Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.10.2017

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի 67-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցներն օգտագործվում են կատարողական ծախսերի, հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման, համակարգի զարգացման եւ ծառայողների նյութական խրախուսման, ինչպես նաեւ սույն մասի երրորդ պարբերությունում նշված դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի հատուցմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների վերականգնման համար:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը, ինչպես նաեւ ծախսման այլ ուղղությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների անբավարարության դեպքում հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցներից տրամադրված միջոցները վերականգնվում են հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին հարկադիր կատարողի վարչարարության հետեւանքով պատճառված վնասը հատուցելու մասին այն բոլոր ակտերը, որոնք օրինական ուժի մեջ են մտել 2014 թվականի հունիսի 1-ից հետո, ենթակա են կատարման դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման եւ համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

10.11.2017
ՀՕ-164-Ն