Տպել
18.04.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը
1 / 9

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ փոխգործակցության արդյունքում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը: Այս համատեքստում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: «Խաղաղության եւ անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանի կողմից ծրագրի իրագործմանն աջակցությունն արժեքավոր կլինի»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալն ու հավելել, որ մեր երկիրն առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու ուղղությամբ:

Չեն Ժուն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտնել է, որ Չինաստանն աջակցում է ծրագրի իրագործմանը եւ համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի եւ ճանապարհ» ծրագրի շրջանակում:

Հակոբ Արշակյանն ու Չեն Ժուն արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա, կայուն զարգացել ու ամրապնդվել են: Նշվել է, որ Հայաստանն ու Չինաստանը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային հարթակներում: Ընդգծվել է, որ համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է քաղաքական երկխոսության, առեւտրի եւ ֆինանսների, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում: Նշվել է, որ, մասնավորապես, տնտեսական համագործակցության հարցում կա չօգտագործված մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջկուսակցական փոխգործակցության հնարավորությունների արդյունավետ իրացմանը, օրենսդրական մակարդակում շփումների եւ փոխայցերի ակտիվացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու հարցում գործադրվող ջանքերի ու այս հարցում բարեկամ երկրների համագործակցության շուրջ:


18.04.2024
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ապրիլի 18-ին ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտ...

18.04.2024
Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման, Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում. Լիտվայի վարչապետը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ապրիլի 18-ին Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն: ԼՀ վարչապետը բարձր է գնահատել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները՝ ողջունելով Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական բարեփոխումները: Ալեն Սիմոնյան...