National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՈՒՄ
ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 16

16 ապրիլի 2024

Ժամը 11:00

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Բարի լույս, հարգելի գործընկերներ, խնդրում եմ լռություն պահպանել: Հարգելի պատգամավորներ, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հարցը:

Խնդրում եմ տեղադրել քարտերը և նախապատրաստվել գրանցման: Գրանցում: Գրանցվել է 69 պատգամավոր, քվորում ունենք:

Վարման կարգով՝ Հայկ Կոնջորյան: Համեցեք:

 Հ.ԿՈՆՋՈՐՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, ես առաջարկում եմ շնորհավորել Հակոբ Արշակյանին, Շիրակ Թորոսյանը և Նարեկ Ղահրամանյանին իրենց ծննդյան օրվա կապակցությամբ։

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն և շնորհավորում եմ, հարգելի գործընկերներ: Արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են «Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգի հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել առնվազն 3-ական ժամ։ Այս որոշման նախագիծը, նախ՝ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք: Որոշման նախագիծը ներկայացնելու համար ձայնը տրվում է արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանին: Պարոն Հովհաննիսյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

 Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, Ազգային ժողովի խորհուրդը ներկայացրել է նախագիծը 24-ժամյա ռեժիմով անցկացնելու առաջարկ։ Քանի որ նախագիծն արդեն բավականին մանրամասն քննարկվել է նաև արտաքին գործերի մեր գործընկերների հետ, նաև հանձնաժողովում, առաջարկում եմ նախագիծն ընդունել 24-ժամյա ռեժիմով: Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Պարոն Հովհաննիսյանին հարցեր ուղղելու համար գրանցում: Գրանցվել է 2 պատգամավոր: Թագուհի Թովմասյան. հանո՞ւմ եք հարցը: Արեգնազ Մանուկյան, համեցեք: (Խոսում են դահլիճում:) … Հանո՞ւմ եք, տիկին Մանուկյան: Շնորհակալություն: Հարցեր չկան: Մտքերի փոխանակության համար՝ գրանցում: Գրանցված պատգամավորներ չկան։ Եզրափակիչ ելույթի կարիք, ենթադրում եմ՝ նույնպես չունեք, պարոն Հովհաննիսյան: Հարգելի գործընկերներ, այժմ քվեարկում ենք ներկայացված որոշման նախագիծը:

Քվեարկության է դրվում ««2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին գումարված Ազգային Ժողովի արտահերթ նիստում ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հրավիրված անձին ելույթի իրավունք տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 73

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։

Հարգելի գործընկերներ, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է արտահերթ նիստում ելույթի հնարավորություն տալ Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատես Ֆերյալ Սաիդ Թալալին: Այսպիսով, այս հարցը նույնպես պիտի քվեարկենք:

Քվեարկության է դրվում ««2024 թվականի ապրիլի 16-ին, ժամը 11:00-ին գումարված Ազգային Ժողովի արտահերթ նիստում ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը հրավիրված անձին ելույթի իրավունք տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 77

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0։

Որոշումն ընդունվել է:

Այժմ անցնում ենք հարցի բուն քննարկմանը։

Հարգելի պատգամավորներ, քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյան: Պարոն Բաքոյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

 Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Բարև ձեզ, հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շնորհակալություն հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին՝ պարոն Սիմոնյանին և իմ գործընկեր թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության պատգամավորներին:

Հարգելի գործընկերներ, ցեղասպանությունը հանցանք է մարդկության դեմ, ընդ որում՝ ամենամեծ հանցանքն է: Սա ո՛չ ճիշտ և ո՛չ պատշաճ դատապարտման ուղիղ արդյունք է և ուղիղ հետևանք ավելի քան 100 տարի առաջ՝ 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության:

Հայերի և եզդիների ճակատագրերը բավականին նման են իրար, և մեր ճակատագրերը միշտ խաչվել են, և մենք պատմության տարբեր թատերաբեմերում միշտ հանդիպել ենք նույն իրավիճակներում և հայտնվել ենք նույն իրավիճակներում։ Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման գործընթացում իր որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթությանը, 2014 թվականին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից դատապարտեց Իրաքում եզդիների ցեղասպանությունը:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները ևս հայտարարությամբ դատապարտեցին:

Եվ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարությամբ դատապարտեց եզդիների ցեղասպանությունն Իրաքում:

Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար, որովհետև տասնյակ պետություններ դատապարտել են եզդիների ցեղասպանությունը, բայց սա առաջին դեպքն է, երբ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, այսինքն՝ որևէ պետություն իր օրենքում ամրագրում է եզդիների ցեղասպանությունը որպես հիշատակի օր:

2014 թվականին, այսինքն՝ 21-րդ դարում մեր աչքի առջև տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս:  2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են իսլամիստների ձեռքում, և նրանց ճակատագրերը անհայտ են: Հարյուր հազարավոր եզդիներ դեռ գտնվում են ճամբարներում, և արդեն 10 տարի է, որ իրենց կյանքն անմխիթար վիճակում է: Եվ այն, ինչ տեղի է ունենում 21-րդ դարում մեր աչքի առաջ, անընդունելի եմ համարում։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ դահլիճում ներկա են նաև եզդիական համայնքի ներկայացուցիչներ, որոնք վերապրել են այդ ցեղասպանությունը: Ներկայացուցիչներ, որոնց ընտանիքի անդամները ցեղասպանության ժամանակ սպանվել են, քույրերը, մայրերը սպանվել են կամ արաբական շուկաներում հանվել են վաճառքի, և իմ քույրերի, իմ ծնողների, նրան մի մասի ճակատագրերն անհայտ են, և մի մասը դաժան ճակատագրի է արժանացել։

Սիրելի գործընկերներ, շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև մի շարք պետություններ, ինչպես նշեցի, արդեն ընդունել են եզդիների ցեղասպանությունը, մի շարք երկրներում այս պրոցեսն օրենսդիր մարմիններում դեռ ընթացքի մեջ է, և անհրաժեշտություն կա՝ եզդիների ցեղասպանությունը կանգնեցնելու, որովհետև մինչ օրս, ինչպես նշեցի, կանգնեցված չէ: Այսքանը, շնորհակալություն։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն զեկույցի համար, պարոն Բաքոյան: Հարցերի համար հերթագրում:

Հարգելի գործընկերներ, այժմ հարակից զեկույցով հանդես կգա մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը։ Իսկ մինչ պարոն Հովհաննիսյանը մոտենում է ամբիոնին, առաջարկում եմ ողջունել Ազգային ժողով այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան համար 148 ավագ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Համեցեք, խնդրեմ:

 Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, հիմնական զեկուցողը՝ պարոն Բաքոյանը, կարծում եմ՝ արդեն բավականին մանրամասն զեկուցեց նախագծի բովանդակությունը և, հաշվի առնելով հայ ժողովրդի և եզդի ժողովրդի եղբայրական հարաբերությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում, ես առաջարկում եմ այս նախագծին տալ դրական եզրակացություն, միանշանակ: Նաև տեղեկացնեմ, որ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հարցը բավականին մանրամասն քննարկվել է և ստացել է միաձայն դրական դիրքորոշում։ Շնորհակալություն:

