջատ պահելու` սույն օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան։

    3. Բուժական ուղղիչ հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:

    Հոդված 108. Ցմահ ազատազրկման դատապարտված անձի` պատիժը կրելու առանձնահատկությունները

    1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խցերում` որպես կանոն, յուրաքանչյուր խցում չորս դատապարտյալից ոչ ավելի: Դատապարտյալի խնդրանքով կամ նրա անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:

    2. Դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տեւողությամբ զբոսանքի իրավունք ունի:

    3. Դատապարտյալի զբոսանքի ընթացքում պահպանվում են անջատ պահելու՝ սույն օրենսգրքի 68-րդ հոդվածով սահմանված պահանջները:

    Հոդված 109. Անչափահաս դատապարտյալի պատիժը կրելու առանձնահատկությունները

    1. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասը մինչեւ պատժի ժամկետը լրանալը պատիժը կրում է միեւնույն ուղղիչ հիմնարկում, բայց ոչ ավելի, քան նրա քսանմեկ տարեկան դառնալը։

    2. Տասնութ տարին լրացած դատապարտյալի` բացասական վարքագիծ դրսեւորելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առանձնահատկությունը չի գործում:

    3. Արգելվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անչափահասի պատիժը կրելու նպատակով փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը:

    Հոդված 110. Ազատազրկման դատապարտված անձին տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկելը կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնելը

    1. Դիտավորությամբ կատարված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, որը պատիժը պետք է կրի կամ կրում է կիսաբաց ուղղիչ հիմնարկում, կարող է ուղարկվել փակ ուղղիչ հիմնարկ կամ թողնվել կալանավորվածներին պահելու վայրում՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ կատարելու նպատակով։

    2. Դատապարտյալը տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ ուղղիչ հիմնարկ է ուղարկվում կամ կալանավորվածներին պահելու վայրում է թողնվում սույն օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ, դատապարտյալի գրավոր համաձայնությամբ` հաշվի առնելով օրինապահ վարքագիծը։

    3. Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքների համար փակ ուղղիչ հիմնարկ ուղարկված կամ կալանավորվածներին պահելու վայրում թողնված դատապարտյալը պահվում է կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար` սույն օրենսգրքով եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով նախատեսված պայմաններում՝ մյուս դատապարտյալներից մեկուսացված եւ անջատ:

    Հոդված 111. Դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում ժամանակավորապես պահելը

    1. Դատապարտյալն ուղղիչ հիմնարկից կարող է փոխադրվել կալանավորվածնե-րին պահելու վայր` օրենքով նախատեսված հիմքերով:

    2. Դատապարտյալը կալանավորվածներին պահելու վայրում ժամանակավորա- պես պահվում է կալանավորված անձանց համար օրենքով եւ կալանավորվածներին պահելու վայրերի ներքին կանոնակարգով սահմանված պայմաններում:

    ԲԱԺԻՆ 4. ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ

    ԳԼՈՒԽ 19

    ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏԵԼԸ

    Հոդված 112. Պատժից ազատելու հիմքերը

    1. Պատժից ազատելու հիմքերն են՝

    1) դատարանի դատավճռով նշանակված պատիժն ամբողջությամբ կրելը.

    2) դատարանի դատավճռի բեկանումը՝ գործի վարույթի կարճմամբ.

    3) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը.

    4) պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը.

    5) ներումը.

    6) համաներումը.

    7) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունը.

    8) արտակարգ հանգամանքները:

    2. Օրենքով կարող են նախատեսվել պատժից ազատելու այլ հիմքեր։

    Հոդված 113. Պատժից ազատելու կարգը

    1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու, կալանքի, կարգապահական գումարտակում պահելու եւ որոշակի ժամկետով ազատազրկման ձեւով պատժատեսակների կրումը դադարեցվում է պատժի ժամկետի վերջին օրը՝ հաշվի առնելով այն փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով կարող են մտցվել պատժի ժամկետի մեջ։

