Տպել
15.03.2024
Քննարկվել են 2023 թ. արտաքին ոլորտում իրականացված միջոցառումներն ու ծրագրերը
1 / 17

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մարտի 15-ի նիստում քննարկել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցն ու ընդունել ի գիտություն:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասնել է նախորդ տարում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո ստեղծված իրավիճակի մասին: Նրա խոսքով հայկական կողմի ջանքերն առաջին օրվանից ուղղվել են խնդրի մասին բարձրաձայնելուն, միջազգային ներգրավվածություն ապահովելուն: Նշվել է, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել տարբեր մակարդակներում: Նախարարը հիշատակել է հատուկ ընթացակարգերի, մանդատակիրների հրապարակած հաղորդագրությունները, նամակները, որոնցով Ադրբեջանին կոչ էր արվում վերացնել Լաչինի միջանցքի արգելափակումն ու կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում: Արարատ Միրզոյանը մանրամասնել է այս ուղղությամբ ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ արտասահմանում իրականացված քայլերը, միջազգային կառույցների, պետությունների, հեղինակավոր կազմակերպությունների հայտարարությունները, բանաձեւերն ու կոչերը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ: Ներկայացվել են միջազգային ասպարեզում Հայաստանի կառավարության քայլերը ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքները հոգալու հարցում:

Անդրադառնալով դիվանագիտական աշխատանքին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը եղել է ամենաառանցքային ուղղություններից: Նախարարը վերահաստատել է խաղաղության գործընթացում հայկական կողմի համար ընդունելի սկզբունքները, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում կարեւորել երկրների ինքնիշխանության, ազգային իրավազորության եւ փոխադարձության ու հավասարության սկզբունքները:

Նախարարն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, համոզմունք հայտնել, որ դրա իրագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կլինի տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրների համար, այլ կդառնա խաղաղություն ապահովող եւ դրան նպաստող էական գործոն: Նա վստահեցրել է, որ այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասով թեեւ շոշափելի արդյունքներ չեն գրանցվել, այդուհանդերձ եղել են ինտենսիվ քայլեր: Զեկուցողը մանրամասնել է իրականացված աշխատանքը ե՛ւ օրենսդիրի, ե՛ւ գործադիրի մակարդակում:

Նշվել է, որ հաշվետու տարում բարձր մակարդակով շարունակվել է Հայաստան-Ռուսաստան երկխոսությունը, ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ երկու հանդիպում է եղել եւ 9 հեռախոսազրույց: Անցկացվել են տարբեր համատեղ նիստեր:

Շարունակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության եւ գործընկերության ամրապնդումը, տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսազրույցներ ու հանդիպումներ:

Զգալիորեն խորացել է ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը՝ ընդգրկելով նոր բաղադրիչներ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը, նշել, որ դրանից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է:

2023 թվականին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ մեկնարկել է քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսություն, շարունակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված կանոնադրական մարմինների աշխատանքը: Ըստ նախարարի՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար առանցքային է եղել հոկտեմբերի 16-ին վարչապետի այցը Եվրոպական խորհրդարան եւ նրա ելույթը ԵԽ լիագումար նիստի ընթացքում: Տարբեր մակարդակներում շարունակվել են երկկողմ շփումները, հանդիպումներն ու հեռախոսազրույցները:

Նախարարը խոսել է Հայաստան-Ֆրանսիա առանձնաշնորհյալ հարաբերությունների մասին, մանրամասնել երկկողմ շփումների արդյունավետ դինամիկան, տնտեսական համագործակցության տեսլականը:

Ներկայացվել է նաեւ Վրաստանի, Իրանի, Գերմանիայի, Հնդկաստանի, Էստոնիայի, Միացյալ Թագավորության, Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի, ԱՄԷ-ի, Սիրիայի ու գործընկեր մի շարք այլ երկրների հետ մեր երկրի դիվանագիտական հարաբերությունների օրակարգը:

