Ազգային անվտանգության մարմինների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2023
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 4.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 4.1. Լիազորված մարմնի ղեկավարի ու տեղակալների նշանակումը, ազատումը եւ կարգավիճակը

1. Լիազորված մարմնի անմիջական ղեկավարումն իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է, որի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Լիազորված մարմնում նախատեսվում են լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոններ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ: Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոն զբաղեցնողները հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, որոնց հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

4. Լիազորված մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը՝ լիազորված մարմնի ղեկավարի առաջարկությամբ:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալներն ազատվում են զինվորական ծառայության պաշտոններից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածով սահմանված կարգով եւ նշանակվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ որպես հանրային պաշտոններ զբաղեցնող անձինք: Սույն կետով նախատեսված պաշտոնատար անձանց ազատումը եւ նշանակումը կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայության պաշտոններից ազատված եւ հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները տվյալ պաշտոնն զբաղեցնելու ժամանակահատվածում պահպանում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված երաշխիքները, որոնք վերջիններիս տրամադրվել են զինվորական ծառայության ընթացքում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան հանրային պաշտոնների նշանակված Ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ տեղակալները նշանակվելուց հետո օգտվում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից, իսկ տվյալ հանրային պաշտոնն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

08.01.2024
Երեւան
ՀՕ-2-Ն