National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.3.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
05.03.2024
ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով խորհրդարանական լսումներ էր հրավիրել Տնտեսական հարցերի հանձնաժողովը
1 / 23

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մինչեւ 30 աշխատող ունեցող ընկերությունների համար որոշակի ժամանակահատվածով սահմանված էր եկամտային հարկի եւ շահութահարկի գծով արտոնություն, որը երկարաձգվել էր եւս մեկ տարով: Այդ գործընթացին զուգահեռ առավել երկարաժամկետ, կանխատեսելի, ոլորտի ու տնտեսության շահերն առավելագույն հավասարակշռող ամբողջական կարգավորումներ մշակելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին ընդգծել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը մարտի 5-ին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ: Քննարկումների առանցքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն էր:

Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի մոտ քննարկման ժամանակ այս հարցով աշխատանքային խումբ ստեղծելու պայմանավորվածություն է եղել: Մինչեւ այս տարվա կեսը նախատեսվում է ունենալ վերոնշյալ նախաձեռնությունը: Մինչ փաստաթուղթը պաշտոնապես շրջանառելը, հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է քննարկումը ոլորտի պատասխանատուների հետ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Արձանագրելով, որ ոլորտի զարգացումն այլընտրանք չունի եւ դրա համար լրջորեն քայլեր են ձեռնարկվում` նա կարծիք է հայտնել, որ այս հանրային քննարկումը եւս այդ մասին է վկայում: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը կարեւորել է Վարչապետին կից գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի ստեղծումը եւ դրա շրջանակում իրականացվող քայլերն ու առաջնահերթությունները:

«Ակնհայտ է, որ մենք բոլոր ուղղություններով չենք կարող ունենալ թռիչքային հաջողություններ, բայց, միանշանակ է, որ կոնկրետ ոլորտներ թիրախավորելով` նման հնարավորություն ունենք»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով օրենսդրական կարգավորումներին` խորհրդարանի փոխնախագահը կարծիք է հայտնել, որ օրենքը չպետք է լինի ուղղակի արտոնությունների մասին, պետք է ունենա խթանիչ ուղղություններ, որոնք կրթության եւ գիտության ոլորտներում ազդեցության որակական փոփոխությունների կհանգեցնեն: Որպես օրինակ` նա մատնանշել է հիպոտեկային շուկայի շաղկապվածությունը մարդկանց վճարած եկամտային հարկի հետ: Ըստ Հակոբ Արշակյանի` եկամտային հարկի վերադարձով խթանում ենք ներդրումները, եւ նման խթաններ կարող են լինել նաեւ գիտության ու կրթության ոլորտում ներդրումները:

Լսումներին բացման խոսքով ելույթ է ունեցել նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա շնորհակալություն է հայտնել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին` նման լսումներ նախաձեռնելու համար: «Սա չափազանց կարեւոր նախաձեռնություն է մեզ, ՏՏ համայնքի համար, որովհետեւ մենք կարեւորագույն որոշումներ կայացնելու փուլում ենք»,- ընդգծել է զեկուցողը:

Մխիթար Հայրապետյանի խոսքով ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստող օրենսդրություն ունենալը ռազմավարական նպատակ է: Նշվել է, որ նախարարության առաքելությունն է` Կառավարության եւ համայնքի միջեւ ապահովել որակյալ երկխոսություն, ճիշտ համակարգել կողմերին մտահոգող հարցերը, ստեղծել կառուցողական մթնոլորտ:

«Հավատում եմ, որ բարձր տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացումը Հայաստանում ունի ապագա»,- նման կարծիք է հայտնել նախարարը եւ նշել, որ դրա համար անհրաժեշտ է գնալ բարդ որոշումներ ընդունելու ճանապարհով:

Ըստ նախարարի` ՏՏ ոլորտի զարգացումը բնագավառի մասնագետների սեփականությունը չէ, պետությունը տարբեր գործիքներով եւ մեխանիզմներով պետք է նրանց կողքին լինի:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության անունից ելույթում Արմեն Բալդերյանը կարեւորել է նմանատիպ լսումների կազմակերպումը: ՏՀՏ գործատուների միության նախագահի խոսքով պետք է ճիշտ գնահատել այն դերը, որն ունի ԲՏ ոլորտը երկրի զարգացման հարցում: Զեկուցողը խոսել է Հայաստանի` բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու կարեւորության մասին, եւ այդ ճանապարհին թե' ոլորտային օրենքների եւ թե' ռազմավարության մշակման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:

Ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանի կարծիքով էլ օրենսդրական փաթեթի ընդունումը կնպաստի բնագավառի թռիչքաձեւ զարգացմանը:

ՏՏ համայնքի կողմից ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը ներկայացրել է  խմբի կողմից մշակված վերլուծական փաստաթուղթը: Վերլուծությանն աջակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատուժի զարգացման ծրագիրը Հայաստանում` նաեւ տրամադրելով փորձագիտական աջակցություն օրենքի նախագծի մշակման գործում: «Մեր տեսլականն է, որ Հայաստանը մի շարք  բարձր տեխնոլոգիական ոլորտներում կլինի գլոբալ առաջատարների թվում` թոփ տասնյակի, հնգյակի թվում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը կունենա զգալի կշիռ համախառն ներքին արդյունքում` 10 տարվա ընթացքում հասնելով 15-20 տոկոսի: Մեր տեսլականն է, որ ամբողջ տնտեսությունը կթվայնացվի եւ տեխնոլոգիապես կվերազինվի:  Կարծում եմ` միանշանակ է, որ դա առանց ուժեղ բարձր տեխնոլոգիական համայնքի դա անհնար է իրականացնել Հայաստանում»,- ասել է բանախոսը:

Սեւակ Հովհաննիսյանի խոսքով այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության ամենադինամիկ աճող  ոլորտն է` գրանցելով կտրուկ աճ 2022 թվականին: Դա հիմնականում պայմանավորված է եղել Ռուսաստանից  ռելոկանտ ընկերությունների մուտքով Հայաստան:

2022 թվականին ոլորտի շրջանառությունը հասել է 589 մլրդ դրամի կամ 1 մլրդ 400 մլն դոլարի: Ոլորտը 47.5 տոկոսով աճել է տարեկան` 2018-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում այն դեպքում, երբ ՀՆԱ-ն տարեկան աճել է 9 տոկոսով: Նման արագ աճը նպաստել է ոլորտի դերի եւ նշանակության բարձրացմանը տնտեսության մեջ, եւ ՀՆԱ-ի հետ հարաբերակցությունը հասել է մինչեւ 7 տոկոսի:

Նշվել է, որ հարկային արտոնությունները լրացուցիչ խթան են հանդիսացել ՏՏ ոլորտի աճի համար: Արտոնություն ստացած ընկերությունների աճը 23 տոկոսային կետով ավելի արագ է եղել, քան արտոնություն չստացածներինը: 4-5 անգամ ավելացել է Հայաստանում գործող ՏՏ  ընկերությունների քանակը: Ոլորտում ավելացել են աշխատողների թվաքանակը եւ աշխատավարձի ֆոնդը, որը 2022 թվականին հասել է մոտ 700 մլն դոլարի: Ոլորտի կողմից վճարվել է շուրջ 60 մլրդ դրամի եկամտային հարկ, որը 2018 թվականի նկատմամբ աճել է 3.6 անգամ, իսկ շահութահարկը կազմել է մոտ 1.1 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատ աճ է գրանցել մոտ 7 անգամ:

Այստեղ բարձր է նաեւ միջին աշխատավարձը: Այն 2022 թվականին կազմել է մոտ 1 մլն դրամ, որը 3.8 անգամ ավելի բարձր է, քան հանրապետության միջին աշխատավարձը:

Նշվել է, որ ոլորտում աշխատավարձային ֆոնդը կազմում է 770 մլն դոլար:

Սեւակ Հովհաննիսյանը նշել է այն ներքին եւ արտաքին մարտահրավերները, որոնք ծառացած են ոլորտի առջեւ:

«Պետության կողմից միջոցառումների իրականացման նպատակը ՀՀ տարածքում գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) գործունեության խթանումն է, ԲՏ եւ ՏՏ ոլորտի զարգացումը, այդ ոլորտի գլոբալ մրցունակության բարձրացումը եւ դրա զարգացման միջոցով երկրի տնտեսական աճի ապահովումը»,- օրենքի հիմնական դրույթները ներկայացնելիս ընդգծել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի իրավաբան-խորհրդատու Արա Խզմալյանը: Նախաձեռնությամբ ԲՏ եւ ՏՏ ոլորտի սուբյեկտ են համարվելու այն տնտեսվարողները, որոնց գործունեության առնվազն 50 տոկոսը տվյալ ոլորտում է: Որոշ գործունեության տեսակներ համարվելու են ԲՏ եւ ՏՏ ոլորտի գործունեություն` տնտեսական դասակարգչի կոդերի հիման վրա: Այլ ոլորտների համար լիազոր մարմնի կողմից հանձնաժողովի մասնակցությամբ կմշակվեն չափանիշներ` որոշակի գործունեությունը ԲՏ եւ ՏՏ ոլորտի գործունեություն ճանաչելու համար: Հանձնաժողովի 8 անդամից 4-ը պետական համակարգի, 4-ը` ոլորտային միությունների ներկայացուցիչներ են լինելու: Հանձնաժողովի առաջնահերթ պարտականություններից է հավաստագրի տրամադրումն այն դեպքում, երբ ընկերության գործունեությունն ինքնաբերաբար չի երեւում ԱԱՀ հաշվարկներից: «Այն դեպքերում, երբ ինքնաբերաբար երեւում է, հավաստագրման կարիք այլեւս չի լինի»,- ասել է զեկուցողը: Հանձնաժողովը մասնակցելու է օրենքի շրջանակում տվյալների հավաքագրման, ստուգման, համեմատման եւ մշտադիտարկման աշխատանքներին: Այդ տեղեկությունների շրջանակում նախարարությունը վարելու է վարչական ռեգիստր:

Զեկուցողը մանրամասնել է հնարավոր աջակցության միջոցառումները: Համավճարը (անվանումը պայմանական է) հաշվարկվելու է` հիմք ընդունելով հաշվետու ժամանակահատվածում (եռամսյակ կամ տարեկան) եկամտային հարկի գծով հաշվարկած, վճարված գումարները: Հնարավորություն է տրվելու լիազոր մարմնին` ԲՏԱ նախարարությանը, ԲՏ եւ ՏՏ ոլորտի սուբյեկտներին տրամադրել համաֆինանսավորում գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների ու ծառայությունների, ԲՏ եւ ՏՏ ոլորտում կրթական ծրագրերի գծով ծախսերին, ինչպես նաեւ կապիտալ ներդրումներին: Արա Խզմալյանը պարզաբանել է, որ այս առումով չափանիշները, չափերը եւ կարգը պետք է լրացուցիչ սահմանվեն ենթաօրենսդրական ակտերով: «Կարեւոր է հասկանալ, որ ոլորտի զարգացումն օրենքը չի կապում զուտ հարկերի վերադարձի, այլ առաջին հերթին նաեւ պետության կողմից ուղիղ մասնակցության հետ` ոլորտում առավել արդյունավետ ու առաջադեմ ծախսերի գծով»,- ասել է նա:

Համավճարի մասով պետք է լինի հնարավորինս ավտոմատացված մեխանիզմ. առցանց դիմում է ներկայացվելու, տեղեկությունները ստուգվելու են` համադրելով ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալներին: Որոշումը կայացվելու է ավտոմատացված, սակայն տեխնիկական խնդիրների դեպքում նախարարությանը դիմելու հնարավորություն է լինելու` վերանայման, վարչական վարույթ իրականացնելու նպատակով: Դիմումները կարող են ներկայացվել եռամսյակային ու տարեկան կտրվածքով:

Հարցուպատասխանի եւ ելույթների ընթացքում լսումների մասնակիցները խոսել են ՏՏ ոլորտի զարգացման վերաբերյալ ռազմավարություն եւ աշխատաշուկայում որակյալ մասնագետներ ունենալու անհրաժեշտության մասին: Կարծիքներ են հնչել օրենսդրական նախաձեռնության որոշ դրույթներ հստակեցնելու, խմբագրելու եւ ճշգրտելու վերաբերյալ: Կարեւորվել է գիտության եւ կրթության ոլորտներում ներդրումների ավելացումը: Ելույթ ունեցողները որպես ոլորտի առջեւ ծառացած մարտահրավեր մասնավորապես նշել են ոլորտից լավագույն մասնագետների արտահոսքն այլ` ավելի լավ բիզնես միջավայր  ու պայմաններ առաջարկող երկրներ, ինչը կասեցնելու համար անհրաժեշտ է համարվել անհապաղ քայլեր անել:

Ելույթ ունեցողները ներկայացրել են ոլորտին առնչվող առաջարկներ եւ դիտողություններ, նշվել է նաեւ, թե նախաձեռնության վերնագիրը չի արտահայտում օրենքի բովանդակությունը: Առաջարկվել է մտածել նաեւ, թե ինչ է լինելու այն 4000-5000 ընկերությունների հարցը, որոնք բաղկացած են 1 հոգուց եւ չեն վճարում որեւէ հարկ կամ պարտադիր վճար: Անդրադարձ է եղել ընկերություններում իրականացվող անհասկանալի ստուգումներին, ռելոկանտ ընկերությունների  արտահոսքի պատճառներին:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը, որակյալ օրենսդրություն ունենալու հարցում կարեւորելով նման արդյունավետ քննարկումները, կարծիք է հայտնել, որ ՏՏ ոլորտն առանձնահատուկ նշանակություն ունի երկրի համար. այն միայն իր շահերին չի ծառայում: ԲՏ ոլորտը, օրինակ, կարող է արտացոլված լինել բժշկության, արդյունաբերության մեջ ու այլուր եւ նպաստել տնտեսության աճին ու հասարակության զարգացմանը: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի` այս ոլորտում զգույշ ու հավասարակշռված քայլեր են պետք: «Ցանկացած ոլորտի հարկային քաղաքականություն, եթե տարբերվում է մյուս ոլորտներից, դա խտրականություն է: Կարող է լինել դրական խտրականություն, կարող է լինի խտրականություն, որը հետագայում ավելի մեծ օգուտներ է բերելու, բայց այն պետք է առավելագույն փաստարկված լինի»,- նման կարծիք է հայտնել պատգամավորը:

Բաբկեն Թունյանի գնահատմամբ կարեւորն այն է, թե որպես պետություն որքան ենք ծախսելու եւ որքան ենք հետ ստանալու: «Եթե տեղեկատվական տեխնոլոգիաներից անցում ենք կատարում բարձր տեխնոլոգիաների, այդտեղ մի քանի միլիարդի մասին չէ խոսքը, այլ` տասնյակ միլիարդների: Ըստ էության` սա միջոցների վերաբաշխում է, պետք է հասկանանք` այդ միջոցների վերաբաշխումից պետությունն ի՞նչ է ստանալու»,- ընդգծել է նա: Հանձնաժողովի փոխնախագահը հույս է հայտնել, որ քննարկումները շարունակական կլինեն եւ առավել ամբողջական ու կանխատեսելիություն ապահովող լուծումներ կարձանագրվեն:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ոլորտում իրականացվող հարկային վարչարարությանն ու դրա ազդեցություններին, ռելոկանտների հեռանալու պատճառներին: Պատգամավորը կարեւորել է ոլորտում բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը: Ըստ նրա` նրանց կա՞մ պետք է տեղում պատրաստել, կա՞մ եղած մասնագետներին բերել մեր երկիր` տալով նրանց մրցունակ հարթակ: «Խնդիրները կլուծվեն, եթե միայն ոլորտում առավել մրցունակ հարթակ ստեղծվի»,- ընդգծել է նա:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի դիտարկմամբ լսումների ընթացքում հնչել են տարբեր արժեքավոր մտքեր, որոնք կարեւոր են լինելու առաջիկա որոշումների կայացման համատեքստում: «Մենք, ի վերջո, պետք է որեւէ պահի կոնսենսուս ունենանք այն գործոնների շուրջ, թե որոնք են եւ դրանք ինչ չափով են ազդում ոլորտի զարգացման հեռանկարի վրա»,- ընդգծել է զեկուցողը: Փոխնախարարի կարծիքով կան հատվածական տարբեր հետազոտություններ, սակայն մեկ համապարփակ հետազոտությամբ ամբողջովին բացահայտված չէ, թե որոնք են ամենաազդեցիկ գործոնները:

Արման Պողոսյանը խոսել է բնագավառում հարկային արտոնությունների տրամադրումից, նշել, որ ոլորտում ստեղծվող հարկման բազաները ապագա հարկերն են ու ծախսերի աղբյուրները:

Փոխնախարարը խոսել է կայուն ու կանխատեսելի հարկային միջավայր ունենալու, փոփոխությունների արդյունքում հարկման բազան ընդլայնելու մասին. «Նախատեսում ենք ունենալ այնպիսի օրենսդրություն, որը թույլ կտա գրանցել մեր երկրում ստեղծվող հեղինակային իրավունքները»:

Եզրափակիչ ելույթում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հնչած մտահոգություններին` ռազմավարությունից հետո օրենքի ընդունում, թե՝ հակառակը: Նա ինստիտուցիոնալ առումով անընդունելի է համարել ոլորտային օրենսդրություն ունենալը` առանց ռազմավարության առկայության: Միեւնույն ժամանակ օրենքն արտահերթ քննարկելու հարցին անդրադառնալով` նա նշել է, որ այստեղ խնդիրը բախվում է մրցակցության բաղադրիչին: «Այս օրենքն արտահերթ եւ ոչ ինստիտուցիոնալ ճանապարհով առաջ տանելու հիմքում ընկած է մրցակցությանը չպարտվելը»,- արձանագրել է նախարարը եւ կարծիք հայտնել, որ պետք է գերարագ քաղաքականություն վարել, ինչը մրցակիցներն արդեն վարում են: «Մի քանի քայլ ավելի առաջ նայելու իմաստով մենք պետք է այսօր կողմնորոշվենք` արձանագրելով, որ զուգահեռ պետք է ունենանք ռազմավարական փաստաթղթերը»,- փաստել է նա: Նախարարը կարեւորել է ոլորտի պատասխանատուների եւ շահագրգիռ կողմերի փոխկապակցված աշխատանքը:

«Սրանք ապագայի մասին քննարկումներ են, ներդրումներ են մեր պետության անվտանգության, մեր երեխաների ապագայի, ռազմարդյունաբերության, տաղանդի մեջ»,- եզրափակիչ ելույթում փաստել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:

Եզրափակելով լսումների աշխատանքը` հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքով մեկնարկած գործընթացը կարող է միությունների, ասոցիացիաների, մասնավոր ոլորտի, գործադիրի եւ օրենսդիրի համագործակցությամբ արդյունավետ կարգավորում ունենալու լավ օրինակ դառնալ:
 


05.03.2024
Հասմիկ Հակոբյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը մարտի 5-ին հանդիպել է խորհրդարանում մասնագիտական փորձաշրջան անցնող ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների հետ: «Միջազգային կառույցների անցկացված ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված զեկույցն...

05.03.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Քննարկումների առանցքում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն է:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am