Russian    
Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2006

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 1-ին հոդվածի 3-րդ կետի երկրորդ նախադասությունը «մարմինների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը «վիճակի նկատմամբ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` անասնաբուժական պետական տեսչության մարմինների կողմից կենդանական ծագման մթերքի եւ հումքի, կերերի եւ լրացակերերի վերամշակման, պահպանման, տեղափոխման եւ իրացման, կենդանիների պահվածքի, տեղափոխման, իրացման, սպանդի գործընթացներում անասնաբուժասանիտարական անվտանգության, Հայաստանի Հանրապետության անասնաբուժության բնագավառի օրենսդրության, կենդանիների հիվանդությունների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման եւ վերացման միջոցառումների կազմակերպման եւ իրականացման խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում, գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության մարմինների կողմից առանց տեխնիկական վկայագրի եւ պետական համարանիշի գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման, տրակտորիստ-մեքենավարի կողմից առանց վարման իրավունքի վկայականում նշված համապատասխան խմբի եւ կարգի վարման, առանց տեխնիկական զննման վարման դեպքերում, բույսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության մարմինների կողմից կարանտինային վնասատուների, բույսերի հիվանդությունների եւ մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքների նկատմամբ, կարանտինային ստուգման եւ համապատասխան մշակման չենթարկված արտասահմանյան երկրներից բերված նյութերը սահմանային երկաթուղային կայարաններից, ավտոկայարաններից, օդանավակայաններից եւ սահմանային այլ կետերից արտահանման նկատմամբ, հողօգտագործողների կողմից ոչ կարանտինային մոլախոտերի դեմ պայքարի ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու նկատմամբ, ժամկետանց, անորակ եւ արտադրությունից դուրս եկած բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների նկատմամբ, ինչպես նաեւ համապատասխան անվանացանկում չընդգրկված եւ ոչ թույլատրելի պայմաններում վաճառվող, հողում եւ բուսական ծագում ունեցող մթերքներում թունանյութերի եւ պարարտանյութերի թույլատրելի մնացորդային առավելագույն քանակների գերազանցման նկատմամբ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.07.2006
ՀՕ-162