Russian    
Վարչական դատավարության oրենuգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.06.2023
Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 166.3-րդ հոդվածով.

«Հոդված 166.3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքն ստանալը

1. Վճռաբեկ բողոքի քննության ընթացքում վճռաբեկ դատարանը կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԴ)՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով (սույն հոդվածում այսուհետ՝ ՄԻԵԿ) սահմանված իրավունքների եւ ազատությունների մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ սկզբունքային հարցերի վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով, եթե դա անհրաժեշտ է գործով որոշում կայացնելու համար:

2. Խորհրդատվական կարծիք ստանալու առաջարկություն կարող է ներկայացնել յուրաքանչյուր դատավոր, որի վերաբերյալ վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում:

3. Խորհրդատվական կարծիք ստանալու դիմումը ներառում է՝

1) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար էական նշանակություն ունեցող փաստակազմն ու իրավական հիմքերը.

2) բարձրացված հարցին (հարցերին) պատասխանելու համար վերաբերելի ներպետական օրենսդրությունը.

3) ՄԻԵԿ-ի վերաբերելի դրույթները, մասնավորապես վերաբերելի կոնվենցիոնալ իրավունքները եւ ազատությունները.

4) հնարավորության դեպքում եւ, եթե անհրաժեշտ է, բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ վճռաբեկ դատարանի վերլուծություններն ու մեկնաբանությունները.

5) անհրաժեշտության դեպքում՝ դիմումն անհապաղ քննելու վերաբերյալ հիմնավորումներ.

6) անհրաժեշտության դեպքում՝ միջնորդություն՝ ապահովելու վարույթում ներգրավված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անանունությունը.

7) վերաբերելի լինելու դեպքում՝ բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ կողմերի փաստարկների ամփոփ շարադրանքը:

4.  Դիմումին կարող են կցվել այն հիմնավորող անհրաժեշտ նյութեր:

5.  Դիմումը պետք է համապատասխանի ՄԻԵԴ-ի սահմանած տեխնիկական պահանջներին:

6.  ՄԻԵԴ-ի հետ փոխգործակցությունն ապահովում է գործով զեկուցող դատավորը, որը պատրաստում եւ ՄԻԵԴ է ներկայացնում դիմումով բարձրացված հարցի (հարցերի) վերաբերյալ ՄԻԵԴ-ի քարտուղարության կողմից հայցվող տեղեկությունը:»:

Հոդված  2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

18.07.2023
Երեւան
ՀՕ-234-Ն