Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.03.2018

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) պահպանել Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում եւ  շենքում գործող անվտանգության կանոնները:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երեւանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի  աշխատակազմը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ մասերով.

«7.1.  Երեւանի ավագանու հրապարակային նիստում ավագանու անդամներից եւ հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝

1) օրենքով նման իրավունք ունեցող անձինք.

2) Երեւանի գլխավոր ճարտարապետը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երեւանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները.

3) Երեւանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները կամ այլ անձինք:

7.2. Երեւանի  տեղական  ինքնակառավարման  մարմիններում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնում են Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում առանձնացված հատուկ տեղում, որն ապահովված է ավագանու հրապարակային նիստերն առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակմամբ դիտելու եւ ձայնագրելու տեխնիկական հնարավորությամբ, իսկ ավագանու նիստերի դահլիճում կարող են ներկա լինել Երեւանի քաղաքապետի կամ նիստը վարողի թույլտվությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) հաստատում է Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրի տարածքում եւ շենքում գործող անվտանգության կանոնները.»:

Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «եւ ապահովում նրա բնականոն գործունեությունը» բառերով.

2) 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-ին կետով.

«14.1. «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատում է Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաեւ  Երեւանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ս. ՍԱՐԳՍՅԱՆ

30.03.2018
ՀՕ-256-Ն