ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 33. Երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագիրը
1. Երեխայի իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, ռազմավարական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակի վերլուծությունը, առաջնահերթությունները, ֆինանսական աղբյուրներն ու անհրաժեշտ ֆինանսական միջոցները, առաջընթացի ցուցանիշները, ելակետային եւ թիրախային արդյունքները, իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման ընթացակարգը սահմանվում են երեխայի իրավունքների պաշտպանության համալիր ծրագրով (այսուհետ՝ համալիր ծրագիր): Համալիր ծրագիրն ապահովում է երեխայի իրավունքների ապահովման, երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում պետական քաղաքականության համակարգված, նպատակային, շարունակական եւ արդյունավետ իրականացումը:
2. Համալիր ծրագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ եւ 35-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
22.09.2023
Երեւան
ՀՕ-274-Ն