Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.11.2016

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.1-59.3-րդհոդվածներով.

«Հոդված 59.1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացման հասկացությունը

1. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից (jurisdiction) մեկ այլ իրավազորության ներքո, որի հետեւանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացումը հավաստվում է շարունակականության փաստաթղթով:

2. Ռեդոմիցիլացվել կարող են առեւտրային կազմակերպությունները: Ռեդոմիցիլացվել կարող են ոչ առեւտրային կազմակերպությունները, բացառությամբ կուսակցությունների, կրոնական ու հասարակական կազմակերպությունների, պետական ու համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, համատիրությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների, որոնք չեն ընտրել սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւ, կամ որոնց կազմակերպաիրավական ձեւը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած՝սույն օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձեւով։

3. Իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել միայն, եթե դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ։

4. Իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն իրականացվում է իրավաբանական անձի անձնական օրենքով սահմանված իրավասու մարմնի որոշման հիման վրա՝ անձնական օրենքով սահմանված կարգով։

5. Իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման վերաբերյալ կարգավորումները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված եւ վերահսկվող կազմակերպությունների վրա:

Հոդված 59.2.Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում

1. Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնադրություն ունենալու եւ օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում։

2. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացման արդյունքում օտարերկրյա իրավաբանական անձը պահպանում է իր բոլոր իրավունքները եւ պարտականությունները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

3. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման արդյունքում նրա գտնվելու վայրը տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։

4. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման համար այդ օտարերկրյա իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով նախնական գրանցման դիմումը եւ օրենքով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին, ինչպես նաեւ ընտրում է իր կազմակերպական-իրավական ձեւը:

5. Օրենքով սահմանված տվյալները գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, ապա գրանցումն իրականացնող մարմինն իրականացնում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի նախնական գրանցում եւ տրամադրում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:

6. Նախնական գրանցման համար դիմելու հետ միաժամանակ կամ դրանից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դիմումի հիման վրա գրանցում իրականացնող մարմինը ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին տրամադրում է շարունակականության նախնական փաստաթուղթ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացվելու վերաբերյալ։

7. Օտարերկրյա իրավաբանական անձի նախնական գրանցումից հետո ռեդոմիցիլացվող իրավաբանական անձը գրանցում իրականացնող մարմին պետք է ներկայացնի օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղթի պատշաճ վավերացված հայերեն թարգմանությունը։

8. Օտարերկրյա իրավաբանական անձի՝ օտարերկրյա պետությունում գրանցումը դադարելու կամ այդ երկրից ռեդոմիցիլացման վերաբերյալ փաստաթղթի հիման վրա Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմնի կողմից գրանցամատյանում իրականացվում է օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման գրանցում, եւ տրամադրվում է շարունակականության փաստաթուղթ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ճանաչում:

9. Ռեդոմիցիլացման ճանաչումից հետո այդ իրավաբանական անձը համարվում է գրանցված Հայաստանի Հանրապետությունում նախնական գրանցման պահից, եթե ռեդոմիցիլացման համար դիմած օտարերկրյա իրավաբանական անձը չի կնքել գործարքներ նախնական գրանցման պահից մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահը։ Այլապես այդ իրավաբանական անձը համարվելու է ռեդոմիցիլացված Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման ճանաչման պահից:

10. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր հիմունքներով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված մարմիններին Հայաստանի Հանրապետությունում ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով։

11. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն պետությունների ցանկը, որոնց իրավաբանական անձինք չեն կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաեւ այն պետությունների ցանկը, որտեղ չի կարող ռեդոմիցիլացվել Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը։ Ռեդոմիցիլացումը կարող է մերժվել, եթե ոչ առեւտրային կազմակերպությունը չի համապատասխանեցրել իր կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ինչպես նաեւ եթե իրավաբանական անձի ընտրած կազմակերպաիրավական ձեւը անհամատեղելի է իր կանոնադրական նպատակների հետ, կամ նա չի ներկայացրել օրենքով նախատեսված փաստաթղթերը:

12. Հայաստանի Հանրապետությունում, ռեդոմիցիլացումից բացի, մեկ այլ պետությունում ռեդոմիցիլացված իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դեպքում այդ իրավաբանական անձի ռեդոմիցիլացման երկիրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը։

Հոդված 59.3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում կատարվում է նշում իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին, եւ պահպանվում են օրենքով սահմանված տեղեկությունները։ Այդ տեղեկությունները համարվում են հանրամատչելի, եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ։

2. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել նշված պարտավորությունների կառավարման մասով իրավասու մարմնի որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանու որոշմամբ, կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն։

3. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի գործադիր մարմինը մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից ռեդոմիցիլացման մասին որոշում ընդունելուց հետո պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման վերջնական գրանցումից առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ։

4. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման ժամանակ իրավաբանական անձի պարտատերերը մինչեւ ռեդոմիցիլացման վերջնական գրանցումն իրավունք ունեն պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ դադարեցնելու ռեդոմիցիլացումը կամ վաղաժամկետ կատարելու պարտավորությունը եւ հատուցելու վնասները։

5. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը մինչեւ նշված ժամկետի ավարտը բավարարում է Հայաստանի Հանրապետության եւ համայնքի հանդեպ պարտավորությունները եւ պարտատերերի վաղաժամկետ պահանջները։

6. Պարտատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման դադարեցման վերաբերյալ պահանջը ներկայացվում է դատարան մինչեւ ռեդոմիցիլացման պետական գրանցումը։ Եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա, եւ պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես եւ հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաեւ եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր, ապա դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչեւ նշված հիմքերի վերացումը։

7. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով ռեդոմիցիլացման դիմումը եւ օրենքով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը, մասնավորապես՝ պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները կամ իրավաբանական անձի պարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաեւ ռեդոմիցիլացման մասին «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին, սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում է կառավարության լիազոր անձին կամ լիազոր մարմին։

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետով նախատեսվածդիմումին կից չեն ներկայացվում նույն կետով նախատեսված տեղեկությունները եւ փաստաթղթերը, ապա փոխօգնության կարգով նշված տեղեկատվությունը գրանցում իրականացնող մարմինն օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում ստանում է դրան տիրապետող պետական մարմիններից:

9. Օրենքով սահմանված դիմումը, փաստաթղթերը եւ այլ տվյալները գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո, եթե բացակայում են Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ռեդոմիցիլացումը բացառող հիմքեր, գրանցում իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձին տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի՝ ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ: Ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթղթի ձեւը եւ բովանդակությունը սահմանում է օրենքով նախատեսված լիազորված մարմինը:

10. Այլ պետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից տրված շարունակականության նախնական փաստաթուղթը կամ շարունակականության փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության գրանցում իրականացնող մարմին ներկայացնելուց հետո գրանցում իրականացնող մարմնի կողմից իրականացվում է գրառում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նորնախադասությունով. «Վերակազմակերպման մասին դրույթները կիրառվում են նաեւ օտարերկրյա իրավաբանական անձի նկատմամբ՝ որպես Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձ վերակազմավորման դեպքում:»:
 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.11.2016
ՀՕ-206