Armenian   Russian    
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2009

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում`

1) 3-րդ  կետը  «տառապող» բառից հետո լրացնել  «կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող», իսկ «հոսպիտալացնելու» բառից հետո` «կամ հետազոտելու» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  3.1-րդ  կետով.

«3.1) oրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաեւ անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին.»:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետը «տառապող»  բառից հետո լրացնել «կամ հոգեկան խանգարումով տառապելու մեջ կասկածվող» բառերով.

2) 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Անձին  օրենքով սահմանված կարգով ոստիկանության բաժին բերելուց հետո վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը անձին հետազոտելու  կամ  հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ, եւ շտապ օգնության մեքենաների միջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումը համապատասխան առողջապահական կազմակերպություն:

Ոստիկանության համապատասխան  ստորաբաժանման ղեկավարի կամ տեղակալի կողմից անձին հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու եւ  դրա հետեւանքով  վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր որոշակի դեպքում անձին անազատության մեջ պահելու ժամկետը չպետք է  գերազանցի 72 ժամը: Նշված ժամկետում անձի հոսպիտալացման անհրաժեշտության մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում նրա հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

07.12.2009
ՀՕ-213