Միջազգային կազմակերպությունների շրջանակում իրականացված աշխատանքին անդրադառնալով՝ նախարարը ներկայացրել է ԵԱՏՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ այլ կառույցների շրջանակում կատարվածը: Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ մեր մասնակցությունը որոշակիորեն սառեցվել է ՀԱՊԿ-ում: «Մեզ համար մինչ այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի մեր գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին»,- ընդգծել է զեկուցողը:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել այն հարցին, թե Կառավարության գործունությունը որքանով է համապատասխանում Ազգային ժողովի հաստատած ծրագրին, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի մասով: Ըստ Արարատ Միրզոյանի՝ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին մասով կատարելն անհնար է դարձել եւ ՀԱՊԿ-ի մասով մեր մասնակցությունը չի համապատասխանել 2021 թվականին ներկայացրածին: «Հայաստանի վրա հարձակում է տեղի ունեցել, մեր սահմանները խախտվել են, եւ այս կազմակերպության կողմից պարտավորություններին համարժեք արձագանք չենք ստացել»,- ընդգծել է նախարարը:

Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հայերի վերադարձի հնարավորությանը, այդ հարցում իրականացվող քայլերին, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացին, որոշ տարածքներ հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերին:

«Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում: ՀՀ որեւէ պաշտոնյա իրավունք չունի վարել որեւէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլեւ ՀՀ տարածքի որեւէ գյուղ որեւէ մեկին հանձնելու վերաբերյալ: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- վերահաստատել է Արարատ Միրզոյանը:

Նախարարի խոսքով երկու երկրների միջեւ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը եւ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ այն սահմանները, որոնք երկու երկրների միջեւ տեղի են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա: «Սա մեր տեսլականն է: Չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա»,- փաստել է նախարարն ու հիշեցրել, որ ադրբեջանական կողմն ընդունում է ու ստորագրել է այդ հռչակագիրը: Ադրբեջանի նախագահը հրապարակային նույնն ընդունել է գրավոր կերպով նախ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, այնուհետեւ՝ Սոչիում ու Բրյուսելում: «Ցավոք, Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում այն պայմանավորվածություններից, որոնք արդեն ինչ-որ փուլում համարում ենք, որ ձեռք ենք բերել, եւ սա այդ բացառություններից մեկը չէ»,- արձանագրել է Արարատ Միրզոյանն ու կարծիք հայտնել, որ այս հարցով այս պահի դրությամբ ավելին է, քան մեկ ամիս առաջ էր:

Նախարարը ներկայացրել է անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմներն ու քայլերը, պատգամավորներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին, Ադրբեջանի հետ բանակցությունների գործընթացի փուլերին, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածից հետո ստեղծված իրադրությանը, իշխանության վարած քաղաքականությանը, անվտանգային միջավայրին, ՀԱՊԿ-ի հետ հետագա հարաբերություններին եւ արտաքին դիվանագիտական ճակատի առաջնահերթություններին:

Արարատ Միրզոյանը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկի դեմ որեւէ ծրագրում ներգրավված չէ եւ հարաբերություններ չի կառուցում: Նա հավաստիացրել է, որ Արեւմուտքի հետ, օրինակ, ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ: Նպատակը միայն ՀՀ անվտանգության բարձրացումն է: Նույնը նաեւ հարեւան երկրների հետ հարաբերությունների հարցում է:


15.03.2024
Հայաստան-Հնդկաստան հարաբերությունների ներկա իրավիճակն ու զարգացման հեռանկարները. քննարկում խորհրդարանում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանի նախաձեռնությամբ մարտի 15-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ հարաբերությունների զարգացման ու խորացման թեմայով: Քննարկմանը մասնակցել են խորհրդարանական բարեկամական խմբի անդամներն ու գ...

15.03.2024
Արման Եղոյանը հանդիպել է բարձր վարկանիշ ունեցող համալսարանների 30-ից ավելի ուսանողների հետ
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը մարտի 15-ին ընդունել է «ԵՄ արտաքին հարաբերություններն աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակներում. Հարավային Կովկասի դեպքը» խորագիրը կրող Եվրասիա միջազգային համալսարանի կազմակերպած «Ժան Մոնե» ձմեռային դպրոցի ուսանողներին: Եր...

15.03.2024
Տեղի է ունեցել երիտասարդ կամավորների հավաստագրերի հանձնման արարողություն
Ազգային ժողովը միշտ պատրաստ է համագործակցելու երիտասարդների հետ: Կարծում եմ,  որ դուք  լավ տպավորություններ եք ստացել ձեր կատարած աշխատանքից եւ միշտ կլինեք խորհրդարանի կողքին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Մարտի 15-ին Ազգային ժողովում ...

15.03.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրերի վավերացման մասին օրենքների նախագծերին
Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկայ...

15.03.2024
ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճել է. հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի արտահերթ նիստում քննարկել եւ ի գիտություն է ընդունել  ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է  նախորդ տա...

15.03.2024
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.03.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

15.03.2024
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...