Հանրային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.12.2021

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «կապված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «Վիճակագրական» բառը փոխարինել «Վիճակագրության» բառով:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «հարաբերությունները» բառից հետո լրացնել «սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ պետական ծառայության առանձին տեսակները եւ համայնքային ծառայությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված՝ հանրային ծառայողներին պաշտոնից ազատելու եւ լիազորությունների դադարեցման հիմքերից բացի, սույն օրենքով կարող են սահմանվել հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքեր:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.1-ին հոդվածով.

«Հոդված 16.1. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը

1. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված հայտարարված արտակարգ դրության կամ սահմանված կարանտինի ընթացքում աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված՝ աշխատանքի (ծառայության) ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացվելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները, եւ այդ ժամանակահատվածի համար չի վճարվում աշխատավարձ մինչեւ սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետեւանքով ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:

3. Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների դատավորների, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

21.12.2021
Երեւան
ՀՕ-390-Ն