Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.09.2023

Հոդված 1. «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ.1» կետով.

«ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները.»:

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում՝

1) «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները՝ ըստ չափորոշիչների, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները՝ ըստ չափորոշիչների, ինչպես նաեւ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը,».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) կազմակերպում եւ անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդ,»:

Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայրը, մայրը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

7. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 6-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.

«Հոդված 13.3. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների անցկացման հիմնական պայմանները

1. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդը (այսուհետ՝ աճուրդ) էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ ներքին գործերի լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում եւ անցկացնում է ներքին գործերի լիազոր մարմնի համապատասխան ծառայությունը:

2. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը:

3. Աճուրդի անցկացման գործընթացի նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված՝ էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդին վերաբերող կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

4. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որը ներառում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 4-8-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

5. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական կայքում:

6. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը պաշտոնական կայքում ստեղծված համակարգում գրանցում է մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով եւ ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում կազմակերպչի դեպոզիտ հաշվին եւ հայտագրվում աճուրդին: Աճուրդի հրապարակային ծանուցման եւ մասնակիցների գրանցման կարգը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:

7. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդն սկսելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է եւս 10 րոպե՝ հաշված առաջարկի ստացման պահից:

8. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային հայտը՝ առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:

9. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում:

10. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում (վերադարձվում) է:

11. Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով:

12. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում աճուրդի արձանագրությունը, որի ձեւը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

13. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ՝ հաշվանցելով նախավճարը:

14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:

15. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպիչն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը, որի ձեւը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

16. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի: Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում:

17. Աճուրդը համարվում է չկայացած, եթե՝

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

18. Եթե աճուրդը չի կայացել լոտի գնման գինը սահմանված ժամկետում գնորդի կողմից չմուծվելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:»:

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշումը եւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

03.10.2023
Երեւան
ՀՕ-285-Ն