    2. Կալանքի, կարգապահական գումարտակում պահելու եւ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը պատժից ազատվում է պատժի ժամկետի վերջին օրվա առաջին կեսին։ Եթե պատժի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրը, ապա դատապարտյալը պատժից ազատվում է դրան նախորդող օրը։ Պատժի ժամկետն ամիսներով հաշվելիս այն ավարտվում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը համապատասխան ամսաթիվ չունի, ապա այդ ամսվա վերջին օրը։

    3. Դատավճիռը բեկանելու հետեւանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատված անձին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը պարզաբանում է պատիժը կրելու ընթացքում կասեցված գույքային, աշխատանքային եւ այլ իրավունքների վերականգնման վերաբերյալ նրա իրավունքները։ Դատավճիռը բեկանելու հետեւանքով քրեական գործի կարճմամբ պատժից ազատվելու վերաբերյալ փաստաթղթերի մեջ պետության անունից պաշտոնապես ներողություն է խնդրվում դատապարտյալից։

    4. Դատապարտյալը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվում է համապատասխան փաստաթղթերը ստանալու օրը, իսկ եթե այդ փաստաթղթերը ստացվում են աշխատանքային օրվա ավարտից հետո՝ հաջորդ օրվա առավոտյան։

    5. Դատապարտյալի ներում շնորհելու եւ պատժից ազատելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

    6. Համաներում կիրառելու կարգը սահմանում է համաներման ակտն ընդունող մարմինը։

    7. Հոգեկան կամ այլ ծանր հիվանդության կապակցությամբ պատժի հետագա կրումից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող հիմնարկի պետը։ Միջնորդության հետ միաժամանակ ներկայացվում են համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությունը եւ դատապարտյալի անձնական գործը։ Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձը պատիժը կրելուց ազատվում է այնպիսի հիվանդության դեպքում, որի հետեւանքով նա համարվում է զինվորական ծառայության համար ոչ պիտանի:

    8. Հրդեհի, տեխնածին կամ տարերային աղետի, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատապարտված անձի` պատժի հետագա կրումից ազատվելու վերաբերյալ միջնորդության հետ միաժամանակ պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացնում տեղեկանքներ համապատասխան հանգամանքների վերաբերյալ եւ դատապարտյալի անձնական գործը:

    9. Պատժից ազատվելիս դատապարտյալին հանձնվում են նրան պատկանող գույքը, անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ պատժից ազատելու վերաբերյալ փաստաթղթերը։

    Հոդված 114. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու պայմանները

    1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կարող է փոխարինվել, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով դրա համար սահմանված նվազագույն ժամկետը:

    2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը` սույն օրենսգրքի 115-րդ եւ 116-րդ հոդվածներին համապատասխան:

    Հոդված 115. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը

    1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի համաձայնությամբ լսում է դրական բնութագրվող եւ տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը: Պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

    2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ ներկայացվող միջնորդություններում պետք է ներկայացվեն դատապարտյալի անձը, պատիժը կրելու ընթացքում նրա դրսեւորած վարքագիծը: Միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում դատապարտյալի անձնական գործը:

    3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացնելուց վեց ամիս անց։

    Հոդված 116. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու առանձնահատկությունները

    1. Ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է ներկայացվել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նախորդ հինգ տարիների ընթացքում պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտումների համար տույժ չունենալու դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին կրելուց հետո:

    2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացնելուց երեք տարի անց։

    Հոդված 117. Պատժի կրումը հետաձգելու եւ պատժից ազատելու կարգը

    1. Եթե դատապարտյալը հղի կին է կամ ունի մինչեւ երեք տարեկան երեխա կամ տառապում է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությամբ, ինչպես նաեւ եթե պատժի հետագա կրումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների համար (հրդեհ կամ այլ տարերային աղետներ, ընտանիքի միակ աշխատունակ անձի ծանր հիվանդություն, մահ կամ այլ բացառիկ հանգամանքներ), ապա պատժի կրումը հետաձգելու կամ պատժից ազատելու մասին միջնորդությունը դատարան է ներկայացնում պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի ղեկավարը: Միջնորդությանը կցվում են դատապարտյալի բնութագիրը, նրան եւ երեխային ընդունելու, նրանց բնակարան տրամադրելու եւ ապրելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու մասին հարազատի համաձայնությունը կամ դատապարտյալի՝ բնակարանով եւ երեխայի հետ ապրելու համար անհրաժեշտ պայմաններով ապահովված լինելու մասին տեղեկանքը կամ հղիության մասին բժշկական եզրակացությունը կամ երեխայի ծննդյան վկայականի պատճենը կամ այլ հանգամանքների մասին տեղեկանքներ, ինչպես նաեւ դատապարտյալի անձնական գործը:

    2. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ազատման օրը քրեակատարողական տեսչություն է ուղարկում պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը՝ նշելով ազատման օրը: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալից ստորագրություն է վերցնում պատժից ազատվելուց հետո` երեք օրվա ընթացքում, քրեակատարողական տեսչությունում հաշվառվելու պարտավորության մասին:

    3. Դատապարտյալի ներկայանալուց հետո` երեք օրվա ընթացքում, քրեակատարողական տեսչությունը պարտավոր է ուղղիչ հիմնարկին տեղեկացնել այդ մասին:

    4. Դատապարտյալն իր բնակության վայր է մեկնում ինքնուրույն եւ իր հաշվին:

    5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգամանքները վերանալու դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի չկրած մասից դատապարտյալին ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու կամ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին՝ հաշվի առնելով դատապարտյալի վարքագիծը, կատարած հանցանքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը եւ պատժի չկրած ժամկետը:

    Հոդված 118. Վերահսկողությունը դատապարտյալի կողմից պատժի կրումը հետաձգելու պայմանները կատարելու նկատմամբ

    1. Պատժի կատարումը հետաձգելուց հետո` տասն օրվա ընթացքում, դատապարտյալի` անհարգելի պատճառով հաշվառման չներկայանալու դեպքում քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

    2. Եթե դատապարտյալը հրաժարվում է երեխայից կամ նախազգուշացումից հետո շարունակում է խուսափել երեխային դաստիարակելուց եւ խնամելուց, ապա քրեակատարողական տեսչությունը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատժի կրման հետաձգումը վերացնելու եւ դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին: Միջնորդությանը կցվում է պատժի կրումը հետաձգելու մասին դատարանի որոշման պատճենը:

    3. Դատապարտյալը երեխային դաստիարակելուց խուսափող է համարվում, եթե, պաշտոնապես չհրաժարվելով երեխայից, նրան թողնում է ծննդատանը կամ հանձնում է մանկատուն կամ հակահասարակական ապրելակերպ է վարում եւ չի զբաղվում երեխայի դաստիարակությամբ ու խնամքով կամ երկար ժամանակով երեխային թողնում է ազգականների կամ այլ անձանց մոտ կամ թաքնվում է կամ կատարում է այլ գործողություններ, որոնք վկայում են երեխային դաստիարակելուց խուսափելու մասին:

    Հոդված 119. Պատժից ազատված անձանց իրավական դրությունը

    Պատժից ազատված անձինք օգտվում են այն իրավունքներից եւ կրում են այն պարտականությունները, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, բացառությամբ դատվածություն ունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար օրենքով նախատեսված սահմանափակումների։

    Հոդված 120. Վերահսկողությունը պատժից ազատված անձանց նկատմամբ

    Օրենքով նախատեսված դեպքերում պատժից ազատված անձանց վարքագծի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քրեակատարողական տեսչությունը՝ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    ԳԼՈՒԽ 20

    ՊԱՏԺԻՑ ԱԶԱՏՎՈՂ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻՆ ՑՈՒՑԱԲԵՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

    Հոդված 121. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի պարտականությունները պատժից ազատվող դատապարտյալի աշխատանքը եւ կենցաղը կարգավորելու հարցերում

    1. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի սոցիալական վերականգնման հարցերով համագործակցում է հասարակական եւ այլ կազմակերպությունների ու մարմինների հետ: Ազատմանը նախապատրաստվելու նպատակով դատապարտյալի հետ վաղօրոք անցկացվում է համապատասխան աշխատանք։

    2. Ազատազրկման ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան երեք ամիս առաջ, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի ընտրած բնակության վայրի` տեղական ինքնակառավարման եւ զբաղվածության պետական ծառայությանը տեղեկացնում է դատապարտյալի` պատժից առաջիկա ազատման, նրա աշխատունակության, կրթության, մասնագիտության, ինչպես նաեւ բնակարանի առկայության մասին։

