Հիմնադրամների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.01.2021

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  5-րդ հոդվածի 3.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարին (այսուհետ՝ կառավարիչ) կամ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):»:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կառավարչի կամ» բառերով.

2) 3-րդ մասի ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում  «15 օրվա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա» բառերով:

Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «գլխավոր տնօրենը» բառերից հետո լրացնել «, ռեկտորը» բառով:

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաեւ հիմնադիրը:» նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները» բառերը փոխարինել «հիմնադրամի մարմնի նախագահը եւ տվյալ նիստի քարտուղարը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հիմնադրամի մարմնի նախագահը պատասխանատվություն է կրում նիստի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:».

3) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քաղվածքի համապատասխանությունն արձանագրությանը հավաստում է հիմնադրամի մարմնի նախագահը կամ կառավարիչը:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշումներն ստորագրում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

16.02.2021
Երեւան
ՀՕ-43-Ն