National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.2.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29
 
13.02.2024
Աշխատանքային քննարկում «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով
1 / 19

Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել ոլորտի խնդիրները եւ քննարկմանը հրավիրել ենք իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների: Արդյունքում, եթե հասկանանք, որ այստեղ կա օրենսդրական կարգավորումների կարիք, ապա Ազգային ժողովը պատրաստ է դրան. ասել է  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը` իր նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպված  «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:

Քննարկմանը  մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարությունների, պատասխանատու կառույցների, հանքարդյունաբերության ոլորտի, համայնքների ներկայացուցիչներ:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանրապետության տարբեր համայնքներ կատարված այցերի ընթացքում բնակիչներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները  հատկապես մտահոգիչ են համարել վնասվող ճանապարհներն ու դրանց հետեւանքները, հանքարդյունաբերության ոլորտում առկա բացթողումները: Մասնավորապես,  Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներն ու  ՏԻՄ ներկայացուցիչները  մտահոգիչ են համարել ապօրինի հանքարդյունաբերությունը եւ գերծանրաբեռնված մեքենաների տեղաշարժը միջհամայնքային ճանապարհներով:

Քննարկման ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրել են հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բացերը,  ճանապարհների վնասման պատճառներն ու դրանք վերացնելու համար հնչեցրել մի շարք առաջարկներ: Ներկայացվել են վիճակագրական տվյալներ ապօրինի հանքարդյունաբերության, հարուցված քրեական վարույթների, սահմանված տուգանքների վերաբերյալ:

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ներկայացրած որոշ տվյալների համաձայն բեռնատարների  մոտ 90 տոկոսը ներքին փոխադրումներն իրականացնում է գերբեռնված: Նրա խոսքով արտաքին փոխադրումները մաքսային կետերում  հիմնականում  վերահսկվում են, ինչի արդյունքում գերբեռնված մեքենաներ հանրապետություն մուտք չեն գործում: Նշվել է, որ 2018 թվականից հետո ճանապարհաշինության ոլորտում հսկայածավալ ներդրումներ են իրականացվել, հիմնանորոգվել կամ նորոգվել է մոտ 2400 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով, որում ներառված չեն սուբվենցիոն ծրագրերը: Դրանց մեծամասնությունն առնչվում է հենց հանքեր տանող ճանապարհին: Գոռ Ավետիսյանը նշել է` անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ ճանապարհներ կան, որոնց մի մասն Արարատի եւ Արմավիրի մարզերում է: Ըստ նրա` խնդրի միակ լուծումն այն է, որ վերահսկողությունը պետք է իրականացվի արդյունահանողների կողմից, քանի որ գրեթե բոլոր արդյունահանողներն իրենց տարածքում ունեն կշեռքներ:  «Եթե կատարվեն օրենսդրական փոփոխություններ, ապա մի քանի զգուշացումից հետո կարելի է արդյունահանողին զրկել լիցենզիայից, եթե  գերբեռնված բեռը հենց հանքից է դուրս գալիս»,- առաջարկել է նա` նշելով, որ այս մոտեցումը կիրառելի կարող է լինել Արարատի եւ Արմավիրի մարզերում:

Քննարկմանը ներկա հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ընդունելի են համարել առաջարկվող մոտեցումները` պայմանով, որ դրանք պետք է տարածվեն ոլորտի բոլոր` հին եւ նոր  կազմակերպությունների վրա:

Քննարկման այլ մասնակիցներ էլ նշել են, որ ճանապարհները վնասում են նաեւ գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաեւ շինարարական աղբ տեղափոխող մեքենաները, որոնք նույնպես հանրապետությունում շրջում են գերծանրաբեռնված վիճակում:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը մի քանի տվյալ է ներկայացրել ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ: Ըստ այդմ` 2023 թվականին հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել է 75 նման դեպք, որոնցից 73-ի առնչությամբ  տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական վարույթներ:

Ճանապարհների գերբեռնվածության  հարցը կարգավորելու նպատակով Կարեն Հակոբյանը, մասնավորապես,  առաջարկել է պատասխանատվությունը թողնել հանքարդյունաբերողների վրա, քանի որ մեքենաները բեռնողները նրանք են: Քննարկման այլ մասնակիցներ էլ առաջարկել են վերացնել պատճառները, այլ ոչ թե հետեւանքները:

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ կառույցը  2023 թվականի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման 113 դեպք, որից 18-ը վերաբերում է գոյություն ունեցող թույլտվություններով տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերված  դեպքերին, իսկ մնացած 95-ն ընդհանրապես ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են:

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը նշել է, որ քննարկվող կարեւոր խնդիրները շուրջ երկու տարի է` հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, այդ կապակցությամբ իրականացվել են որոշ օրենսդրական աշխատանքներ: Առկա է օրենսդրական փաթեթ, որը դեռեւս մշակման փուլում է: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկել արված առաջարկները:

Ամփոփելով քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ խնդիրներին: Անհրաժեշտության դեպքում նոր քննարկում կհրավիրվի:
 


13.02.2024
Ժողովրդավարության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը` բրիտանացի խորհրդարանականներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալությ...

13.02.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթան...

13.02.2024
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան ժամանած Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ փետրվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամ...

13.02.2024
Հանձնաժողովը խորհրդարանական լսումներ անցկացնելու վերաբերյալ որոշում է ընդունել
Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվածների հիշատակը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգվել է ՏՏ ոլորտի հարկային արտոնություններ...

13.02.2024
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am