Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.09.2018

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 40.3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ տվյալ ընտրություններին առաջադրվելու համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ընտրական գրավի մեկ քառորդի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 40.6-րդ հոդվածը «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «սահմանված կարգով» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 40.10-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.15-րդ հոդվածով.

«Հոդված 40.15. Տեղամասային կենտրոնում գտնվելու կանոնները խախտելը

1. Քվեարկության նախապատրաստման, քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ տեղամասային կենտրոնում կամ քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասային կենտրոն պարբերաբար մտնելը (եթե գործողությունը շարունակվել է բանավոր նախազգուշացումից հետո) կամ տեղամասային կենտրոնում ապօրինի գտնվելը (եթե գործողությունը շարունակվել է տեղամասային կենտրոնը լքելու բանավոր պահանջը ներկայացնելուց հետո)՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Քվեարկության սենյակում ներկա լինելու իրավունք ունեցող անձի կողմից օրենքով սահմանված կարգով իր վկայականը դիտավորությամբ տեսանելի ձեւով չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 223-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետից հանել «40.1-40.4, 40.6-40.14» թվերը,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) սույն օրենսգրքի 40.1-40.4 եւ 40.6 - 40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական մարմինների (պաշտոնատար անձանց) կամ համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուների կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերի հայցադիմումով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 254-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետի «40.13, 40.14,» թվերը փոխարինել «40.13 - 40.15» թվերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Սույն օրենսգրքի 40.1-40.4 եւ 40.6-40.15 հոդվածներով նախատեսված դեպքերում համապատասխան ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, թեկնածուները կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերը հայցադիմում են ներկայացնում անկախ իրավասու ընտրական հանձնաժողովի կողմից համապատասխան արձանագրություն կազմած լինելու կամ չլինելու հանգամանքից:»:

Հոդված 7. Օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ մասում «40.13 եւ 40.14» թվերը փոխարինել «40.13-40.15» թվերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

07.09.2018
ՀՕ-376-Ն