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Զեկուցողին հարցեր ուղղելու համար խնդրում եմ գրանցվել: Գեղամ Մանուկյան:

 Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Պարոն Արշակյան, իմը հարց չէ, ուղղակի, առիթից օգտվելով, որովհետև դահլիճում տեսնում եմ շատերին, նաև անձնապես եմ ճանաչում, և շատ հարազատ են: Տեսնում եմ նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, կարծում եմ՝ նաև հասարակությանը տեղյակ պահելու համար քաղաքավարի կլիներ, եթե կարճ ներկայացնեիք, թե այսօրվա նիստին ովքեր են ներկա:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն Մանուկյան: Քանի որ հարց չհնչեց, պատասխան նույնպես չի կարող հնչել: Խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը։

 Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հարակից զեկուցմամբ հանդես կգա արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Համեցեք, պարոն Հովհաննիսյան:

 Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն։ Հարգելի պատգամավորներ, ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանի Հանրապետությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցային հարթակներում ակտիվորեն աջակցում է հիշատակված հանցանքների կանխարգելմանն ու դատապարտմանն ուղղված միջոցառումներին, ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործիքների և մեխանիզմների հետագա մշակման գործընթացներին։

Բոլորովին վերջերս՝ ապրիլի 3-ին Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» երկամյա բանաձևը։ Նշված բանաձևը, ինչպես նաև մեր երկրի այլ նախաձեռնությունները, կարևոր դեր են խաղում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, հիշատակված ոլորտում Միացյալ ազգերի կազմակերպության կառույցների և մարմինների համագործակցությունն ինստիտուցիոնալացնելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումների ժամանակակից մարտահրավերները հասցեագրելու ուղղությամբ։

Հայաստանը տարիներ շարունակ բարձրաձայնել է եզդիների նկատմամբ իրագործված հանցանքների մասին ամենատարբեր միջազգային հարթակներում։ 2018 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությունը։ Հիշատակված հայտարարության ընդունումը պայմանավորված է եղել եզդի ժողովրդի հանդեպ տեղի ունեցած ոճրագործությունը որպես ցեղասպանություն, որակելու, ինչպես նաև նման ծանր հանցագործությունները կանխարգելելու, մեղավորներին պատժելու և զոհերին հատուցում տրամադրելու խնդրի աջակցման կարևորությամբ։ Հատկանշական է, որ Իրաքի Հանրապետությունը 2021 թվականի մարտին ընդունված օրենքով («Եզդի վերապրածների մասին» օրենք), ճանաչել է եզդիների և այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը և ամրագրել է օգոստոսի 3-ը որպես հիշատակի օր: Սույն նախագծի ընդունումը և օգոստոսի 3-ը 2014 թվականին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու նախաձեռնությունը կարևոր քայլ է հիշյալ հարցում Հայաստանի կողմից վարվող սկզբունքային քաղաքականությունը և մոտեցումները ևս մեկ անգամ արտահայտելու, հայ-եզդիական բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաև եզդի ժողովրդին աջակցություն հայտնելու համատեքստում։ Կարծում ենք, որ ցեղասպանությունների ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված՝ հիշատակի և ոգեկոչման օրերն ու միջոցառումները կարևոր են ոչ միայն ժխտողականության դեմ պայքարի, կանխարգելման և կրկնությունից խուսափելու, այլ ամենադժվարին հարցերի շուրջ երկխոսության և համերաշխության մթնոլորտ ձևավորելու հնարավորության տեսանկյունից։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ձեզ ևս շնորհակալություն զեկույցի համար: Հարցերի համար գրանցում: Արծվիկ Մինասյան, համեցեք։

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Պարոն Հովհաննիսյան, հիմնական զեկուցողն ասաց, որ առաջին անգամ է, որ օրենքի մեջ նշվում է որպես հատուկ օր, աշխարհում առաջին նախադեպն է եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանություն մասով, բայց դուք նշեցիք, որ Իրաքի Հանրապետությունն արդեն իսկ ունի էդպիսի օրենք: Խնդրում եմ էստեղ հստակություն մտցնել, թե կա՞ն այլ երկրներ, որոնք արդեն ունեն օրենք օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության հիշատակի օր նշելու մասին:

Եվ երկրորդը. դուք ձեր խոսքում նաև կարևորում եք պետական միջոցառումները: Ի՞նչ է նախատեսվում օրենքի ընդունումից հետո, պետական ինչպիսի՞ միջոցառումներ են ծրագրվում կամ նախատեսվում, որ պետք է իրականացվեն:

Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն: Իսկապես, խոսքը գնում էր Իրաքից դուրս, քանի որ ցեղասպանությունը տեղի էր ունեցել հենց Իրաքի տարածքում, որպես առաջին պետություն Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում նման օրենքն ընդունած առաջին երկիր:

Ինչ վերաբերում է հնարավոր միջոցառումներին, գիտեք, որ ունենք նմանատիպ դեպքեր այլ հանցագործությունների դեպքում, և կմշակվեն համապատասխան միջոցառումներ: Կարող է ներգրավվել շատ լայն ասպարեզ՝ կոնֆերանսներ, հիշատակման միջոցառումներ, տուրքի մատուցում ըստ արարողակարգի և այլն, կարծում եմ՝ օրենքից հետո ավելի մանրամասն կաշխատենք այդ ուղղությամբ և կներկայացնենք ավելի մանրամասն ծրագիր։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Արձագանք։ Չունե՞ք արձագանք։ Շնորհակալություն, հարցերը սպառվեցին։ Մտքերի փոխանակության համար գրանցում։ Հերթագրվել է 9 պատգամավոր. Կնյազ Հասանով, համեցեք։

 Կ.ՀԱՍԱՆՈՎ

-Մեծարգո պարոն փոխնախագահ, հարգելի գործընկերներ, 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքի Շանգալ տարածքում «Իսլամական պետություն» կոչվող թափթփուկների կողմից ցեղասպանության ենթարկվեցին Սինջարի եզդիները։ Շուրջ 3000 հոգի սպանվեց, հազարավորներ մարդիկ վիրավորվեցին, մի քանի հազար կանայք ու աղջիկներ առևանգվեցին` ենթարկվելով բռնությունների և բռնաբարության։

Մենք պատմության դասերից սովորել ենք, որ եղել է նախնադարյան համայնական հասարակարգ, եղել է ստրկատիրական հասարակարգ, որտեղ մարդիկ եղել են կիսավայրենի և անգրագետ վիճակում, բայց իմացել ենք նաև, որ հարուստները կարողացել են ունենալ իրենց սեփական ստրուկները և շուկաներում վաճառել ու վերավաճառել ստրուկներին։

Եվ, ահա, այսօր մենք ականատես եղանք, որ միջազգային հանրություն կոչվող գերտերությունների աչքի առջև չնչին կոպեկներով շուկաներում վաճառում էին եզդի կանանց և աղջիկներին։ Եվ եղան նաև պետություններ, որ դատապարտեցին։ Պետք է ասեմ, որ միայն դատապարտեցին։

