Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.05.2020
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47.18-47.26-րդ հոդվածներով.

«Հոդված 47.18. էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը, պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը կամ դրանց լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը

1. Էլեկտրոնային առողջապահության համակարգին չմիանալը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:

2. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթեր չվարելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:

3. Պարտադիր վարման ենթակա բժշկական (այդ թվում` էլեկտրոնային) փաստաթղթերի լրացման կամ շրջանառության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից հարյուրապատիկի չափով:

Հոդված 47.19. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լրացման ու տրամադրման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 47.20. Պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը

1. Օրենքով սահմանված պահանջներին համապատասխան` պացիենտին կամ նրա օրինական ներկայացուցչին իրազեկման թերթիկ չտրամադրելը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ յոթանասունապատիկի չափով:

Հոդված 47.21. Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման պահանջները չկատարելը կամ խախտելը

1. Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից օրենքով նախատեսված դեպքում արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչեւ հազարհինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարվեցհարյուրապատիկից մինչեւ հազարութհարյուրապատիկի չափով:

Հոդված 47.22. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը կամ օրենքին համապատասխան պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը

1. Հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

2. Արտահիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից օրենքով նախատեսված պաշտոնական ինտերնետային կայքէջ չունենալը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

3. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի պաշտոնական ինտերնետային կայքէջում ծառայությունների կամ գնացուցակի կամ բուժանձնակազմի վերաբերյալ տվյալների կամ մասնագիտական ծառայություններ մատուցողների հետ հետադարձ կապի հնարավորության բացակայությունը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Հոդված 47.23. Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաեւ մահացած անձի) վերաբերյալ ոստիկանություն հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի կողմից բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի (ինչպես նաեւ մահացած անձի) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համապատասխան հաղորդում չներկայացնելը կամ դրա ներկայացնելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 47.24. Մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը

1. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հիմքով օրենքի համաձայն արգելված դեպքերում բուժաշխատողի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնելը`

բուժաշխատողի համար առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով.

բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկից մինչեւ չորսհարյուրապատիկի չափով:

Հոդված 47.25. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը

1. Բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտում սահմանված պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:

Հոդված 47.26. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության` օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը

1. Առանց օտարերկրացի բուժաշխատողների մասնագիտական կարճաժամկետ գործունեության թույլտվության` օտարերկրացի բուժաշխատողի կողմից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողի համար առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչեւ ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 230-րդ հոդվածը «7-9-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «47.18-47.26-րդ,» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 244.14-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

20.05.2020
Երեւան
ՀՕ-269-Ն