    3. Կենսաթոշակային տարիքի հասած կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամ դատապարտյալին, իր խնդրանքով եւ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի ներկայացմամբ, սոցիալական ապահովության մարմիններն ուղարկում են հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հիմնարկներ (ծերանոցներ)։

    Հոդված 122. Օժանդակությունը պատժից ազատվող անձին

    1. Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատժից ազատվող անձին ապահովում է մինչեւ իր բնակության վայր հասնելու նպատակով անվճար ուղեւորությամբ կամ դրա համար անհրաժեշտ գումարով՝ առնվազն Հայաստանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ սննդամթերքով, ինչպես նաեւ միջոցների բացակայության դեպքում՝ սեզոնային անհրաժեշտ հագուստով։ Նրան կարող է տրամադրվել նաեւ միանվագ դրամական օգնություն։

    2. Պատժից ազատվող եւ առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող, հղի, մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձին, ինչպես նաեւ անչափահասին պատժից ազատելիս պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն ազատվելու մասին նախօրոք հայտնում է նրա ազգականներին կամ այլ անձանց, իսկ այդպիսիք չունենալու դեպքում անհրաժեշտ օգնությունը ցուցաբերում է ուղղիչ հիմնարկի վարչակազմը:

    3. Սույն հոդվածի 2-րդ մասում թվարկված դատապարտյալը բնակության վայր է ուղարկվում ազգականի կամ այլ անձի կամ ուղղիչ հիմնարկի ծառայողի ուղեկցորդմամբ։
     
     

    ԳԼՈՒԽ 21

    ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ՄԻԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ

    Հոդված 123. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու կարգը

    1. Մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում կատարված հանցանքի համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված, միաժամանակ ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից կամ թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումներից բուժման կարիք ունեցող անձանց նկատմամբ հոգեբույժի նշանակած արտահիվանդանոցային հսկողությունը եւ հարկադիր բուժումը կիրառվում են ազատազրկումը կրելու վայրի հիմնարկներում, իսկ այլ պատժատեսակների դատապարտվածների նկատմամբ՝ արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն ցուցաբերող առողջապահական հաստատություններում:

    2. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, թունամոլությունից կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարումից բուժման կարիք ունեցող դատապարտյալ հայտնաբերելու դեպքում համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա միջնորդություն է ներկայացնում դատարան՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառելու հարցը որոշելու նպատակով:

    3. Արգելվում է դատապարտյալին ենթարկել բժշկական կամ գիտական կամ այլ փորձերի՝ անկախ վերջինիս համաձայնությունից:

    Հոդված 124. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոցների կիրառումը փոփոխելը եւ դադարեցնելը

    Դատարանը պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը փոփոխում կամ դադարեցնում է հարկադրանքի այլ միջոց կիրառող հիմնարկի բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ՝ անձի առողջանալու կամ նրա առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հարկադրանքի այլ միջոցի հետագա կիրառման անհրաժեշտությունը վերանում է:

    Հոդված 125. Պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու կարգը

    1. Տարափոխիկ հիվանդությամբ տառապող կամ վարակակիր, բուժման լրիվ կուրսը չանցած դատապարտյալի նկատմամբ համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացությամբ պատիժները կատարող հիմնարկները կիրառում են հարկադիր բուժում։

    2. Մինչեւ բուժման լրիվ կուրսի ավարտը պատժից ազատվելու դեպքում առողջապահական հիմնարկի վարչակազմը դիմում է տվյալ հիմնարկի գտնվելու վայրի դատարան՝ պատժից ազատված անձանց հետագա հարկադիր բուժման հարցը լուծելու նպատակով: Դիմումին կցվում է առողջապահական հիմնարկում անձի հետագա գտնվելու անհրաժեշտության մասին բժշկական հանձնաժողովի եզրակացությունը:

    Հոդված 126. Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու ժամկետը հաշվակցելը

    Դատապարտյալի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու ժամկետը հաշվակցվում է պատժի ժամկետի մեջ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված կարգով:

    Հոդված 127. Ուղղիչ հիմնարկի վարչակազմի գործողությունները դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում

    1. Դատապարտյալի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ուղղիչ հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա մերձավոր ազգականներին եւ պատժի կատարման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

    2. Մահացածի դին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունների իրականացումից հետո հանձնվում է նրա մերձավոր ազգականներին կամ համապատասխան դիմում ներկայացնող անձին: Այդպիսիք չլինելու դեպքում դատապարտյալի հուղարկավորումն իրականացվում է պետության հաշվին:

    ԳԼՈՒԽ 22

    ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԻԺԸ ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՉԿԻՐԱՌԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

    Հոդված 128. Վերահսկողությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում

    Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն՝ սույն օրենսգրքով եւ պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

    Հոդված 129. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

    Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քրեակատարողական տեսչությունը, իսկ զինծառայողի նկատմամբ՝ նրա զորամասի հրամանատարությունը։

    Հոդված 130. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը

    1. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում քրեակատարողական տեսչությունը փորձաշրջանի ընթացքում իրականացնում է անձի անհատական հաշվառում, համապատասխան ծառայությունների կամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ վերահսկողություն է իրականացնում այդ անձի կողմից հասարակական կարգը պահպանելու եւ դատարանի կողմից նրա վրա դրված պարտականությունները կատարելու նկատմամբ։

    2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ նշանակելիս դատապարտյալը պարտավոր է կատարել սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի պահանջները։

    3. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձին զորակոչելիս քրեակատարողական տեսչությունը զինվորական կոմիսարիատ է ուղարկում դատարանի դատավճռի պատճենը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ զինծառայության վայրում նրա վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար պահանջվող փաստաթղթերը։ Զորամասի հրամանատարությունը պարտավոր է տասն օրվա ընթացքում քրեակատարողական տեսչությանը հայտնել այդ անձին հաշվառման վերցնելու, իսկ զինվորական ծառայությունը վերջացնելուց հետո՝ զորամասից նրա հեռանալու մասին։

    4. Եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը խուսափում է իր վարքագծի նկատմամբ վերահսկողությունից, ապա քրեակատարողական տեսչությունը միջոցներ է ձեռնարկում նրա գտնվելու վայրը եւ խուսափելու պատճառները պարզելու համար։

    Հոդված 131. Փորձաշրջանի հաշվարկումը

    1. Փորձաշրջանը հաշվարկվում է դատապարտյալին քրեակատարողական տեսչությունում հաշվառման վերցնելու պահից։

    2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դադարեցվում է փորձաշրջանի ավարտից հետո, եւ նա հանվում է քրեակատարողական տեսչության հաշվառումից։

    Հոդված 132. Պատասխանատվությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում սահմանված պարտականությունները չկատարելու համար

    1. Եթե պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը խուսափում է դատարանի դատավճռով իր վրա դրված պարտականությունները կատարելուց կամ թույլ է տալիս իրավախախտում, որի համար նրա նկատմամբ վարչական տույժ է կիրառվում, ապա քրեակատարողական տեսչությունը գրավոր նախազգուշացնում է նրան՝ պատժի պայմանականորեն չկիրառելը վերացնելու հնարավորության մասին։

    2. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի ընթացքում անձի կողմից դատարանի դատավճռով իր վրա դրված պարտականությունները պարբերաբար կամ չարամտորեն չկատարելու կամ վերահսկողությունից խուսափելու դեպքերում քրեակատարողական տեսչության պետը միջնորդություն է ներկայացնում դատարան՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու եւ դատավճռով նշանակված պատիժը կատարելու մասին։

    3. Պարտականությունները պարբերաբար չկատարել է համարվում անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ արգելված գործողությունների կատարումը կամ պարտականությունների չկատարումը կամ իր վրա դատարանի դրած պարտականությունները երեսուն օրից ավելի չկատարելը:

    4. Պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձը վերահսկողությունից խուսափող է համարվում, եթե նրա գտնվելու վայրը չի բացահայտվում 30 օրվա ընթացքում։
     
     

    ԲԱԺԻՆ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ

    ԳԼՈՒԽ 23

    ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    Հոդված 133. Օրենսգրքի ուժի մեջ մտնելը

