ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովում կազմակերպվել էր «Երեւանը եւ կոռուպցիան» խորագրով աշխատանքային քննարկում:
Փետրվարի 12-ին կայացած քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության, Երեւանի ավագանու, ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքային պլանավորման մասնագետներ:
Թագուհի Թովմասյանը կարեւորել է քաղաքային իշխանության գործունեության ու կառավարման մանրամասներին հանրության իրազեկվածությունն ու այս համատեքստում նման աշխատանքային քննարկման կազմակերպումը:
Ներկայացվել են մի շարք դեպքեր, երբ քաղաքային իշխանությունը որոշակի գումար է հատկացրել Երեւանի տարբեր հատվածներում բարեկարգման, ասֆալտապատման կամ ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման համար, մինչդեռ, ըստ բանախոսների, դրանք կա'մ չեն կատարվել, կա'մ կատարվել են թերի ու ոչ պատշաճ: Կարեւորվել է իրավական գործընթացների կազմակերպումը եւ իրավասու մարմինների պատշաճ վերահսկողությունը:
Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել հակակոռուպցիոն քաղաքականության պատշաճ իրականացմանը, ենթադրյալ կոռուպցիայի ամենատարբեր դրսեւորումներին:
Այս համատեքստում քննարկման մասնակիցները խոսել են օրենսդրական բացթողումների, ՏԻՄ համակարգում կոռուպցիոն երեւույթներն արմատախիլ անելու քայլերի կարեւորության, համակարգում կադրային քաղաքականության վերանայման, Երեւան քաղաքի բյուջեի պլանավորման մեթոդաբանության մասին: Կարծիք է հնչել, որ պետք է ուժեղացնել հանրային վերահսկողությունը եւ մասնակցային բյուջետավորումը: Քաղաքի խնդիրների լուծման համատեքստում կարեւորվել է Երեւանի ավագանու ընդդիմադիր եւ իշխանամետ ուժերի համագործակցված աշխատանքը:
Հանդիպման ավարտին Թագուհի Թովմասյանը խոստացել է, որ առաջիկայում նման քննարկումներ կրկին կկազմակերպվեն: