ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական գույքի կառավարման մասին» 2014 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) սահմանում է պետական գույքի նվիրատվության կարգը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14 -22-րդ կետերով.
«14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.
15) հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու եւ արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.
16) հաստատում է 50 եւ ավելի տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
17) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի եւ շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու եւ սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու եւ պայմանագրերի կնքման կարգը.
18) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.
19) հաստատում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը.
20) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առեւտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություններին եւ հիմնադրամներին հանձնելու կարգը.
21) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը.
22) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 23-27-րդ կետերով.
«23) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու եւ այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու մասին.
24) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունում է պետական սեփականություն համարվող գույքի վաճառքի մասին որոշում.
25) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովումը կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման գործընթացը.
26) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում է պետական կառավարման մարմինների կողմից 50 տոկոս եւ ավելի պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների կառավարման գործընթացը.
27) մշակում է պետական գույքի նվիրատվության մասին իրավական ակտերի նախագծեր եւ անհրաժեշտության դեպքում իրականացնում է նվիրատվության գործընթացը:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը Կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-298-Ն