Տպել
11.03.2024
Քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր
1 / 7

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում իրականացնում է «Հայաստանի Հանրապետության նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նախաձեռնողական քաղաքականության նոր ուղղությունները» խորագրով թեմատիկ քննարկումներ՝ անդրադառնալով ոլորտային նախարարությունների կողմից իրականացվող միջոցառումների ծրագրերին ու դրանց արդյունքներին:

Հանձնաժողովի՝ մարտի 11-ի նիստում քննարկվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջնահերթություններին ու նախաձեռնողական քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցեր:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշել է, որ այս տարի ընդհանուր շուկաների գործնական կիրառություն չի լինի. նախանշված էր, որ ընդհանուր շուկաները պետք է սկսեին գործել 2025 թվականից, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը, եւ այն հավանաբար կհետաձգվի մինչեւ 2027 թվական:

Անդրադառնալով գազի ընդհանուր շուկայի գործարկմանը՝ Հակոբ Վարդանյանը նշել է, որ 5-7 հարցերի խմբերի շուրջ չկա կոնսեսուս: Փոխնախարարը կարեւորել է գազի ընդհանուր շուկայի գնի ձեւավորման սկզբունքային եւ առանցքային հարցը, երբ բոլորի համար պետք է գործեն նույն պայմանները. ՌԴ-ն եւ Ղազախստանը դեմ են այդ մոտեցմանը եւ գտնում են, որ ներքին սպառողների համար սկզբունքների ձեւավորումն այլ պետք է լինի:

Խոսելով էլեկտրաէներգետիկական ընդհանուր շուկայի գործարկման մասին՝ փոխնախարարը նշել է, որ Հայաստանն ամբողջությամբ չի կարող ինտեգրվել այդ շուկային, որովհետեւ այդ շուկայի հետ չունի ընդհանուր սահման:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Հակոբ Վարդանյանն անդրադարձել է գազի գնի թանկացման հավանականությանը. «2019 թվականի հունվարի 1-ին է վերջին անգամ գազի գինը ՀՀ-ում ֆիքսվել: Ամեն տարի այդ քննարկումներն ու անհանգստությունը կա, սակայն դեռեւս 5 տարի է ՀՀ-ում գազի գինը կայուն է, եւ, կարծում եմ, հավանականություն կա, որ առնվազն եւս 8 տարի գազի գինը կմնա նույնը, եթե շատ մեծ աշխարհաքաղաքական եւ շուկայական փոփոխություններ աշխարհում տեղի չունենան»,- պարզաբանել է փոխնախարարը:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը հավաստիացրել է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ նախագահության շրջանակում կատարելու է իր բոլոր պարտավորությունները:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում իրականացվող տրանսպորտային քաղաքականությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր երեք տարին մեկ ԵԱՏՄ հարթակում մշակվում է ճանապարհային քարտեզ: Նա տեղեկացրել է, որ եղանակային պայմաններից առաջացող խնդիրները լուծելու նպատակով նոր ճանապարհ է կառուցվում Ստեփանծմինդա-Լարս տանող ճանապարհահատվածում՝ ընդհանուր 22 կմ երկարությամբ: Նախատեսված էր, որ 2024 թվականի ավարտին կշահագործվի ճանապարհը, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով ավտոճանապարհը կշահագործվի 2025 թվականին:


11.03.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներն այցելել են Համբուրգի քաղաքային խորհուրդ
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին հյուրընկալվել է Համբուրգի քաղաքային խորհրդում` Ռատհաուսում: Հայ խորհրդարանականները գրառումներ են կատարել Պատվո հուշամատյանում, որից հետո կարճատեւ զրույց ունեցել Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ:   ...

11.03.2024
ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահին
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ: Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործ...

11.03.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...