ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրագրերի մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ կետը «միեւնույն հարցով» բառերից հետո լրացնել «, իսկ հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակում ներկայացնելու դեպքում` հանրագիր, որին միացել են մեկ եւ ավելի անձինք, որտեղ հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր նախաձեռնող, իսկ նույն հանրագրին միացած անձինք՝ հանրագրի աջակիցներ» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) կրկնակի հանրագիր` հանրագիր, որը մեկ տարվա ընթացքում կրկին ներկայացրել է միեւնույն անձը միեւնույն հարցով եւ հիմնավորմամբ միեւնույն մարմին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տրվել է պատասխան, կամ կայացվել է հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) հանրագրերի միասնական էլեկտրոնային հարթակ (այսուհետ՝ Էլեկտրոնային հարթակ)՝ էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել անհատական կամ կոլեկտիվ հանրագիր, հրապարակել թղթային եղանակով կամ էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագիրը, հետեւել հանրագրի ընթացքին եւ հաղորդակցվել համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հետ.».
4) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Էլեկտրոնային հարթակում ներկայացվող հանրագիր՝ սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման պահանջներին համապատասխան` էլեկտրոնային հարթակում ներկայացվող անհատական կամ կոլեկտիվ հանրագիր.».
5) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
«5.1) հանրագիր ներկայացնելիս նշում կատարելու այն չհրապարակելու վերաբերյալ.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով Էլեկտրոնային հարթակում հրապարակելու անհատական կամ կոլեկտիվ հանրագիրը.».
2) 3-րդ կետի «առաջարկությանը» բառը փոխարինել «առաջարկին» բառով, իսկ նույն կետը «ուղղությամբ» բառից հետո լրացնել «եւ արդյունքները հրապարակելու Էլեկտրոնային հարթակում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «էլեկտրոնային» բառից հետո լրացնել «հարթակում ներկայացնելու» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության եւ վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու եւ կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:».
3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Եթե անհատական ընդունելության ժամանակ անձի հնչեցրած առաջարկությունը համապատասխանում է սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը, եւ անձն ստորագրում է ընդունելության ժամանակ կազմված արձանագրությունը, որի մեջ նշվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները, ապա այդ արձանագրությունը դիտարկվում է որպես հանրագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով մուտքագրվում հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյան, հրապարակվում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում, եւ քննվում սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:».
4) 10-րդ մասը «անձը» բառից հետո լրացնել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով.
5) 13-րդ մասի «գրավոր» բառը փոխարինել «թղթային եղանակով կամ Էլեկտրոնային հարթակի միջոցով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 6.Հանրագրին ներկայացվող պահանջները».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) հանրագրի վերնագիրը.».
3) 1-ին մասի 3-րդ կետից հանել «մշտապես գործող մարմնի» բառերը.
4) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1- 5.3-րդ կետերով.
«5.1) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագիր ներկայացնելու դեպքում՝ գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը կամ անվանումը, բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն.
5.2) էլեկտրոնային հարթակում կոլեկտիվ հանրագրին միանալու դեպքում՝ հանրագրի աջակիցների անունը, ազգանունը կամ անվանումը, էլեկտրոնային փոստի հասցեն.
5.3) այն ոլորտը, որին վերաբերում է հանրագիրը.».
5) 3-րդ մասի «Կոլեկտիվ» բառը փոխարինել «Թղթային եղանակով ներկայացվող կոլեկտիվ» բառերով.
6) 4-րդ մասը «ներկայացուցչի լիազորագիրը» բառերից հետո լրացնել «, իսկ օրինական ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում՝ օրինական ներկայացուցիչ լինելը հավաստող փաստաթուղթը» բառերով:
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանրագիրն ստանալու օրը հանրագիրը ենթակա է գրանցման պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վարվող հանրագրերի էլեկտրոնային գրանցամատյանում:».
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագիրը ներկայացնող անձի կողմից հանրագրի չհրապարակման մասին նշում:»:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Հանրագիրը վերադարձնելը
1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 6-րդ հոդվածով հանրագրին ներկայացվող պահանջներին, կամ հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հանրագրում շտկումներ իրականացնելու նպատակով: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու եւ կրկին ներկայացնելու դեպքում հանրագիրը ենթակա է մերժման:
2. Եթե հանրագիրը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:
3. Եթե հանրագրի մի մասը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա հանրագիրը քննվում է միայն վերաբերելի մասով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցելով հանրագիր ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու մյուս մասով:
4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա առաջարկությունն ամբողջությամբ կամ մասամբ որպես հանրագիր չի արձանագրվում, իսկ այն ներկայացրած անձին պարզաբանվում է, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով կամ մասով:»:
Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «ընթացակարգ» բառից հետո հանել «, կամ» բառը եւ դնել միջակետ.
2) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ կետերով.
«6) սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերժման հիմքով, կամ
7) առաջարկությունը կամ գրությունը կամ հաղորդումը չի համապատասխանում սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հանրագրի հասկացությանը:»:
Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելը
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաեւ հանրագրի պատասխանն ուղարկվում են հասցեատիրոջ ներկայացրած էլեկտրոնային փոստի հասցեին կամ բնակության կամ հաշվառման կամ գտնվելու վայրի հասցեին եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում են Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում: Թղթային եղանակով հանրագիր ներկայացնելու դեպքում սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված որոշումները, ինչպես նաեւ հանրագրի պատասխանը ուղարկվում են փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ հանրագրի մեջ նշված հասցեով կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով, եթե հասցեատերը հանրագրի մեջ ցանկություն չի հայտնել պատասխանն ստանալ էլեկտրոնային փոստի հասցեին:
2. Թղթային եղանակով ներկայացված կոլեկտիվ հանրագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված փաստաթղթերն ուղարկվում են հանրագրում որպես պատասխանատու նշված անձին, իսկ պատասխանը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հրապարակվում է Էլեկտրոնային հարթակում, եթե առկա չէ հանրագրի չհրապարակման մասին նշում:
Հոդված 11.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ էլեկտրոնային գրանցամատյանի բովանդակության եւ վարման կարգի, հանրագիրը էլեկտրոնային գրանցամատյանում գրանցելու, Էլեկտրոնային հարթակում հանրագիրը ներկայացնելու, հրապարակելու, քննարկելու եւ կոլեկտիվ հանրագրին միանալու, էլեկտրոնային հարթակում ներկայացված հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումները, հանրագրի պատասխանն ուղարկելու, հրապարակելու առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
30.03.2021
Երեւան
ՀՕ-122-Ն