Մենք այսօր համոզվում ենք, որ այն ժողովուրդները, որոնք չունեն պետություն, ամեն պահի կարող են ենթարկվել ցեղասպանության, ենթարկվել նույն ճակատագրին։

Հայ ժողովուրդը նույնպես ահավոր ցեղասպանություն է տեսել և այսօր դատապարտում է ցեղասպանությունը յուրաքանչյուր ժողովրդի, անմեղ ժողովրդի, որը ենթարկվել է ցեղասպանության։ 2017 թվականին մենք Ազգային ժողովի այս դահլիճում դատապարտեցինք եզդիների ցեղասպանությունը և ընդունեցինք դա։

Երևանի Օղակաձև այգում տեղ հատկացվեց եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշարձան կառուցելու համար, և տեսանք, որ բարերարներ Ագիդ և Ռաշիդ Շամոյան եղբայրներն այդ հուշարձանը կառուցել են։

Մենք այս օրենքի նախագիծը համարում ենք տեղին և մարդկային օրենսդրական նախաձեռնություն` սահմանելու եզդիների ցեղասպանության հիշատակի օր և հորդորում ենք այս որոշմանը կողմ քվեարկել։

Իսկ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Կառավարությանը` այս նախագծին համաձայնություն տալու համար։ Միաժամանակ ուզում եմ մեր շնորհակալությունը հայտնել, որ վերջին ժամանակներս ազգային փոքրամասնությունների համար ամեն ինչ գտնվում է մեր Կառավարության և վարչապետի՝ պարոն Փաշինյանի ուշադրության կենտրոնում։

Եվ, վերջապես, պետք է ասեմ, որ ստեղծվել է Կառավարությանը կից փոքրամասնությունների խորհուրդ, որի նախագահ է նշանակվել աշխատակազմի ղեկավար պարոն Արայիկ Հարությունյանը։ Այդ խորհրդի կազմի մեջ ընդգրկվել են նաև արդարադատության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունների փոխնախարարներ, որոնք հանդիսանում են այդ խորհրդի անդամներ։ Եվ, ահա, մեր ազգային փոքրամասնության ներկայացուցիչները կարող են ամեն պահ իրենց համայնքներին հուզող հարցերը բարձրացնել` տեղում ընթացք տալու առումով։

Շնորհակալություն, մեր Կառավարությանը, շնորհակալություն մեր վարչապետին, շնորհակալություն հայ ժողովրդին։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար` Գեղամ Մանուկյան: Համեցեք։

 Գ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր եզդի քույր-եղբայրներ, դահլիճում ներկա մեր եզդի քույր-եղբայրներ, որոնք այդ ամբողջ տառապանքով անցել են, խորհրդանշական է, թերևս, որ 2014 թվականին, երբ «Իսլամական պետություն»-ը գրոհում էր Սինջարը, Շանգալը, Ազգային ժողովի բակում կազմակերպվեց մեծ, բազմամարդ հանրահավաք, զորակցական համերգ` ի պաշտպանություն մեր երկրի քույր-եղբայրների։ Խորհրդանշական է նաև, թերևս, որ, ինչպես պարոն Հասանովը նշեց, 2015 թվականինի Երևանում բացվեց եզդիների ցեղասպանության հիշատակը հավերժացնող հուշարձան։ Խորհրդանշական է, որ 2018 թվականի հունվարի Ազգային ժողովը ընդունեց նաև եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն, և խորհրդարանի նախագահը, այն ժամանակ՝ Արա Բաբլոյանը, նույն օգոստոսի 3-ին հատուկ ուղերձով նորից հիշատակեց ցեղասպանության ենթարկված եզդիներին։

Բայց հանուն ճշմարտության մի բան պետք է ասել. «Իսլամական պետություն»-ը, որը կազմակերպել էր ցեղասպանությունը, միայնակ չէր: «Իսլամական պետության» թիկունքին Թուրքիան է: «Իսլամական պետության» բազաների մի մասը Թուրքիայում է: Երբ մեր եզդի քույրերին, եղբայրներին առևանգում էին, նույն Ուրֆայի, նույն հարավային մի քանի քաղաքների շուկաներում էր, որ վաճառում էին մեկը մեկին: «Իսլամական պետություն»-ը ձևավորվեց նաև Արևմուտքի աջակցությամբ, ինչ է թե Սիրիայի իշխանություններին գահընկեց անեն, և դարձավ պատուհաս ամբողջ մարդկության համար։

Ճշմարտությունը պետք է ասել ամբողջությամբ, շատ կարճ. 2006 թվականի նոյեմբերին Ստամբուլում միջազգային մեծ համաժողովին մասնակցելու առիթ ունեցա, երբ ներկայում նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Էրդողանի աչքերին նայելով` կոչ արեցի` խիզախություն ունենալ` դատապարտելու Հայոց ցեղասպանությունը, մտքիս ծայրով անգամ չէի պատկերացնի, որ տարիներ հետո Հայաստանում կունենանք մի իշխանություն, որը կասկածելի, վտանգավոր, խիստ վտանգավոր թեզեր է հրապարակ նետում։ Բայց, քանի որ այս օրը նվիրված է մեր եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, դեռ առիթ կունենանք՝ այդ մասին խոսելու։ Շնորհակալ եմ։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Զեմֆիրա Միրզոևա, համեցեք։

 Զ.ՄԻՐԶՈԵՎԱ

-Սիրելի հայրենակիցներ, ես, իհարկե, կողմ եմ այս նախաձեռնությանը։ Հայերը, հույները, ասորիները և եզդիները պարբերաբար ենթարկվել են ցեղասպանության։ Դեռևս 2015 թվականին Օսմանյան կայսրությունում ցեղասպանվեցին նաև ասորիները։ Այնուհետև` 1933 թվականի օգոստոսի 7-ին իրենց պատմական հայրենիքում մեկ գիշերվա մեջ սպանվեցին մոտ 5,000 ասորիներ։ Եվ դա դեռ վերջը չէր, այնուհետև 2014 թվականին «Իսլամական պետություն» կոչվող խմբավորումը ցեղասպանության ենթարկեց ասորիներին և եզդիներին։ Եվ, ահա, մինչև ցեղասպանությունները չդատապարտենք, չենք կարող կանխել նոր ցեղասպանությունները։

Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2015 թվականին էր ճանաչել ասորիների ցեղասպանությունը, սակայն նշված չէ կոնկրետ օրը։ Ասորական եկեղեցին և կազմակերպությունները որոշել են հենց օգոստոսի 7-ին նշել ասորիների ցեղասպանությունը, քանի որ, ինչպես նշեցի, 1933 թվականին Իրաքի Սմել քաղաքում մեկ գիշերվա մեջ սպանվեց մոտ 5,000 ասորի։

Ես ևս նույնպես հանդես եմ գալու նախաձեռնությամբ և հույս ունեմ, որ նույն կազմով կողմ եք քվեարկելու այդ նախագծին։ Շնորհակալություն։

 Ռ.ՌՈՒԲԻՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ հարցի համար` Սերգեյ Բագրատյան։ Համեցեք։

 Ս.ԲԱԳՐԱՏՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, հարգարժան հյուրեր, այսօր Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցն է, և ժամանակն է, որ Հայաստանի ժողովուրդն իր ապրումակցումն արտահայտի մեզ համար շատ թանկ եզդի ժողովրդին։

Դեռևս առաջին ցեղասպանության տարիներին Ջհանգիր աղան հսկայական ջանքեր է գործադրել, որպեսզի հայ գաղթականները հասնեն համապատասխան վայրեր, տեղավորել, կերակրել, հոգացել է նրանց կարիքները։ Դեռ 1918 թվականին Յուսուբ Բեկի և Ջհանգիր աղայի ջանքերի շնորհիվ, Անդրանիկի հետ միասին, համատեղ պայքարի արդյունքում մեր հայրենիքի սահմանները պահպանվել են և անառիկ են պահպանվել։ Այդ թվերից սկսած` մինչև Քյարամ Սլոյանի հերոսական գործունեությունը և եզդիական խմբավորումների՝ հայ ժողովրդի կողքին կանգնելու վճռականությունը երբևէ չի կարող մեր հոգում չպահել վառ այս ցավը, որ կիսում ենք մեր եղբայրական ժողովրդի հետ։

Վստահ եմ, որ եզդի ժողովուրդը Հայաստանում նույնպես հայրենատեր է, ինչպես հայ ժողովուրդը։ Մենք պատրաստ ենք՝ մեր եզդի եղբայրների հետ կառուցելու հզոր, գեղեցիկ, բարեկեցիկ Հայաստան, որտեղ մեր և եզդի ժողովրդի զավակները կունենան հրաշալի ապագա։

Շնորհակալ եմ նախաձեռնության համար, միանում եմ նախաձեռնությանը և հորդորում եմ մեկ մարդու պես մեր սերը և հարգանքն արտահայտել և մեր ցավակցությունը հայտնել մեզ համար թանկ ժողովրդին՝ եզդի ժողովրդին։ Շնորհակալություն։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն։ Հաջորդ ելույթի համար` Արեգնազ Մանուկյան։

 Ա.ՄԱՆՈՒԿՅԱՆ

-Հայերն ու եզդիները մշտապես միմյանց կողքին են եղել, եզդիները հայերի հետ հավասար Հայոց բանակի շարքերում պաշտպանել և պաշտպանում են մեր սահմանները։ Եվ, բնական է, որ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց հետ տեղի ունեցած ողբերգություններին։ Բայց սա ևս մեկ առիթ է՝ հիշեցնելու, որ երբ 2022 թվականին նախագիծ էի ներկայացրել՝ առաջարկելով լրացում կատարել օրենքում և ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մերժեց ամենաանհեթեթ և ամենաանտրամաբանական պատճառաբանություններով։

Մի ուժ, որը մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, մի ուժ, որն Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, մի ուժ, որը հիմա «խաղաղության դարաշրջանի» անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, չէր կարող ընդունել Արցախի Հանրապետության տարածքում՝ Մարաղայում, հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չհամարձակվեց դեմ գնալ իր հռչակած կիրթ ու կառուցողական ընկերոջը և ընդունել, որ, ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս։

Ի դեպ, տեղին է հիշել, որ Սինջարի եզդիների ցեղասպանության հարցն օրակարգ բերած «ՔՊ»-ական, ազգությամբ եզդի պատգամավորը հիմա, այսպես ասած, մոռացել է, որ այս ամբիոնից ժամանակին հայտարարում էր. «Թուրքիայում միջազգային հանրության թողտվության ու անտարբերության պայմաններում, առ այսօր շարունակվում է եզդիների ցեղասպանությունը»։

Հիմա, երևի, «ՔՊ»-ականների քիրվայական գիծը թույլ չի տալիս սա հայտարարել, քանզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, փաստացի, մոռացության է տալիս նաև Հայոց Ցեղասպանության հարցը։ Հիմա նույնիսկ անցել են կոտորված հայերի ազգանուններն արխիվներից հանելուն, որպեսզի հետո, ամենայն հավանականությամբ, հայտարարեն, թե 1,5 միլիոնը հնարված թիվ է մեր վզին «պավադոկ» դնելու և մեզ օգտագործելու համար։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ավարտեք, տիկին Մանուկյան, ձեր քիրվայական ելույթն ավարտեք։ Հաջորդ ելույթի համար` Արթուր Խաչատրյան։

 Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ

-Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ այս նախաձեռնությունը` եզդի ժողովրդի նկատմամբ կատարված հանցանքը դատապարտելը։

Երբ և որտեղ էլ իրականացված լինեն ցեղասպանությունները, պետք է դատապարտվեն, ցեղասպանության ենթարկված անձինք և ժողովուրդները պետք է դրա դիմաց փոխհատուցում ստանան ցեղասպանությունը կանխելու համար, ցեղասպանությունները որևէ տեղ էլ եղած լինելու համար։ Կրկնում եմ՝ ցեղասպանությունները կանխելու համար ցեղասպանները պետք է պատժվեն, ցեղասպանության ենթարկված անձանց հետևորդները և ժողովուրդները պետք է ստանան իրենց փոխհատուցումը։ Դա անժամանցելի և անօտարելի իրավունք է, և երբեք չպետք է ստորադասվի այժմեական կոնյունկտուրային քաղաքական նպատակներին։

Ինչ վերաբերում է եզդի ժողովրդին, այո, մենք պետք է արժանին մատուցենք, այո, պետք է հիշենք, որ եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ ուս ուսի տված՝ կռվել է ոչ միայն Առաջին հանրապետության օրերին: Այստեղ հիշատակվեց եզդի ժողովրդի հեծելազորի մասնակցությունը Բաշ-Ապարանի հերոսամարտին, բայց պետք է հիշենք, որ հազարավոր եզդիներ մասնակցել են արցախյան առաջին պատերազմին, ապրիլյան պատերազմին, հիշենք հերոս Քյարամ Սլոյանին, և իրենց կյանքն են զոհել 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նրանց գործն անմահ է, նրանց անուններն անմոռաց պետք է մնան, և նրանց գործը պետք է շարունակվի։ Նրանք պայքարել են Արցախի ազատության և անկախության համար, և նրանց արածը չպետք է մոռացվի։ Շնորհակալություն։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հաջորդ ելույթի համար` Վահագն Ալեքսանյան։

 Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

-Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխնախագահ, հարգելի հյուրեր, ներկաներ, չեմ կարող չհամաձայնել Արթուր Խաչատրյանի հետ։ Այո, եզդիները հայերի հետ ուս ուսի կանգնած՝ պայքարել են Լեռնային Ղարաբաղի ազատության ու անկախության համար, իսկ կոնկրետ երկու խմբակցություններից կազմված ու դրանց սատարող սատելիտներից կազմված կապիտուլյացիոն կոալիցիան ստորագրել է «Լեռնային Ղարաբաղը լուծարելու մասին» փաստաթուղթը ու հրամանագիրը։ Հաշվի առնելով այն կոնտեքստը, որով դուք ելույթներ եք ունենում, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես շրջանառության մեջ եմ դնում այդ թեզը, որ դուք՝ Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունն և դրանց սատելիտներդ, փաստացի, հանդիսացել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիոն կոալիցիա։ Դուք ստորագրել եք Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիան բառի ուղիղ, ամենաիսկական իմաստով, դուք հանդիսանում եք կապիտուլյացիոն քաղաքական ուժեր։ Ուզում եմ շեշտել, որ դա տեղի է ունեցել այն պայմաններում ու այն պարագայում, երբ մեր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ձեր խմբակցության պատգամավորն անվանել է միակ հնարավոր փաստաթուղթը, որով Լեռնային Ղարաբաղը կարող էր մնալ հայկական, ու ձեզանից ոչ մեկը չի հակադարձել։ Այսինքն` փաստացի, սա ընդունում ենք որպես ձեր խմբակցության դիրքորոշում, ու այս պահից սկսած՝ ես առաջարկում եմ, որ             քաղաքական դաշտում ձեր քաղաքական ուժերը անվանվեն կապիտուլյացիոն կոալիցիայի մասնիկներ։

Իսկ եզդի ժողովրդին ես հայտնում եմ իմ խորին հարգանքը և ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում եզդիներն իրենց կարող են զգալ իրենց տանը, իրենց հայրենիքում։ Շնորհակալություն։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Հաջորդ ելույթի համար՝ Շիրակ Թորոսյան: Համեցեք:

 Շ.ԹՈՐՈՍՅԱՆ

-Հարգարժան պարոն Արշակյան, հարգարժան գործընկերներ, սիրելի եզդի համայնքի ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային մասշտաբով ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման ակտիվիստ: Եվ դա բնական է, որովհետև հայ ժողովուրդը 20-րդ դարի առաջին ցեղասպանված ժողովուրդն է, և, եթե միջազգային հանրությունը ավելի հետևողական լիներ ցեղասպանությունների ճանաչման, դատապարտման և կանխարգելման գործում, հետագայում չէին լինի նոր ցեղասպանություններ, չէին լինի նաև Սինջարի ողբերգական դեպքերը, երբ մեր հարազատ, Հայաստանի Հանրապետությունում հազարավոր քաղաքացիներ ունեցող մեր սիրելի եզդի ժողովուրդը ևս չէր ենթարկվի ցեղասպանության: Բայց ունենք այն, ինչ ունենք, և պետք է մեր ջանքերը գործադրենք, բազմապատկենք, որպեսզի հետայսու էլ ավելի կուռ և ներդաշնակ պայքար մղենք ցեղասպանությունների կանխարգելման գործում, որպեսզի նմանատիպ ողբերգություններ այլևս չլինեն:

Սիրելի բարեկամներ, պետք է նշեմ, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, բայց չեմ ուզում շատ խորքերը գնալ և ուզում եմ հատուկ մատնանշել Ջհանգիր աղայի կերպարը, մի մարդ, որի հեծյալ գնդերը 1918 թվականի մայիսին Բաշ-Ապարանի ճակատամարտում վճռորոշ դերակատարում են ունեցել հայոց հաղթանակի համար: Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Արծվիկ Մինասյան, համեցեք:

 Ա.ՄԻՆԱՍՅԱՆ

-Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ, քննարկվում է եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի օրվա հետ կապված օրենսդրական փոփոխության հարցը: Թեև այս ամբիոնից շարունակում են անհեթեթ հայտարարություններ հնչել մի ուժի ներկայացուցչի կողմից, որը հանձնեց Արցախը, հայ ժողովրդին հերթական անգամ տարավ կառափնարան՝ այս անգամ 21-րդ դարում ցեղասպանության ենթարկելու հնարավորություն տալով Ադրբեջանին, բայց չեմ ուզում էդ անհեթեթություններին անդրադառնալ: Էս պահին ես ուզում եմ շատ ավելի կարևորել ազգային այն փոքրամասնությունների և հայ ժողովրդի համակեցությունը, որ ժամանակի ընթացքում բարեկամության է վերածվել, ուս ուսի տված պայքարել են, և ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ժամանակներում մշտապես ազգային փոքրամասնությունների մասով, բարեկամ ժողովուրդների մասով իրականացրել է քաղաքականություն: Ուզում եմ հիշեցնել նույն 2015 թվականի Ազգային ժողովի հայտարարությունը Էդուարդ Շարմազանովի նախաձեռնությամբ, երբ հույն և ասորի ժողովուրդների ցեղասպանությունը դատապարտվեց Ռուստամ Մախմուդյանի նախաձեռնությամբ 2018 թվականին, երբ Ազգային ժողովը դատապարտեց եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Եվ, անկախ իշխանությունից, սա մեր ժողովրդի քաղաքականության կարևոր տարր է հանդիսացել: Արդյո՞ք ընտրվել է լավագույն լուծումը։ Ես խիստ կասկածում եմ: Սա իմ անձնական տեսակետն է: Արդյո՞ք լավագույն լուծումն է այս օրենքում այդ փոփոխությունն անելը, թե՞ չէ, որովհետև, ի վերջո, մենք հետագայում էլի ենք էսպիսի իրավիճակների հանդիպելու։ Բայց այն, որ պետական մակարդակով նշվող օրերի մեջ պետք է փոփոխություններ կատարվեն, և պետական ծրագիր պետք է իրականացվի, սա, անշուշտ, շատ կարևոր է։

Եվ վերջում առաջարկում եմ, օգտվելով առիթից, ևս մեկ անգամ գլուխ խոնարհել ցեղասպանության ենթարկված եզդի ժողովրդի, հայ ժողովրդի, հույն և ասորի ժողովուրդների համար և առաջարկում եմ, հարգարժան փոխնախագահ, հնարավորության դեպքում հոտնկայս հարգել։

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն: Միանում եմ առաջարկին: Մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր ցեղասպանված ժողովուրդների հիշատակի համար։

 ԼՌՈՒԹՅԱՆ ՐՈՊԵ

Շնորհակալություն: Այժմ արտահերթ ելույթով … (Դահլիճում եզդիերեն խոսք է հնչում, ապա՝ ծափահարություններ:)

Հարգելի գործընկերներ, այժմ արտահերթ ելույթով հանդես կգամ ես:

Հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, պարոն դեսպան, ես ցանկանում եմ, որ մենք ամբողջությամբ գնահատենք, թե մենք այսօր ինչ ենք քննարկում և ինչ ենք ընդունելու։ Առաջին հերթին համերաշխության և ապրումակցման մասին է մեր քննարկումը, և մենք, իսկապես, համերաշխության խոսք ենք հղում եզդի ժողովրդին, մեր ապրումակցումն ենք հայտնում որպես միանման ճակատագիր ունեցած ժողովուրդ: Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ: Մենք ցանկանում ենք, որ աշխարհում ոչ մեկն իր կրոնի, լեզվի, մաշկի գույնի, այլակարծության համար չհետապնդվի, առավել ևս չցեղասպանվի: Մենք դատապարտման մեր խոսքն ենք ասում, և բոլորը գիտեն, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի տարբեր ամբիոններում, միջազգային տարբեր հարթակներում մշտապես հանդես է եկել որպես ցեղասպանությունների դատապարտման, կանխարգելման դրոշակակիր: Եվ մենք շարունակելու ենք այդպիսին լինել, որովհետև մենք ցանկանում ենք, որ աշխարհում ժողովուրդները երբեք չարժանանան մեր ճակատագրին, եզդի ժողովրդի ճակատագրին, ասորիների, հույների ճակատագրին։

Եվս մեկ անգամ ուզում եմ Ազգային ժողովի անունից և այս օրինագծի ընդունմամբ նաև հայ ժողովրդի անունից մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը, ապրումակցումը հայտնել և ուզում եմ, որ իմանաք, որ մենք ձեր կողքին կանգնած ենք այնպես, ինչպես դուք եք մեր կողքին կանգնած։ Եվս մեկ անգամ իմ հարգանքի տուրքն եմ մատուցում աշխարհում ցեղասպանված բոլոր ժողովուրդներին, 1915 թվականին հայ ժողովրդի, ասորի, հույն ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, այժմ եզրափակիչ ելույթների ժամանակն է: Գնանք հակառակ հերթականությամբ: Պարույր Հովհաննիսյան, եթե ասելիք մնացել է, համեցեք: Չունե՞ք։ Արթուր Հովհաննիսյա՞ն, Ռուստամ Բաքոյա՞ն: Համեցեք, պարոն Բաքոյան:

 Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Շնորհակալություն: Ես ուզում եմ թարգմանել կամ ներկայացնել իմ ազգակցին, որը Սինջարից է, և որի ընտանիքը ենթարկվել է ցեղասպանության։ Եթե չեք հասցրել լսել, ապա շնորհակալություն էր հայտնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին, Կառավարությանը, օրենսդիր մարմնին, ներկայացնում, որ հայ և եզդի ժողովուրդների ճակատագրերը շատ նման են իրար, և այն, ինչ տեղի է ունեցել Սինջարում, այն ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել 2014 թվականին, շարունակվում է մինչ օրս, և կոչ էր անում, հորդորում էր ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ նաև Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, որպեսզի աջակցեն, կարողանան կանգնեցնել այն ցեղասպանությունը, որը մինչ այսօր շարունակվում է: Սրա մասին էր խոսքը: Եվ ես հաստատում եմ իմ ազգակցի ասածները, այո, ցեղասպանությունը մինչ օրս շարունակվում է, և հենց այս համատեքստում է, որ ես այս նախաձեռնությամբ եմ հանդես եկել: Եթե չեմ սխալվում, 2,000 ասորիների և հույների ցեղասպանությունը, պարոն Մինասյան, 2015-ին էր։ (Խոսակցություն դահլիճում:) Այն ժամանակ նաև, եթե չեմ սխալվում, եզդիների անուններ էլ էին շրջանառվում, այնուհետև ինչ-ինչ պատճառներով դուրս եկավ: Ինձ համար նախաձեռնության առանցքային մեխը կայանում է նրանում, որ մեր օրերում մինչ այս պահը շարունակվող ցեղասպանությունը կանխելու համար այս նախաձեռնությունը շատ կարևոր է: 1914-1918 թվականներին Օսմանյան կայսրությունում ինչպես մեր ասորի և հույն քույրերն ու եղբայրներն են ենթարկվել ցեղասպանության, այնպես էլ եզդիներն են ենթարկվել: Բայց ինձ համար կարևոր է, որ 2014 թվականին մեր օրերում տեղի ունեցած ցեղասպանությունը, որ մինչ այս պահն ավարտված չէ, այս նախաձեռնությունը կնպաստի, կաջակցի դրան, որ կարողանանք կանխել և կանգնեցնել այդ ցեղասպանությունը։ Սրանով է պայմանավորված արդիականությունը։

Ես ուզում եմ հիշեցնել, որ մոտ 100 տարի առաջ՝ 1915 թվականին, տասնյակ հազարավոր հայեր ապաստան են գտել Սինջարում, այն նույն Սինջարում, որտեղ 2014-ին ցեղասպանություն է տեղի ունեցել և շարունակվում է։ Եվ մինչ այսօր Էլ Սինջարում ցեղասպանությունից փրկված հայերի սերունդներն ապրում են, և այսօր՝ 100 տարի հետո, հայերը նման դրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց այն եզդի եղբայրներին, ովքեր 100 տարի առաջ հակառակ վիճակում էին գտնվում: Որպես եզդիական համայնքի ներկայացուցիչ, որպես ազգությամբ եզդի՝ ես ուզում եմ ասել, որ ես արյունով եզդի եմ, բայց մտածում եմ հայերեն, ես 2 ժողովրդի զավակ եմ, և սա շատ կարևոր է: Ինձ համար կարևոր է, թե իմ մի ժողովուրդն ինչ վերաբերմունք է ցուցաբերում իմ մյուս ժողովրդին: Եվ այս առումով ուզում եմ նաև խոսել այն մասին, որ միայն օրհասական պահին չէ, որ եզդիները պետք է հայտնվեն հայերի կողքին։ Հայաստանի պետականաշինության մեջ Առաջին Հանրապետության ժամանակ Յուսուբ Բեկն Առաջին Հանրապետության պատգամավոր էր, և դրանից հետո եզդիների մասնակցությունը պետականաշինության մեջ հենց ակունքներում եղել է և շարունակվում է այսօր։

Ես կարևոր եմ համարում իմ ազգակիցների ներդրումը նաև այսօր մեր պետության զարգացման, մեր պետության անկախության, մեր պետության սուվերենության, մեր պետության տարածքային ամբողջականության, մեր պետության զարգացման մեջ։ Սա շատ կարևոր է, և այս առումով ես հպարտ եմ, որ ես եզդի ժողովրդի զավակ եմ: Ես շնորհակալություն եմ հայտնում իմ հայ եղբայրներին, որոնք ճիշտ են գնահատել այս նախաձեռնությունը: Գնահատելով այսօր տեղի ունեցող պրոցեսները և այն վտանգը, որ գոյություն ունի Սինջարում և այն սպառնալիքները, որոնց առջև կանգնած են եզդիները Սինջարում, սրանով ևս մեկ քայլ առաջ ենք անում, ևս մեկ քայլ ենք կատարում՝ կանխելու նաև այն արհավիրքները, որոնք սպառնում են այս պահին։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ ևս: Հարգելի գործընկերներ, այժմ խնդրում եմ ուշադրություն, որովհետև պիտի քվեարկենք:

Քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Քվեարկություն:

Հարգելի գործընկերներ, նաև տեղեկացնում եմ, որ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Մանավազյանը, Արսեն Թորոսյանը, Վահե Ղալումյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անուշ Քլոյանը, Մարինա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Տաթևիկ Գասպարյանը գրավոր տեղեկացրել են իրենց կողմ քվեարկությունների վերաբերյալ: Նրանց թիվը 12-ն է։ Այսպիսով, որոշումն ընդունված է 88 կողմ ձայներով:

Հարգելի գործընկերներ, այժմ առաջինից երկրորդ ընթերցման 3-ժամանոց ընդմիջում կունենանք, որից հետո կվերադառնանք դահլիճ։


Ժամը 15:15

ՆԱԽԱԳԱՀՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԸ

 

Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը։ Ցանկանում եմ հիշեցնել, որ քննարկում ենք Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկում ենք նախագիծն արդեն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող՝ Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյան: Պարոն Բաքոյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

 Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, քանի որ ես իմ մայրենի հայերենով արդեն խոսել եմ, հետևաբար՝ հիմա թույլ տվեք, որ խոսեմ նաև իմ մայրենի եզդիերենով: Խոսում է եզդիերեն (թարգմանություն):

(Այսօր՝ ամսի 16-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում եզդիներիս համար կարևոր մի որոշում է ընդունվում: Որոշումը Հայաստանի Հանրապետության հիշատակի օրերի վերաբերյալ է: Ես առաջարկում եմ այս օրենքը լրացումով` կապված եզդիների ցեղասպանության օրվա հետ, այն է՝ օգոստոսի 3-ին նշվի:

Իմ հարգելի եզդի ժողովուրդ, ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ասել, որ եզդիների նկատմամբ ցեղասպանությունն առ այսօր շարունակվում է, բայց մինչև այս օրենքը լրացվի, ես ցանկանում եմ ամբողջ աշխարհի եզդիներին շնորհավորել: Վաղն ամսի 17-ն է, մեր տարեգլխի օրն է: Ցանկանում եմ եզդիների համար բարօրություն և հուսով եմ՝ ամեն մի եզդի օգտակար կլինի իր ազգության համար: Մենք՝ եզդիներս, կկարողանանք ինքներս մեզ պաշտպանել: Ես մեկ անգամ ևս շնորհավորում եմ տարեգլխի չորեքշաբթի օրը):

Հարգելի գործընկերներ, վաղը՝ ապրիլի 17-ին եզդիական նոր տարին է, և ես ուզում եմ իմ ազգակիցներին, ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի եզդիներին շնորհավորել։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր ազգ, այդ թվում՝ եզդիները, դուրս գան այն կարգավիճակից, որում գտնվել են երկար ժամանակ և պայքարեն իրենց ինքնության պահպանման համար, պայքարեն իրենց պետության համար, իրենց պետության սուվերենության անկախության և առաջադիմության համար, և ես վստահ եմ, որ իմ ազգակիցներն Իրաքի Սինջարի մարզում կկարողանան այլևս իրենք իրենց անվտանգությունն ապահովել, և այստեղ՝ իրենց հայրենիքում, իրենց ձևավորման արեալում կարողանան անվտանգ ապրել: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ իմ ազգակիցներին: Շնորհակալություն։ Այսքանը:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն, միանում ենք շնորհավորանքներին, պարոն Բաքոյան, ցավոք, հարցեր չեն կարող հնչել, որովհետև գրավոր առաջարկներ չեն եղել, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։

Հարակից զեկուցող՝ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյան։ Համեցեք, պարոն Հովհաննիսյան:

 Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես ևս ցանկանում եմ շնորհավորել եզդի ժողովրդին վաղվա՝ եզդի ժողովրդի նոր տարվա կապակցությամբ, մաղթել հարատևություն, զարգացում, նաև այս նախագծի կոնտեքստում ցանկանում եմ խոնարհումս բերել Հայաստանի Հանրապետության անկախության և սուվերենության համար ընկած եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Իսկ այս նախագծով էլ ևս մեկ անգամ կրկնում եմ, որ մենք վերահաստատում ենք մեր եղբայրական վերաբերմունքը եզդի ժողովրդին, ինչպես նաև վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության հավատամքը ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային գործում:

Հանձնաժողովում էլ այս նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է միաձայն։ Կոչ եմ անում՝ նախագծին կողմ քվեարկել։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն, ձեզ ևս, պարոն Հովհաննիսյան, հարցեր չեն կարող հնչել: Հարակից զեկույցով հանդես կգա արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյան, համեցեք կենտրոնական ամբիոնի մոտ:

 Պ.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

-Շնորհակալություն, պարոն փոխնախագահ, հարգելի պատգամավորներ, լրացուցիչ նկատառումներ չունենք, պարզապես, կուզենայի Կառավարության անունից հաստատել պարոն Բաքոյանի նախաձեռնության կարևորությունը, դրա նշանակությունը ցեղասպանությունների կանխարգելման և կանխման գործում և, ինչպես նաև նպաստը հայ և եզդի ժողովուրդների բարեկամական կապերի էլ ավելի ամրապնդման գործում։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ ևս, պարոն Հովհաննիսյան: Հարցեր չեն կարող հնչել, խնդրում եմ զբաղեցնել ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար գրանցում։ Հարգելի գործընկերներ, գրանցվել է չորս պատգամավոր:

Քանի որ մենք նիստի սկզբում քվեարկությամբ հաստատեցինք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջարկը, որն էր՝ արտահերթ նիստում ելույթի հնարավորություն տալ Սինջարում տեղի ունեցած ցեղասպանության ականատես Ֆերյալ Սաիդ Թալալին, առաջարկում եմ առաջին ելույթի իրավունքը տալ հենց նրան և հրավիրել նրան կենտրոնական ամբիոնի մոտ: Համեցեք:

 Ֆ.Ս.ԹԱԼԱԼ

-Խոսում է եզդիերեն: (Թարգմանություն)

(Բարի օր: Ես շատ լավ տրամադրություն ունեմ, որ ձեր հյուրն եմ, որ ձեզ ճանաչեցի, որ եկել եմ այս պետություն, եկել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Ես սրտանց շնորհակալ եմ ձեզ, որ դուք աջակցեցիք եզդի ժողովրդին, պաշտպանեցիք մեր պայքարը: Ես այստեղ եմ այս պահին, մի քանի ամիս ես մնացել եմ «Դաեշ» («Իսլամական պետության») ահաբեկչական խմբավորման ձեռքում: Իսլամական պետությունը եկավ, մեզ ամբողջությամբ տեղահանեց, մեզ տարան Սիրիա, երեխաներից անջատեցին, տղամարդկանցից անջատեցին, երիտասարդներին էլ անջատեցին: Մոտավորապես 10 օր մենք մնացինք Սիրիայում: Մենք չգիտեինք, թե որտեղ էինք: Հետո բերեցին Թլաֆար, Թլաֆարից եկանք, մեզ բոլորիս գնեցին, բոլոր կանանց տանում էին որպես իրենց համար հարճ, հետո մեզ տարան Մոսուլ, մեկ տան մեջ մեզ հավաքեցին: Չէինք կարողանում հաշվել, թե քանի եզդի կին ու աղջիկ էին այնտեղ:

Դուք բոլորդ էլ լավ տեղյակ եք, թե ինչ կատարվեց մեզ հետ, թե ինչքան եզդի աղջիկների ու կանանց տարան, վերջերս նաև եզդի տղամարդկանց էլ առանձնացրին: Համարյա մեկ տարի նրանք մեկուսացված էին, մեկ տարի հետո նորից մեկուսացրին: Տղամարդկանց կեսից ավելին չկան: Իմ ամուսինն էլ չկա, անհայտ է: Մենք շատ մարդկանցից տեղյակ չենք, թե ուր են: Շատ եզդի կանայք և աղջիկներ գյուղերում են: Նրանցից շատերը տարվել են տարբեր պետություններ, ճամբարներ: Նրանց կարծիքով՝ աշխարհում նման բան չի պատահել:

Ես խնդրում եմ, որ մշտապես պաշտպանեք մեր ժողովրդին, ինչքան հնարավոր է: Ոչ մեկը եզդիներին չի պաշտպանում: Մենք ճամբարներում ենք, մենք չենք կարողանում Սինջարում էլ տեղ գտնել, աշխարհի ոչ մի երկրում էլ չենք կարողանում տեղ գտնել: Ես խորհրդարանից խնդրում եմ՝ բավական է՝ այս ցեղասպանությունը շարունակվի: Մենք մեր բնակավայրերից չպիտի տեղահանվենք: Ես խնդրում եմ՝ ով կարող է, թող մեզ աջակցի, մինչև վերջ տրվի մեր նկատմամբ շարունակվող ցեղասպանությանը:

Ես ձեզ բոլորիդ ասում եմ շնորհակալություն՝ ունկնդրելու համար: Շնորհակալություն):

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Շնորհակալություն ձեզ ևս: Հաջորդ ելույթի համար՝ Աննա Մկրտչյան, համեցեք:

 Ա.ՄԿՐՏՉՅԱՆ

-Հարգելի քաղաքացիներ, մարդը բարձրագույն արժեք է, մարդու պատիվն ու արժանապատվությունն անքակտելի են, որևէ մեկն իրավունք չունի՝ այն խլելու, դրա նկատմամբ ոտնձգություններ գործելու: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները պիտի դատապարտվեն առանց որևէ բացառությունների, և մեր ֆրակցիայի քվեարկությունը հենց դրա մասին է խոսում:

Բայց աշխարհը մշտապես հասնում է այդ գործողությունների դատապարտմանը մի պարզ պատճառով, որովհետև, եկեք անկեղծ լինենք, ոչինչ չի անում այն կանխարգելելու համար, հավուր պատշաճի արձագանք, գործողություններ, իհարկե, չկան: Եվ սա վերաբերվում է ցանկացած մարդու պատվին ու արժանապատվությանը: Այ, օրինակ՝ մի կես ժամ առաջ հայտնի դարձավ, որ երեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Վարդանյանը, որն արդեն ձերբակալված էր, արգելանքի էին վերցրել նրան, Ոստիկանության մեքենայի մեջ էր, հետևաբար՝ ինքնապաշտպանվելու ոչ մի հնարավորություն ու գործիք չուներ, ենթադրվում է, որ այլևս Հայաստանի իրավապահ համակարգի՝ քննչական, դատախազություն, ոստիկանություն, էդ մարդու անվտանգությունն այդ մարմինների ձեռքում է, և իրենք են պարտավոր հավուր պատշաճի ապահովել այդ իրավունքները, արել են ուղիղ հակառակը՝ 3-4 ոստիկանի ներկայությամբ, իհարկե, իրենք չեն տեսել, չեն լսել, չգիտեն, թե դա ինչպես է եղել, դիմակավորված անձինք հենց Ոստիկանության մեքենայի մեջ ծեծել են Սամվել Վարդանյանին, խոշտանգել, ստորացրել՝ նպատակ ունենալով նրա արժանապատվությունը՝ մարդու անքակտելի իրավունքը, նրանից խլել։

Այսպիսով, հարգելի հայրենակիցներ, պետք է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանում ոչ միայն քաղաքական բանտարկյալներ են պահում, այլև թողտվություն են տալիս, որպեսզի այդ քաղաքական բանտարկյալներին ծեծեն, խոշտանգեն նաև կասկածների հիմքով, իրենք են կազմակերպում այդ ամենը, հասկանալու համար, որ, դե, մեր դեմ խաղ չկա, նույնիսկ ամենաանօրինական ձևով ձեզ կխոշտանգենք, որովհետև ձեր իրավունքների պաշտպանը չենք:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Գուրգեն Մելքոնյան՝ հաջորդ ելույթի համար. հանո՞ւմ եք: Վահագն Ալեքսանյան. hանո՞ւմ եք: Ծովինար Վարդանյան. հանում եք: Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մտքերի փոխանակությունն ավարտվեց: Այժմ եզրափակիչ ելույթների հնարավորություն կա: Պարոն Հովհաննիսյան, ավելացնելու բան չունե՞ք: Արթուր Հովհաննիսյան և Ռուստամ Բաքոյան, ավելացնելու բան ունե՞ք: Պարոն Բաքոյան, խնդրեմ:

 Ռ.ԲԱՔՈՅԱՆ

-Ընդհանուր առմամբ, ասելիքս ասել եմ ամբողջությամբ, բայց ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն ասել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին, հայ ժողովրդին՝ իմ ժողովրդին, որ սատար է կանգնում իմ մյուս ժողովրդին։ Շնորհակալություն ձեզ: Շատ գնահատում ենք այս վերաբերմունքը եզդի ժողովրդի նկատմամբ։ Շնորհակալություն:

 Հ.ԱՐՇԱԿՅԱՆ

-Ձեզ ևս շնորհակալություն, պարոն Բաքոյան: Հարգելի գործընկերներ, այժմ մենք պետք է քվեարկենք նախագիծը, սակայն մինչ այդ, Ազգային ժողով են այցելել Երևան քաղաքի Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան համար 168 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները, առաջարկում եմ ողջունել նրանց:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Իսկ այժմ՝ ուշադրություն, հարգելի գործընկերներ, քվեարկության է դրվում Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կողմից ներկայացված՝ ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Քվեարկություն:

Կողմ՝ 67

Եվս 12 պատգամավորներ իրենց դրական քվեարկությունը թողել են, ուզում եմ թվարկել. Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Սոնա Ղազարյան, Արուսյակ Մանավազյան, Արսեն Թորոսյան, Վահե Ղալումյան, Հռիփսիմե Գրիգորյան, Վլադիմիր Վարդանյան, Անուշ Քլոյան, Մարինա Ղազարյան, Արուսյակ Ջուլհակյան և Տաթևիկ Գասպարյան: Այսպիսով,

Կողմ՝ 79

Դեմ՝ 0

Ձեռնպահ՝ 0

Որոշումն ընդունվել է։ Շնորհակալություն և մեր նիստը համարենք ավարտված: Լավ օր բոլորին:

 ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am