    1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

    2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1971 թվականի հուլիսի 7-ի` Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի ընդունած` Հայաստանի Հանրապետության ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը եւ «Հայկական ՍՍՀ ուղղիչ-աշխատանքային օրենսգիրքը հաստատելու մասին» Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության օրենքը, ինչպես նաեւ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության Գերագույն սովետի նախագահության 1985 թվականի հունվարի 30-ի հրամանագրով հաստատված` «Դատապարտյալների նկատմամբ ուղղիչ-աշխատանքային ներգործության միջոցների հետ չկապված քրեական պատիժները Հայաստանի Հանրապետությունում կատարելու կարգի եւ պայմանների կանոնադրությունը»:
     
      


    Հավելված
    ՑԱՆԿ

    ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՃՌՈՎ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

    Բռնագրավման ենթակա չեն սեփականության իրավունքով դատապարտյալին պատկանող կամ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնեմասը կազմող հետեւյալ գույքը եւ առարկաները, եթե դրանք չեն հայտնաբերվել դատապարտյալի կամ նրա ընտանիքի անդամների կարիքներն ակնհայտորեն գերազանցող քանակով կամ պատրաստված չեն թանկարժեք մետաղներից, չեն համարվում պերճանքի առարկաներ կամ չեն ներկայացնում պատմական կամ գեղարվեստական արժեք՝

    1) բնակելի տունը, բնակարանը կամ դրանց առանձին մասերը, որտեղ մշտապես բնակվում են դատապարտյալը եւ նրա ընտանիքը (ընտանիքի համար մեկ տնից կամ բնակարանից ոչ ավելի).

    2) հողամասերը, որոնց վրա գտնվում են բռնագրավման ոչ ենթակա տունը եւ տնտեսական կառույցները, ինչպես նաեւ գյուղացիական կամ օժանդակ տնտեսություն վարելու համար անհրաժեշտ հողամասերը.

    3) տնտեսական կառույցները, դատապարտյալի ընտանիքի նվազագույն պահանջները բավարարելու համար անհրաժեշտ ընտանի կենդանիները, ինչպես նաեւ դրանց կերը, եթե դատապարտյալի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է.

    4) հերթական ցանքի համար անհրաժեշտ գյուղատնտեսական կուլտուրաների սերմացուն.

    5) տնային գործածության հետեւյալ առարկաները.

    ա) գործածության մեջ գտնվող հագուստը, կոշիկը, սպիտակեղենը, անկողինը, խոհանոցային եւ ճաշասենյակային սպասքը,

    բ) դատապարտյալին եւ նրա ընտանիքին անհրաժեշտ նվազագույն կահույքը,

    գ) մանկական բոլոր պարագաները.

    6) եթե դատապարտյալի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ մինչեւ նոր բերքը դատապարտյալին եւ նրա ընտանիքի անդամներին անհրաժեշտ սննդամթերքը, իսկ մնացած դեպքերում՝ դատապարտյալի եւ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով սննդամթերքը եւ փողը.

    7) դատապարտյալի ընտանիքի բնակելի տարածության ջեռուցման եւ սննդի պատրաստման համար անհրաժեշտ վառելիքը.

    8) դատապարտյալի եւ նրա ընտանիքի անդամների մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գույքը, այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկան, ինչպես նաեւ ձեռնարկներն ու գրքերը.

    9) հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները.

    10) միջազգային եւ այլ մրցանակներ, որոնցով պարգեւատրվել է դատապարտյալը:



  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
    ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

    18.01.2005
    ՀՕ-60


    08.07.2005 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    16.12.2005 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    01.06.2006 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    13.06.2006 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    13.06.2006 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին
    15.11.2006 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    13.11.2007 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրավումներ կատարելու մասին
    08.04.2008 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    08.04.2008 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    20.05.2009 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    19.06.2013 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին
    17.05.2016 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    19.10.2016 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին
    16.12.2016 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
    16.12.2016 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
    01.03.2017 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    01.03.2017 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    23.05.2018 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
    12.07.2018 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
    03.06.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
    28.06.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
    09.07.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
    12.09.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին
    24.10.2019 ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին