ՕՐԵՆՔԸ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքով կարգավորվում են 2008 թվականի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ընթացքում 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք
1. Աջակցություն ստանալու իրավունք ունի՝
1) սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը.
2) այն անձը, որի առողջությանը սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը եւ ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում նշված գործողությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանր կամ միջին ծանրության վնաս ստացած անձն աջակցություն ստանալու իրավունք ունի, եթե նշված գործողություններին իր մասնակցության առնչությամբ չի ենթարկվել քրեական հետապնդման, ինչպես նաեւ նրա նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, կամ կայացվել է արդարացման դատավճիռ:
Հոդված 3. Աջակցության տրամադրումը
1. Աջակցության ձեւը, չափը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ աջակցության տրամադրման համար դիմումի ձեւը, կցվող փաստաթղթերի ցանկը եւ քննարկման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:
2. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք դիմումը կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Կառավարությունը սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որոշումն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
3. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված անձի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է, ապա տվյալ անձին աջակցություն տրամադրելու համար դիմումը քննարկվում է նրա նկատմամբ քրեական հետապնդման հարցը որոշելուց հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
13.06.2019
ՀՕ-58-Ն