Դուք մեր վաղվա օրն եք, մեր ապագան. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ փետրվարի 14-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով ապագա դիվանագետներին՝ պատգամավորը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները, իր կողմից հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները:
Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական իրադարձությունների զարգացումներով, հետպատերազմյան խնդիրներով, գերիների վերադարձի գործընթացով, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերով:
Ռուստամ Բաքոյանը նշել է. «Մեր օրակարգի առաջնահերթություններից են երկրի անվտանգությունը, ինքնիշխանության պահպանումը»:
Պատգամավորը խոսել է նաեւ խաղաղության գործընթացի մասին՝ կարեւորելով տարածաշրջանում կայուն իրավիճակը:
Նա ուսանողներին տեղեկացրել է, որ բոլոր միջազգային հարթակներում ներկայացվում են գերիների շուտափույթ վերադարձի հարցը, Հայաստանի սուվերեն տարածքի պահպանման խնդիրը:
Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ եզդիական համայնքի պատգամավորը խոսել է նաեւ, թե ինչ խնդիրների հետ են բախվում ազգային փոքրամասնությունները: Ռուստամ Բաքոյանը կարեւորել է համայնքում եզդիերենի, ինքնության պահպանումը, Սինջարի դեպքերը որպես եզդիների ցեղասպանության ճանաչումը:
Պատասխանելով ուսանողի այն հարցին, թե Հայաստանն ինչ աջակցություն է ստացել ՀԱՊԿ-ից՝ պատգամավորը մանրամասնել է, որ ՀԱՊԿ-ը ռազմավարական կառույց է, որի անդամ է նաեւ Հայաստանը: Նրա խոսքով ՀԱՊԿ-ի անդամ երկրներն ունեն որոշակի պարտավորություններ միմյանց նկատմամբ, որը կառույցը չի կատարել:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Հայաստանում ժողովրդավարության բարձր ցուցանիշից:
Փետրվարի 5-ից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները մասնագիտական փորձաշրջան են անցնում խորհրդարանում: